Մեր կյանքի բաց թողած ժամերն ու չկարդացած գրքերը - Mediamax.am

Մեր կյանքի բաց թողած ժամերն ու չկարդացած գրքերը
1835 դիտում

Մեր կյանքի բաց թողած ժամերն ու չկարդացած գրքերը


«Բա ո՞նց ես հասցնում էդքան գիրք կարդալ» 

 

Եթե «տարվա գլխավոր հարց» անվանակարգ ընտրելիս լինեի՝ հենց վերոնշյալը կլիներ։ Հատկապես նոյեմբեր-դեկտեմբերին ինձ բարեւելուց հետո հաջորդ տրամաբանական հարցն էր, որ լսում էի ընկերներից, ծանոթներից, անգամ՝ անծանոթներից։ Տարվա վերջին օրերին շնչակտուր էի կարդում, պետք էր հասցնել, չէի կարող պարտվել ինքս ինձ, չէի կարող համակերպվել, որ վերջին պահին ծուլացել եմ։ Թեեւ արդեն անդառնալիորեն ծուլացել էի տարվա ընթացքում։ Բարկացած էի իմ վրա, ու պատիժը շաբաթը 2-3 գրքով «մարաթոնային վազքն» էր, որ երբեմն ուղեկցվում էր նաեւ ֆիզիկական ցավով։

 

2019-ին կարդալ 50 գիրք՝ Goodreads հարթակում անցած տարեսկզբին սահմանեցի մարտահրավերն ու որոշեցի, թե ամեն ամիս քանի ու ինչ գրքեր եմ կարդալու։ Շատ չէ, գլուխ գովելու բան էլ չէ։ Մինչեւ գարուն սահմանված օրացույցով էի շարժվում, հետո սկսեցի քիչ-քիչ մոռանալ, ոչ թե կարդալը (այդպիսի օր չեմ հիշում, որ առանց ընթերցելու եմ քնել, եթե եղել է՝ քիչ ու հարգելի պատճառով), այլ սկսեցի մոռանալ խոստումս ու կարգապահությունս, որ սահմանել էի ինքս իմ նկատմամբ։ Դե լավ, կհասցնեմ, մյուս ամիս ավելի ուշադիր կլինեմ, դե հիմա զբաղված էի, ինչ կարող էի անել, ամբողջ տարին դիմացս է… նման դեպքերում արդարացումների պակաս, իհարկե, չենք ունենում, չէ՞։ 

 

Ժամանակը ոչ մի տեղ էլ չի վազում, մենք տեղից չենք շարժվում

 

Իհարկե, հասցրել եմ ավարտել մարտահրավերս։ Իհարկե, չեմ համարում, որ «հերոսություն» եմ արել։ Իրականում ես պարտվել եմ ինքս ինձ։ Պարտվել եմ նրանում, որ թույլ եմ տվել ինձ մտածել, թե ժամանակն է չափից դուրս արագ սլանում։ 2019-ին երկու աշխատանք եմ փոխել, մեկ մասշտաբային  նախագիծ եմ իրականացրել։ Իրադարձություններով ու աննորմալ տեմպով գերհագեցած տարի էր 2019-ը՝ կարեւոր ձեռքբերումներով, ցավոտ կորուստներով, օգտակար դասերով։ 

 

Ու, եթե «տարվա գլխավոր դաս» անվանակարգ ընտրելիս լինեի, կլիներ այն պարզ ճշմարտությունը, որ ժամանակը չի կարող մեզնից առաջ ընկնել, որ այն ոչ մի տեղ էլ չի վազում, այդ մենք տեղից չենք շարժվում, մենք չենք բռնում ժամանակի ձեռքն ու ինքներս տալիս ընթացքը՝ լինի կանոնավոր քայլքով, զբոսանքով, ճեմելով, վազքով, թե սլացքով։ 

 

Մոդայիկ բառ կա, գրասենյակային առօրյայում են հատկապես սիրում օգտագործել, վերջնաժամկետ, նույն ինքը՝ «դեդլայն»։ Զգացե՞լ եք՝ ինչպես ենք մեր կյանքը տեղավորել «դեդլայնից դեդլայն» կոկիկ, հարմարավետ տարածքում, ու կողքից շվարած նայում ենք, թե այս ուր են հոսում Սարոյանի ասած՝  մեր կյանքի ժամերը։ Իսկ, երբ փորձենք տեր կանգնել մեր ամեն ժամին, րոպեին, վայրկյանին, կզգանք, ինչպես է ժամանակը տեղավորվում մեր ափերում։ Կարող ենք ցանկացած ձեւ ու բովանդակություն տալ։ Կարող ենք, եթե իսկապես ցանկանանք, եթե իսկապես համարձակվենք։ Եվ խոսքը «դեդլայններից» հրաժարվելու մասին չէ։ Ինչպե՞ս է հնարավոր ուրիշի՝ մեզ վրա սահմանած «դեդլայնի» մեջ տեղավորվել ու մեր դրած վերջնաժամկետին չհասնել՝ մտածելով, դե լավ, ո՞վ է իմանալու... Դո՛ւ ես իմանալու:  Բավարար չէ՞։   

