Իմ ընկեր Նունեն ամուսնացավ, Ամերիկա գնաց։ Մի դասարանից էինք` «Քվանտում» էինք սովորում։ Նույն նստարանին էինք նստում, սիրուն հայերեն խոսում, կարդացած գրքերը պատմում իրար, բառախաղերով սարկաստիկ հումորներ անում, միասին բանաստեղծություններ գրում՝ մի քառատունը՝ ես, մյուսը՝ ինքը։ Ընկեր Կիրակոսյանը՝ մեր հայերենի ուսուցիչը, մի անգամ կարդաց, իրեն բնորոշ ժպիտով հասկացրեց, որ լավ ենք գրել, փոխանցեց «Քվանտ» թերթի խմբագրին, որ հրապարակեն։ Տպագրեցին։ Մենք էլ ուրախացանք։ Բարի, լիրիկական բանաստեղծություն էր ծովի ու սիրո մասին։ Հետո մոռացանք էդ բանաստեղծության մասին ու հիշեցինք, երբ արդեն ամուսնացել, երեխաներ էինք ունեցել։
Դասարանցիներով հավաքվել, դպրոցի խելառ օրերն էինք հիշում ու քրքջում սրճարանում, երբ մտքիս մեր համատեղ մանկապատանեկան ստեղծագործության առաջին քառատունը եկավ.
«Փրփրում էր նազուն ծովը
Թեթեւ սյուքից ամառվա,
Ալյակները շոյում էին
Շիկնած ափերը նրա»։
Միասին վերարտադրեցինք այն, ինչ գրել էինք 20 տարի առաջ։ Ուրախացանք, տխրեցինք, ծիծաղեցինք, լացեցինք, հետո սկսեցինք պատմել՝ ով ուր է հասել, ինչ է անում, ինչ ունի ու ինչ է կորցրել։ Այդ օրն իմացանք, որ Նունեն ամուսնանում է։
Նունեի պապան դպրոցի տնօրեն էր, գիտեինք, որ հայրենասեր ընտանիք ունի, ոսկեղենիկ, մեծ բառամթերքով հայերենն էլ հենց նրանից է ժառանգել։ Այդ օրն իմացանք նաեւ, որ Նունեն ամուսնանում է ամերիկացի տղայի հետ, անունը՝ Ադամ։ Նունեն երեւի ենթադրում էր, որ պիտի զարմանանք ու, առաջ ընկնելով, ինքը մեզ հանկարծակիի բերեց. Ադամը խոսում էր հայերեն, գիտեր Մարտունու բարբառը, երգում էր «Գետաշենը» ու մկրտվել էր հայ առաքելական եկեղեցում։ Ադամը չէր ուզում Հայաստանից հեռանալ. Նունեն ասում էր՝ նոր, տաքու՛կ հայրենիք է գտել։
«Նու՛ն, ի՜նչ նման ա մեզ Ադամը, ոնց որ հայ լինի»՝ դասարանով եզրակացրինք։ Նունեն ժպտաց։ Մի ամիս անց Նունեն ու Ադամը ամուսնացան, պսակադրվեցին հայկական եկեղեցում ու գնացին։ Հաջորդ տարի՝ ամռանը Նունեն եկավ։ Էլի սրճարանը ողողեցինք մեր՝ ժամանակը հետ պտտող ծիծաղով։ Նունեն պատմեց, որ ուրախ է Ադամի հետ, ուրախ՝ բառի ամենաուղիղ իմաստով։ Ասում էր՝ «գիտե՞ք, երեխեք, Ադամի մեջ մի ուրիշ տեսակ թեթեւություն կա, որը ես չունեմ, Ադամն ունի պատմական թեթեւություն, որը ես չունեմ, ես միշտ կարողանում եմ առանց պատճառի էլ տխրել, Ադամը՝ չէ. իմ մեջ, կարծես, գենետիկ տխրություն կա»։
Բոլորս, մեր մեջ գտնելով Նունեի բացատրած գենետիկ տխրությունը, մի քանի վայրկյան լռեցինք ու շարունակեցինք բլբլալ տարբեր թեմաներով, իրար խեղդել երկու տասնամյակ կուտակած հարցերով ու մեր դասարանային անբռնազբոս, իրար «ոչնչացնող» կատակներով։
Նունեն հիմա էլ է բանաստեղծություններ գրում՝ իր նման խորը, իր նման զգացմունքային։ Նվագում է, երգեր էլ է գրում։ Նունեին մի օր կանչել էին հաղորդման հյուր. մտերմիկ զրույց էր։ Երբ նրան հարցրին՝ ո՞րն է քեզ համար պատմական ամենածանր իրադարձությունը, ասաց՝ Հայոց ցեղասպանությունը։ Նունեն Ադամի մասին պատմելիս հենց ա՛յդ գենետիկ տխրության մասին էր խոսում։
Հաջորդ ամառ Նունեն Հայաստան եկավ Անդրանիկի հետ։ Անդրանիկը Նունեի ու Ադամի որդին է։ Ադամն էր որոշել, որ տղայի անունը պիտի Անդրանիկ լինի։ Նունեն շատ տխուր գնաց Հայաստանից, չկշտացած, աչքերը՝ Երեւանի արեւոտ փողոցներին։
Ապրիլի 24-ին Նունեն ֆեյսբուքում ոչ թե իր, այլ Ադամի հայկական խոհերով էր կիսվել. «Ցեղասպանության համար ամեն ցավող մարդ չէ, որ հայ է, «յան» ազգանունով ամեն մարդ չէ, որ հայ է։ Հայերեն գիտե՞ս։ Հայաստանում եղե՞լ ես։ Եթե չէ՝ էլ ի՞նչ հայ։ Հայ լինելուն պետք է արժանանալ, հայ լինելը պետք է վաստակել»։
Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: