Երեկոյան պապան տուն եկավ մի «պալոչկա» երշիկով… - Mediamax.am

Երեկոյան պապան տուն եկավ մի «պալոչկա» երշիկով…
4635 դիտում

Երեկոյան պապան տուն եկավ մի «պալոչկա» երշիկով…


Այսօր կլիներ երրորդ օրը, որ հեռախոսը կզնգար, ու ես չէի մտնի խանութ։ Խանութը մեր շենքի առաջին հարկում է, բայց օրվա ավարտին մեկ ավել գործողությունն անգամ աչքիդ այնքան մեծ է երեւում, որ հետաձգում ես մինչեւ վաղը, հետո՝ հաջորդ օրը, ապա՝ մյուս օրը։ Այսօր հետաձգման վերջին օրն էր։ 

 

Խանութի դուռը բացեցի ու առաջին իսկ ցուցափեղկից երկու տեսակի «Юбилейная» թխվածքաբլիթ վերցրի՝ մեկը շոկոլադապատ, մյուսը՝ ոչ։ Մտածեցի՝ շոկոլադովը Գեւին կտամ, առանց շոկոլադինը՝ Վահանին։ Հեռախոսը ականջիս՝ հասա տուն։ Ասացի՝ խոսեմ, ավարտեմ, դուռը թակեմ։ Բայց ոտնաձայներս մատնել էին՝ մաման տուն է հասել։ Հարայ-հուրույով դուռը բացվեց, ու հավատարիմ շունիկների պես տղաներս փաթաթվեցին ոտքերիս։ Մեկական պաչիկ տալով՝ խնդրեցի, որ իջնեն վրայիցս, որպեսզի վերարկուս հանեմ, լվացվեմ, հագուստս փոխեմ, մի պատառ բան ուտեմ, լոգանք ընդունեմ, վերջապես շունչ քաշեմ ու իրենցով զբաղվեմ։ 

 

Մինչեւ կհասնեի շունչ քաշելուն, եկավ նրանց քնելու ժամը։ Սեղանին մնաց երկու դատարկ տուփ՝ մեկը շոկոլադապատ թխվածքաբլիթի, մյուսը՝ առանց շոկոլադի։ 

 

…Երբ մաման տուն էր մտնում, ես ու քույրս առաջինը ձեռքին էինք նայում։ Գիտեինք՝ մաման մի համով բան մեզ համար հաստատ բերել է։ Մի օր՝ կոնֆետ, հաջորդ օրը՝ թխվածք, երրորդ օրը՝ վաֆլի, չորրորդ օրը՝ պեչենի, հինգերորդ օրը՝ ծամոն։ Ուրբաթ օրերին մաման մեզ երես էր տալիս ծամոնով՝ ամեն անգամ մի համի՝ անանուխի, սուրճի կամ սեխի։ Ես ամենից շատ սիրում էի մոմպաս կոնֆետներն ու սուրճի ծամոնը։ Մոմպասի տարան օրվա մեջ հազար անգամ բացում, բայց մի հատիկ էի ուտում միայն, որ շուտ չվերջանա։ Քույրս թխվածքն ու վաֆլին էր սիրում։ Մենք չգիտեինք ու չէինք էլ ենթադրում, որ մաման ոչ թե խանութից էր գնում, այլ իր բաժին քաղցրավենիքը աշխատավայրից տուն էր բերում մեզ համար։ Դե՜, գործի տեղը սուրճի սեղան էին գցում, ամեն մեկը մի համով բան էր տանում, բաժանում, ուտում էին։ Մաման սովորաբար իր բաժինը չէր ուտում։ Ասում էր՝ սոված չեմ, կշտացա կամ նոր եմ կերել, ու իր բաժինը ֆոլգայի մեջ փաթաթում, դնում էր պայուսակը, որ ժամը հինգը խփելուն պես վազի, մեզ վերցնի մանկապարտեզից, տուն հասնի, մեզ կերակրի, հաջորդ օրվա ճաշը սարքի, ձեռքով լվացք, հետո՝ արդուկ անի, մեզ լողացնի, քնեցնի, պապային դիմավորի, սեղան գցի, ամանները լվանա, հաջորդ օրվա շորերը կախի աթոռների հենակներից։

 

Մանկապարտեզում ամենավերջում ես ու քույրս էինք մնում։ Խռովում էինք մամայից, թե բոլորի մամաներն եկան, իսկ դու՝ չէ։ Երբեմն, որ առավոտյան շատ էի նվնվում, թե չեմ ուզում մանկապարտեզ գնալ, չեմ սիրում ընկեր Գրետային, մաման ինձ իր հետ գործի տեղ էր տանում։ Նստում էի մի անկյունում ու հետեւում՝ ոնց են փայտե հաշվիչները շըխկշըխկում, սուրճը՝ եռում ու թափվում էլեկտրական սալիկներին, կոնֆետների թղթերը՝ ճռճռում, թքոտած ցուցամատով մատյանները՝ թերթվում, շյուղերը՝ գուլպա ու ժիլետ գործում։ Մամայի գործընկերուհին՝ Հրածին ծյոծյան, ինձ խաղալիք ծաղրածու էր նվիրել։ Հենց կրկնվող տեսարանից հոգնում էի, դրանով էի խաղում։ 

 

Պատերազմն ուր որ է պիտի սկսվեր, երբ ես ընդունվեցի դպրոց։ Մաման որոշեց գործից դուրս գալ, որ հասցնի ինձ տանել դպրոց, քրոջս՝ մանկապարտեզ, հետո ինձ՝ պարի, քրոջս՝ լողի, ապա՝ նկարչության ու գոբելենագործության։ 

 

Մի օր մաման եկավ մեզ հարեւանի տանից վերցնելու. գնացել էինք խաղալու։ Պատերազմն արդեն սկսվել էր, տներում ցուրտ էր, սառնարանները՝ դատարկ, փողոցները՝ անլույս։ Արդեն հագնվել, դուրս էինք գալիս, երբ հարեւանի աղջիկը մորից հաց ու երշիկ ուզեց։ Քույրս սկսեց չեմուչում անել, թե չի ուզում տուն գալ։ Ես էլ ոտքս կախ գցեցի։ Մաման նորից կանչեց, թե արա՛գ եկեք, տուն պիտի գնանք։ Մենք համառեցինք, թե չենք ուզում գալ։ Ի վերջո, մաման համոզելով մեզ դուրս բերեց։ Ճանապարհին նկատեցի, որ մաման աչքերն է սրբում։ Երբ տուն հասանք, հեռախոսի լարը դռան տակով անցկացնելով՝ փակվեց իր ննջարանում։ Երեկոյան պապան տուն եկավ մի «պալոչկա» երշիկով…

 

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Մեզ մենակ մի՛ թողեք»
Մեր ընտրանին