 

Ես չուշանալու ու «դեդլյաների» բզիկ ունեմ, երեւի լրագրողական տարիների հետեւանքն է։ Այս գրքային «չելենջով» հասկացա, որ այդ հատկանիշս ավելի շատ դրսի համար եմ կիրառում, քան ներս եմ ուղղորդում։ Հասկացա, որ ինքս ինձ տված ամեն չպահված խոստում, պահանջ վերադառնում է ինձ շատ ցավոտ ձեւով, այն է՝  մատներիս արանքից աննկատ սահած ժամանակն է։

 

Լայֆհաքերը գցեք աղբամանը

 

Ժամանակի կառավարման հմտություն զարգացնելու, ընթերցանության «ռեժիմ» ձեւավորվելու եւ նմանատիպ շատ «լայֆհաքեր» կգտնեք համացանցում։ Կրկին նորաձեւ զբաղմունք է։ Կարդացեք ու դեն նետեք դրանք։ Ձեւավորեք սեփական լայֆհաքեր՝ հիմնված ձեր կենսափորձի վրա։ Դուք ինքներդ ավելի լավ գիտեք՝ գիշերն է հարմար կարդալ, առավոտյան՝ տրանսպորտի մեջ, ընդմիջմանը, թե ամեն ազատ պահի, էլեկտրոնայի՞ն, թե տպագիր, արագ, թե դանդաղ։ 

 

Այս սյունակն էլ օգտակար խորհուրդներ տալու համար չէ, պարզապես  պատասխանում եմ տարվա գլխավոր հարցին։ 

 

Կազմեք գրքացանկ, բայց ոչ դոգմատիկ։ Կարող է մի հետաքրքիր գիրք ընթացքում հայտնաբերեք, մի պահեք այն հետոյի համար, հերթից առաջ գցեք, քանի չի մարել հետաքրքրությունը։ Շատ հավանական է՝ երբ հետագայում այն կարդաք, պակաս գրավիչ թվա։

 

Կարդացեք ժանրային տարբեր գրքեր։ Օրինակ, ես Օրտեգա-ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայությունը» համադրել էի ժամանակակից դետեկտիվի աստղերից Թանա Ֆրենչի «Գաղտնի վայրի» հետ։ Այդպես ծայրահեղ տարբեր բովանդակությամբ եւ նշանակությամբ գրքերը բարձր են պահում ընթերցանության տոնուսը, չեն թողնում ձանձրանալ, միտքդ էլ վարժվում է վերլուծականի ու սուր զգացողությունների համադրմանը։  

 

Սահմանեք ընթերցելու ժամ եւ քանակ։ Ես տարին սկսել էի օրական 50-100 էջով, դեկտեմբերին հանգիստ առանց լարվելու շաբաթական 2 գիրք էի ավարտում։ Կարեւորը չափաբաժինը պահելն է, ընթացքում կզգաք կարդացած էջերի քանակն ավելացել է ու դուք չեք էլ նկատել, չեք լարվել դա անելու համար։

 

Մի արդարացեք, թե շատ զբաղված եք եւ օրվա ընթացքում ժամանակ չեք գտնում կարդալու համար։ Փնտրեք ու կգտնեք այդ ժամանակը։ Կարդալը օգնում է լիցքաթափել օրվա ընթացքում կուտակված սթրեսը, ես սա իմ օրինակով եմ պնդում։ Մի քանի հայտնի ճշմարտություններ էլ ասեմ՝ կարդալը նաեւ նպաստում է աշխատունակությանը, միտքն ավելի ճկուն է դառնում, հիշողությունը լավանում է, խնդիրների լուծման բանալիները ավելի հեշտ են գտնվում, վերջապես՝ ամեն գրքով մի փոքր ուրիշ ես դառնում։ Չեմ ասում լավը, որովհետեւ ինձ համար լավ ու վատ մարդիկ չկան, բոլոր մարդիկ հավասարապես եւ՛ լավն են, եւ՛ վատն են՝ անկախ կարդացած գրքերի քանակից։    

 

Կարծես, այնուամենայնիվ, լայֆհաք ստացվեց։ Կարող եք սա էլ նետել աղբամանը՝ հուսով եմ, կարդալուց հետո։ Ինձ միշտ թվացել է, որ մեր կյանքի բաց թողած ժամերն ու չկարդացած գրքերը բումերանգի պես հետ են գալիս։ Ես չե՛մ ուզում այդպես լինի։ 2019-ին գտնված ժամերս ու կարդացած գրքերս՝ այստեղ։

 

Անի Հակոբյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին