Արագ ընթերցանության գաղտնիքները - Mediamax.am

Արագ ընթերցանության գաղտնիքները
8429 դիտում

Արագ ընթերցանության գաղտնիքները


Քաջ գիտակցում եմ, որ ձեզանից շատերը, տեսնելով այս 2,5 էջանոց սյունակս, կորոշեն, որ այն հետո կկարդան, բայց այլեւս երբեք չեն վերադառնա։ 

 

Տեղեկատվական այսօրվա հոսքերի մեջ մեկ օր առաջ հրապարակվածը արդեն ընկալվում է որպես հնացած։ Սակայն այս սյունակը կարդացեք, քանի որ այն դրա շնորհիվ միգուցե կկարողանաք ապագայում ցանկացած նյութ շատ ավելի արագ ընթերցել։

 

Մեր ընթերցանության արագությանը հիմնականում սահմանափակվում է երեք գործոնով։ Առաջինը մեր ընկալման արագությունն է, որը շատ հաճախ կախված է տեքստի բարդությունից։ Այդ խնդրին կանդրադառնանք վերջում։ Սակայն մեր ընթերցած տեքստերի զգալի մասը ընկալման տեսակետից բարդ չեն, բայց՝ ծավալուն: Այստեղ գալիս են մնացած երկու գործոնները։ Առաջինը՝ մեր բանավոր խոսքի արագությունն է։ Անգամ եթե մենք լուռ ենք ընթերցում, մեր ձայնալարերը շարունակում են աշխատել եւ անլսելի կերպով արտաբերել կարդացածը։ Դա մանկուց եկած սովորություն է, քանի որ հենց այդպես ենք սովորել կարդալ։ Երրորդ գործոնն էլ տողի երկայնքով մեր հայացքի շարժման արագությունն է։ 

 

Ուրեմն, եթե ցանկանում ենք ավելի արագ ընթերցել, պետք է հաղթահարենք այս երեք գործոնները։ Դրա համար կարելի է կիրառել որոշ հնարքներ, կատարել վարժություններ եւ գործադրել ընթերցելու տարբեր մարտավարություններ՝ ելնելով ձեր նպատակից։ Քանի որ քննարկման առարկան շատ լայն է, իսկ բոլոր միջոցներին մեկ սյունակում անդրադառնալ հնարավոր չէ, կխոսենք միայն մի քանիսի մասին։

 

Սկսենք խոսքի արագությունից։ Կա մի պարզ վարժություն, որի միջոցով կարելի է խզել ընթերցելու եւ արտասանելու միջեւ կապը եւ դրանով ազատել ընթերցանությունը բանավոր խոսքի արագության սահմանափակումից։ Վերցնում եք մի պարզ արտահայտություն, բաղկացած մի քանի բառից, կարելի է՝ օտար լեզվով։ Օրինակ՝ «ես պարում եմ»։ Ընտրում եք ոչ շատ բարդ տեքստ, եւ ընթերցելուց առաջ սկսում եք բարձրաձայն կրկնել ձեր ընտրած արտահայտությունը։ Մոտ 10 կրկնությունից հետո, երբ արդեն կվարժվեք առանց կենտրոնանալու այդ արտահայտությունը արտաբերելուն, զուգահեռ փորձում եք մտքում կարդալ տեքստը, բայց չեք դադարում կրկնել այդ նույն արտահայտությունը։ Սկզբում այս վարժությունը շատ դժվար կթվա, սակայն եթե ամեն օր դրան տրամադրեք 10–15 րոպե, մեկ շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց կունենաք։ Համոզվելու համար չափեք ձեռ ընթերցելու արագությունը սկզբում (այն, հավանաբար, կկազմի մոտ 100–150 բառ րոպեում) եւ մեկ շաբաթ հետո։ Շատ հավանական է, որ ձեր ընթերցելու արագությունը գրեթե կկրկնապատկվի։ Սակայն, որպեսզի այդ ձեռքբերումը ամրապնդվի, դեռ որոշ ժամանակ պետք է աշխատեք, որպեսզի չվերադառնաք նախկինի սովորությանը։ Հնարավոր է, որ ստիպված լինեք ժամանակ առ ժամանակ կրկնել այս նույն վարժությունը հմտությունը վերականգնելու համար։

 

Հիմա անցնենք հայացքին։ Մանկության տարիներին մենք վարժվում ենք կարդալ բառ առ բառ, եւ կենտրոնանում ենք տառերի վրա միայն այն դեպքում, երբ բառն անհասկանալի, անսովոր կամ անակնկալ է։ Արդյունքում, ընթերցելիս մեր հայացքը թռչկոտում է բառից բառ։ Սակայն մենք կարող ենք սովորել ավելի արագ ընթերցել, եթե վարժեցնենք մեզ մեկ հայացքով ընկալել մի քանի բառ, քանի որ այդ դեպքում  կկարողանանք տողի վրայով շատ ավելի արագ անցնել։ Դրա համար անհրաժեշտ է ընդլայնել տեսադաշտը։ Կան տեսադաշտը ընդլայնող բազմաթիվ վարժություններ, ես կպատմեմ ամենապարզի մասին։ Մտովի բաժանեք տողը երկու կամ երեք սյունակի, անգամ կարող եք մատիտով տեքստի վրա տողերը հավասար մասերի բաժանող մեկ կամ երկու ուղղահայաց գիծ նկարել։ Այժմ փորձեք ընթերցել տեքստը, ամեն տողում նայելով միայն այդ «սյունակների» կենտրոնների վրա։ Սկզբում դա դժվար կթվա, սակայն այս վարժությունը հետեւողականորեն կրկնելով, շատ արագ կվարժվեք եւ այլեւս չեք կարողանա վերադառնալ նախկինին։ Արագ ընթերցանության վարպետները կարողանում են ոչ միայն մի քանի բառ, այլ միանգամից մի քանի տող տեսնել մեկ հայացքով։ Եթե սյունակը նեղ է, կարելի է ուղղակի կենտրոնի վրա նայելով եւ հորիզոնական ուղղությամբ հայացքը չշարժելով՝ տող առ տող ընթերցելով իջնել ներքեւ։ Այս վարժության գաղտնիքներից մեկը հայացքի չափազանց կենտրոնացումից ձերբազատվելն է։ 

 

Այժմ անցնենք բովանդակության ընկալման արագությանը։ Կան դեպքեր, երբ տեքստը մեզ դրդում է մտածել կամ վերլուծել։ Այդ դեպքերը չդիտարկենք, քանի որ դա արդեն սոսկ ընթերցանություն չէ՝ ձեր առաջխաղացման արագությունը այդ դեպքում կախված է չափազանց շատ գործոններից, ներառյալ ձեր գիտելիքները, վերլուծական հմտությունները եւ հատկացված ժամանակը։ Փոխարենը խոսենք բառերի եւ դրանց միջեւ կապերի ընկալման հետ կապված խնդիրների, նաեւ ընթերցածը հիշելու եւ վերարտադրելու մասին։ Այստեղ մի քանի սկզբունքներ կան։

 

Առաջինը՝ միշտ պետք է որոշել, թե որքան ժամանակ եք հիշելու ընթերցածը։ Դա շատ կարեւոր է, քանի որ ծրագրավորում է ուղեղի աշխատանքը։ Որքան ավելի երկար է ձեր ժամանակի ընտրությունը, այնքան ավելի դանդաղ է լինելու գործընթացը, քանի որ ուղեղը փորձելու է պարտաճանաչորեն վերարտադրել ընթերցածը մի քանի անգամ՝ լավ հիշելու համար։ Իսկ եթե ուղեղը ընդհանրապես չունի որեւէ ուղղորդում այս իմաստով, ապա ինչ-որ պահից հետո ուղղակի կարող է դադարել փորձել ինչ-որ բան հիշել։

 

Երկրորդը՝ պետք է վարժեցնեք ձեզ ենթագիտակցորեն չնկատել երկրորդական բառերը, որոնք իմաստ չեն փոխանցում եւ առկա են միայն ելնելով կապակցված խոսքի պահանջներից, կամ էլ գրածը ավելի «համոզիչ» դարձնելու, երանգներ փոխանցելու նպատակով։ Եթե հայացքը միայն «կառչի» բայերից եւ գոյականներից, ապա ոչ միայն ընթերցանությունը, այլեւ ընկալումը շատ կհեշտանան։

 

Երրորդը՝ ընթերցեք ամեն պարբերության առաջին եւ վերջին նախադասությունները։ Շատ հաճախ դա բավարար է։ Պարբերության ներքին նախադասությունները սովորաբար փաստարկումն են, որտեղ հեղինակը բերում է հիմնական մտքի հիմնավորումներ, ինչ-որ բացատրություններ եւ այլն։ Եթե ձեր նպատակը հեղինակի ասածը հասկանալն է, կարիք չկա դրանք կարդալ։ Եթե համաձայն չեք հեղինակի հետ, կամ ձեզ հետաքրքրեց միտքը, կամ էլ պարզապես հաճույք եք ստանում այդ հեղինակի մտքին հետեւելիս, անդրադարձեք պարբերության բովանդակությանը։

 

Եվ վերջինը՝ մտովի կարճ ամփոփեք ձեր սեփական խոսքերով ամեն պարբերություն՝ ընթերցելուց անմիջապես հետո։ Դա հնարավորություն է տալիս հետեւել մտքի ընթացքին, չշեղվել, ավելի հեշտ ընկալել զարգացումները եւ շատ ավելի լավ հիշել ընթերցվածը։ 

 

Եթե հետեւեք այս պարզ խորհուրդներին եւ մի փոքր զարգացնեք ձեր հմտությունները վարժությունների միջոցով, շատ ավելի արդյունավետ ընթերցող կդառնաք եւ ավելի հաճախ կհասնեք սյունակներիս վերջին տողին։ Շնորհակալ եմ, որ այս անգամ էլ հասաք։

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին