Ալկոգելով մաքրեք նաեւ ձեր աչքերը - Mediamax.am

Ալկոգելով մաքրեք նաեւ ձեր աչքերը
5978 դիտում

Ալկոգելով մաքրեք նաեւ ձեր աչքերը


Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը որոշակի սահմանափակումներ է նախատեսում մեդիայի աշխատանքի համար, ինչը հաճելի չէ, բայց անխուսափելի է: Կարծում եմ, որ մեդիայի յուրաքանչյուր սպառողի համար պետության սահմանած արտակարգ դրությունը լավ առիթ է սեփական մեդիա-սպառումը կարգավորելու կամ վերանայելու համար: 

 

Վերջին տարիներին տարբեր առիթներով սյունակներ եմ գրել մեդիագրագիտության խնդիրների մասին, որոնք կարող եք կարդալ այս հղումներով՝

 

Մենք «լրատվական» չենք

 

Մեդիագրագիտությունը, «տուզիկն» ու «կյաժ աղվեսը»

 

Որդնած խնձոր չուտելու եւ լսարանը ճանաչելու մասին

 

Թեեւ դժվար է նոր բան ասելը, բայց փորձեմ առաջիկա օրերի համար մի քանի պարզ խորհուրդ տալ:

 

1. Մի կարդացեք այն ամենը, ինչ հանդիպում եք «Ֆեյսբուքի» լրահոսում:

 

2. Փորձեք հասկանալ, որ «կարդացել եմ Ֆեյսբուքում» արտահայտությունը սխալ է: Ֆեյսբուքը բովանդակություն չի ստեղծում, այն հարթակ է, որից օգտվում են բոլորը, այդ թվում՝ մեդիան: Ցավոք, դրանց մեջ շատ են այնպիսի կայքեր կամ մարդիկ, որոնք օգտվում են ձեր՝ «կարդացել եմ Ֆեյսբուքում» մոտեցումից: Փորձեք սթափ նայել այն աղբյուրներին, որոնք հայտնվում են «Ֆեյսբուքի» ձեր լրահոսում եւ ազատվեք (unfollow) բոլոր նրանցից, որոնք կասկածելի են թվում:

 

3. Եթե գոնե մեկ անգամ որեւէ կայքում կարդացել եք ինչ-որ բան եւ հետո համոզվել, որ այդ տեղեկությունը կեղծ կամ անորակ է եղել, այդ կայքին երկրորդ շանս մի տվեք, այլեւս երբեք մի այցելեք այն: Հենց նման երկրորդ-երրորդ-տասներորդ «շանսերի» շնորհիվ է մեդիա-տարածքը շարունակում ողողված մնալ կեղծ եւ անորակ «լրատվությամբ»:

 

4. Կազմեք այն մեդիաների ցանկը, որոնց վստահում եք քիչ թե շատ: Իրականում դա դժվար չէ: Հաստատ ունեք նախընտրելի խանութներ կամ ռեստորաններ, որոնք սովորաբար այցելում եք: Մի այդպիսի ցանկ էլ մեդիայի համար ունեցեք:

 

5. Օրական մի քանի անգամ ձեր ձեռքերը շփում եք ալկոգելով ու դժվար թե նոր մաքրված ձեռքերով դիպչեք որեւէ հոտած բանի: Պայմանական ալկոգելով շփեք նաեւ ձեր աչքերն ու նոր հայացքով նայեք այն «աղբյուրներին», որոնք ձեզ մատուցում են անորակ, թյուրիմացության մեջ գցող կամ ակնհայտ կեղծ լրատվություն:

 

6. Հրդեհի, ջրհեղեղի, համաճարակի պայմաններում պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները ձեր կյանքը փրկելու համար: Բայց պետությունը անզոր է, եթե դուք չեք ցանկանում փրկվել: Նույնը անորակ եւ կեղծ լրատվության դեպքում է. եթե դուք շարունակում եք սպառել այն, ուրեմն, փաստացի չեք ցանկանում վերջ տալ դրան: Այդ պարագայում պետությունը կարող է իրեն տոտալ վերահսկողության իրավունք վերապահել, ինչի անուղղակի պատասխանատուներից մեկը դուք եք լինելու:

 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին