Մոլորված մտքի ծուղակները - Mediamax.am

Մոլորված մտքի ծուղակները
3053 դիտում

Մոլորված մտքի ծուղակները


Շատերդ, երեւի, հիշում եք «Միմինո» ֆիլմի այն դրվագը, երբ Ռուբիկը կորցնում է իր բեռնատարը, իսկ Վալիկոն գտնում է այն հարակից բակում: Մեզ համար այն զավեշտալի է, սակայն եթե մի փոքր ավելի խորը նայենք, նման սխալներ մենք գիտակցաբար կամ անգիտակցաբար կատարում ենք բազմաթիվ անգամներ, գրեթե ամեն օր:

Մենք էլ, ունենալով ինչ-որ տեղի նկարագրություն, շեղվում ենք եւ սխալ ճանապարհով ենք գնում։ Բժիշկները նույն պատճառով սխալ ախտորոշումներ են անում։ Անգամ օդաչուները երբեմն սխալ օդանավակայանում են վայրէջք կատարում։

Մեր ուղեղի այն հատկանիշը, որն ընկած է այդ առեղծվածների հիմքում, կոչվում է «հաստատման կողմնակալություն» (անգլերեն՝ confirmation bias)։ Այն քննադատական մտածողության հիմնական թշնամիներից մեկն է եւ մեզ տարբեր ծուղակներ տանող հիմնական արահետը։

Այդ սխալմունքի ընթացքը հետեւյալն է՝ մենք սահմանափակվում ենք մեզ համար ամենացանկալի կամ ամենահարմար ենթադրությամբ եւ փնտրում ենք կամ ընտրում ենք միայն այն տեղեկույթը, որը օգնում է հաստատել մեր ենթադրությունը։ Եվ գրեթե միշտ անտեսում կամ մոռանում ենք այն փաստերը, որոնք կարող են հակասել մեր ենթադրությանը։

Օրինակ՝ տիկին Ռոզան որոշել է, որ իր ղեկավարը վերջերս խիստ է իր նկատմամբ ոչ թե այն պատճառով, որ նա վատ է կատարում իր պարտականությունները, այլ քանի որ ղեկավարը, գտնվելով տիկին Վեռայի ազդեցության տակ, «ընկել է իր ետեւից»։ Հետեւաբար, նա սկսում է նկատել, թե ինչպես է տիկին Վեռան ելումուտ անում ղեկավարի սենյակ, նրան է վերագրում իր մասին տարածվող բամբասանքները։ Տիկին Ռոզան սկսում է նկատել, որ տիկին Վեռան վերջերս սկսել է ավելի շատ ժպտալ, եւ համոզված է, որ դրա պատճառը ոչ թե թոռնիկի ծնունդն է, այլ իր «հաջողությունները» տիկին Ռոզայի հետ պայքարի դաշտում, եւ այլն, եւ այլն։ Մի վատ օր էլ տիկին Ռոզան «պատահաբար» թղթերի մի մեծ կապոց աստիճանավանդակից գցում է տիկին Վեռայի գլխին։

Որքան ավելի բարձր է մարդու դիրքը, այնքան ավելի նա պետք է ձգտի զերծ մնալ այս խաբկանքից, քանի որ արդյունքում իր ետեւից սխալ ուղղությամբ է տանում շատերին։ Զավեշտալի եւ ցավալի է, երբ այս ծուղակն են ընկնում հենց այն մարդիկ, որոնք իրենց խոսքում կարեւորում են քննադատական մտածողությունը։ Եվ կրկնակի ցավալի է, երբ նման մարդիկ կրթության ոլորտն են ներկայացնում։

Բնականաբար, հաստատման կողմնակալության ծուղակից խուսափելու միակ ճանապարհը անկողմնակալ կերպով տարբեր հավանական վարկածներն առաջ քաշելն է։ Դրա համար անհրաժեշտ են խելամտություն, սթափ եւ խիզախ մտածողություն. դժվար է անկողմնակալ հաշվի առնել այն տարբերակները, որոնք հակասում են քո համոզմունքներին, առաջացնում են վախ, անորոշություն կամ խոստանում են խնդիրներ։ Բայց եթե ինքդ քեզ հետ ազնիվ չլինես, վաղ թե ուշ կընկնես ծուղակը, որից դուրս գալը էլ ավելի դժվար կլինի։ Մտային երկչոտությունը միշտ դեպի անդունդ է տանում։

Ուրեմն, եկեք հարգենք սթափ մարդկանց խիզախությունը, որոնք չեն տարվում ցանկալիի պատրանքներով: Այդ մարդիկ են, որ վաղը եւ միշտ մեզ կհանեն անհիշելի ժամանակներից հայտնի ծուղակներից։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին