Տարտը, Դոստոեւսկին եւ հելլենիստական սնոբիզմը - Mediamax.am

Տարտը, Դոստոեւսկին եւ հելլենիստական սնոբիզմը
1159 դիտում

Տարտը, Դոստոեւսկին եւ հելլենիստական սնոբիզմը


Դոննա Տարտ. «Գաղտնի պատմություն» (Donna Tartt “The Secret History”)

 

Գեղեցիկը հազվադեպ է խաղաղություն ու հանգստություն բերում։ Հակառակը՝ իրական գեղեցկությունը միշտ հուզում է, խռովում ներքինը, անհանգստություն ու անհարմարություն պատճառում։ Ջուլիանի ուսանողներն այդպիսի գեղեցկություն են ուսանում տիպիկ ամերիկյան քոլեջային ավան Հեմփթդենում։ Հին հունարենի ու հելլենիզմի դարաշրջանի գեղագիտության կուրսին հաճախում են հինգ երիտասարդներ։ Նրանց Ջուլիանն ընտրել է արժեհամակարգի բծախնդիր քննությամբ։ Դասերն անցնում են առանձին մասնաշենքում՝ քոլեջային առօրյայից կտրված։ Ամեն օր Ջուլիանն իր լավագույն հնգյակին ողջունում է՝ դե ինչ, պատրա՞ստ եք թողնել սովորականի ու տրամաբանականի գորշ աշխարհն ու ընկղմվել հելլենիստական գեղեցիկի երեւակայական «իրականություն»։ 

 

Բարձրարժեքի, բարեկրթության, գթության, էսթետիկի ու կատարյալի ստվար շղարշի տակ դաժանության, սառնասրտության, փոքրոգության, դավաճանության հաստ կծիկ է, որից դուրս սպրդած թելի վրա հյուսվում է մահերի շղթա։ Իրար հաջորդած երկու սպանությունները եւ դրանց հետեւանք ինքնասպանությունը գլխապտույտ արագությամբ քանդում են կծիկը։ Բարակ թելով ի վար են սահում երիտասարդներ, որոնց մեջ այնքան շատ էր արիստոտելյան իմաստությունը, սոկրատեսյան լռությունը, ալեքսանդրյան ինքախիզախումը։ Վեհաշուք ինքնակործանում՝ ահա թե ինչ է պատահում Դոննա Տարտի հերոսների հետ։  

 

«Իմ կործանարար սովորությունն է՝ համոզել ինքս ինձ, որ հետաքրքիր, անսովոր մարդիկ անպայմանորեն բարի եւ օրինակելի մարդիկ են»։ 

 

Amor vincit omnia՝ սերը կարող է հաղթել ամենը. ահա այն տրուիզմը, ինչում աներկբայորեն հավատացրել էր Ջուլիանն իր յուրահատուկ ուսանողներին։ Սերը ոչինչ էլ չի հաղթահարում։ Հիմարություն է։ Հանկարծակի վրա հասած դժբախտությունն իրականությունն անսպասելի ու տարօրինակ է դարձնում։ Շուրջն ամեն ինչ անիրական է դառնում, թմբիր ու մոլորություն է պատում, շարժումները դանդաղում են, կադր առ կադր՝ ինչպես երազում, մեկ ժեստը, մեկ ֆրազը ձգվում են հավերժ։ Հենց այդպես էլ կարդացվում է Տարտի մեծ, երկար հոգեբանական թրիլլերը։

 

«Ցածր, համառ ձայնը մեր գլխում՝ ինչո՞ւ է այն մեզ այդպես տանջում։ Գուցե նա մեզ հիշեցնո՞ւմ է, որ բոլորս մահկանացու ենք, որ մեզնից յուրաքանչյուրն յուրահատուկ հոգի ունի, որի հետ բաժանվելուց այդքան վախենում ենք, թեպետ հենց այդ հոգին է ստիպում բոլոր էակներից ամենադժբախտը զգալ մեզ»։

 

Այնքան մանրակրկիտ, այնքան իրական, այնքան անըմբռնելի, այնքան հասկանալի, այնքան հուսահատ, այնքան կամային, այնքան գեղեցիկ, այնքան զազրելի են Տարտի հերոսները, այնքան հեշտ է նրանց համակրելը, նրանց ընկերական իդիլիայի մասը դառնալը, նրանց հետ ոճիր գործելն ու պատիժ կրելը։ 

 

Մոտավորապես տասը տարին մեկ անգամ է Դոննա Տարտը (Donna Tartt) ընթերցողին գրական էքստազի նոր չափաբաժին հրամցնում։ «Գաղտնի պատմությունը» (The Secret History) Տարտը սկսել է գրել 1984-ին, գիրքը հրատարակվել է 1992-ին։ 2002-ին ի հայտ եկավ «Փոքրիկ ընկերը» (The Little Friend), 2013-ին հրատարակվեց Տարտի ամենահայտնի գլուխգործոցը՝ «Կարմրակատարը» (The Goldfinch), որն էլ հեղինակին բերեց Պուլիտցերյան մրցանակ։ Եթե «Կարմրակատարում» գրաքննադատները Տարտի մեջ վառ արտահայտված Դիկենս են տեսնում, ապա «Գաղտնի պատմությունում» Դոննա Տարտը անզեն աչքով էլ ակնհայտ հղում է Դոստոեւսկուն։ 

 

Կիսաքաղցր սպիտակ գինու թեթեւակի կծվահամով, ծխի կլորավուն ամպիկներով ու հելլենիստական սնոբիզմի հետքերով այս վեպը կարող է գրեթե անջնջելի հետք թողնել ենթագիտակցականում։ Սա գեղեցիկ բառակազմություներով եւ հյութեղ համեմատություններով պատմություն է պարզ ճշմարտությունների մասին, ինչպես, օրինակ, արտաքին գեղեցկությունը պարտադիր չէ, որ արտահայտի ներքին գեղեցիկը, որ խելքը դեռ բարության ցուցիչ չէ, եւ որ ամենադաժան պատիժը արթնանալն է։   

 

Անի Հակոբյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին