Դպրոցը՝ «էլիտիզմի» եւ գորշության խաչմերուկում - Mediamax.am

Դպրոցը՝ «էլիտիզմի» եւ գորշության խաչմերուկում
3505 դիտում

Դպրոցը՝ «էլիտիզմի» եւ գորշության խաչմերուկում


Սկսվում է նոր ուսումնական տարին։ Աշակերտների ճնշող մեծամասնության համար այն ոչնչով չի տարբերվի նախորդից։ Համարյա ամեն բան մնալու է նույնը՝  բացառությամբ դասագրքերի, որոնք այս տարվանից կիսվել են երկու մասի։

 

Հայաստանի գրեթե բոլոր հիմնական դպրոցներում կիրառվում է նույն ծրագիրը։ Դասաժամերը եւ թեմաները հստակ բաշխված եւ կանխորոշված են, այլապես հնարավոր չէր լինի դասագիրքը երկու մասի բաժանել առաջին եւ երկրորդ կիսամյակների համար։

 

Այս ամենը խոսում է մի բանի մասին. մեր դպրոցը կարծր է մեր քարերի պես։ Մեր դպրոցը լուռ կատարող է։ Մեր աշակերտներից, ուսուցիչներից եւ տնօրեններից ակնկալվում է լուռ հնազանդություն։ 

 

Մի քանի օր առաջ վերընթերցում էի Ֆինլանդիայի հիմնական դպրոցներում գործող կրթակարգը: Մեկնում էի համաժողովի, որտեղ պիտի Հելսինկիի կրթության բաժնի ղեկավարներից մեկի հետ համատեղ ելույթ ունենայի եւ ուզում էի միջոցառումից դուրս հետը խոսել երկրի կրթական մոտեցումների զանազանության մասին։ Մի բան է կրթակարգը, այլ բան՝ իրական կյանքը։ 

 

Խոսակցության ընթացքում հասկացա, որ Ֆինլանդիայում կրթակարգը գրվում է իրական եւ հաջողված փորձի հիման վրա, որը կուտակում են առաջադեմ դպրոցները, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց հույսերի ու երազանքների հետքերով։ Նշանակում է՝ իրենք գիտեն, որ այն ամբողջապես իրագործելի է։ Ֆինլանդիայի կրթակարգը ենթադրում է կրթության կազմակերպման շլացուցիչ բազմազանություն, որն իրականում առկա է այդ երկրում։ Արդյունքում ամեն երեխա ստանում է հնարավորություն՝ ունենալու այնպիսի կրթություն, որը լավագույնս համապատասխանում է իր առանձնահատկություններին։

 

Մեր պարագայում պետական կրթակարգը միշտ մնացել է գեղեցիկ եւ անիրագործելի երազանք, ինչպես եւ առարկայական ծրագրերի ստվար մասը։ Հարցումները ցույց են տվել, որ մեր երկրում ուսուցիչների չնչին տոկոսն է երբեւէ ընթերցել կրթակարգը։ Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է շեշտակի փոխվի, որպեսզի հաջորդ կրթակարգն էլ նույն ճակատագիրը չունենա։

 

Ցանկացած կրթական բարեփոխման մեծագույն վտանգը հերթական անգամ պատրանքներով առաջնորդվելն է։ Միշտ կարելի է «շատ ճիշտ» փաստաթղթեր ձեւավորել, որոնց իրագործումն իրական կյանքում շատ ցանկալի է։ Սակայն դա չէ բարեփոխումների բնական ընթացքը։ Բարեփոխումները հիմնվում են կենդանի փորձի վրա, իրենք փաստում են հաջողությունը եւ խթանում դրա տարածումը։ Բարեփոխումները չեն մեկնարկում գրասենյակներում փաստաթղթեր գրելով։ Ուսուցիչը կարող է ոգեւորվել մեկ այլ ուսուցչի կուտակած փորձից։ Դպրոցը կարող է սովորել մեկ այլ դպրոցից։ Կրթությունը կիրառական ոլորտ է, որի համար ինչ-ինչ փաստաթղթերում ներկայացված գեղեցիկ գաղափարները եւ տրամաբանական պահանջները արժեք չունեն, քանի դեռ չեն մարմնավորվել իրական փորձի ու տեսանելի կրթական արդյունքի տեսքով։

 

Որպեսզի երկրում իրական կրթական բարեփոխումներ լինեն, պետք է մի շարք առաջատար դպրոցներ, կրթական լաբորատորիաներ ունենանք, որտեղ ամեն տարի հմուտ մանկավարժների կողմից կփորձարկվեն նորանոր կրթական գաղափարներ ու մոտեցումներ, կիրագործվեն կրթության կազմակերպման նոր մոդելներ։ Այդ դպրոցները պիտի ստանան բազմակողմանի աջակցություն իրենց հետազոտական գործունեությունն իրականացնելու համար։ Հետո արդեն փորձարկված մոտեցումները կարող են ամփոփվել եւ դառնալ երբեք չդադարող բարեփոխումների հերթական փուլի մաս։ Այդպես են զարգանում աշխարհի լավագույն կրթական համակարգերը։  

 

Ցավոք, այդ մոտեցումն իրական չի դառնա, եթե կրթական քաղաքականությունը շարունակի հիմնվել համահարթեցման գաղափարախոսության վրա, որը մերժում է կետային զարգացումների հնարավորությունը։ Այդ մոտեցումն իր բնույթով թելադրող է եւ առաջ է մղում միջակության տարածումը։ Այդ գաղափարախոսության հիմնական փաստարկն այն է, որ չի կարելի ունենալ լավ դպրոցներ, որոնք տարբերվում են մնացածներից, քանի որ դա բերում է «էլիտիզմի»։ Ենթադրվում է, որ մեզ համար շատ ավելի կարեւոր է, որպեսզի չլինեն շատ վատ դպրոցներ, եւ հենց դրան պետք է ուղղվեն բոլոր ջանքերը։ Համահարթեցման գաղափարախոսությունը ենթադրում է, որ մենք պետք է միջին գորշ մակարդակը հաստատենք ամենուրեք, եւ հետո տասնյակ տարիների ընթացքում փորձենք այդ միջինը վեր տանել։ Մոտավորապես այդպես էր աշխատում ԽՍՀՄ կրթական համակարգը, որը նախատեսված էր արդյունաբերական դարաշրջանի համար։ Արդյունքում բոլշևիկյան գաղափարախոսության հիմք հանդիսացող «հավասարությունը» մնաց անիրագործելի ե՛ւ տնտեսության, ե՛ւ կրթության մեջ։ 

 

Այսօր նման մոտեցում կիրառելը կբերի այն բանին, որ հաջորդ սերնդին ոչ մի շանս չենք թողնի Հայաստանը մրցունակ դարձնելու գլոբալ աշխարհում։ Պետք չէ խուսափել լավը ունենալուց, պետք է կենտրոնանալ լավի ձգտումը ամրացնելու եւ այդ ձգտումը գործողությունների վերածելու վրա։ Ապագան պատկանում է զանազանությանը, այլ ոչ թե գորշ միապաղաղությանը։ Մեծ հաղթանակները փոքր հաջողությունների արդյունք են։

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին