ABBYY-ի 30 տարին, կամ ինչպես սպրինտերը սկսեց մարաթոն վազել - Mediamax.am

ABBYY-ի 30 տարին, կամ ինչպես սպրինտերը սկսեց մարաթոն վազել
22058 դիտում

ABBYY-ի 30 տարին, կամ ինչպես սպրինտերը սկսեց մարաթոն վազել


Այս տարի ABBYY ընկերությունը 30 տարեկան դարձավ: Այն ստեղծվել էր դեռ այն ժամանակ, երբ մեր երկիրը կոչվում էր ԽՍՀՄ, ու թեեւ Scorpions խումբն արդեն եկել էր Մոսկվա եւ ստացել էր հետագայում Wind of Change (Փոփոխությունների քամին) երգում արտահայտված տպավորությունները, այնուամենայնիվ, կոմունիզմը դեռ հիմնական գաղափարախոսությունն էր, իսկ տնտեսությունը կառավարվում էր (կամ այլեւս չէր կառավարվում) ամենազոր Պետպլանի կողմից:

 

Հենց այդ ժամանակ իմ ընկեր Դավիթ Յանը վերջնականապես հասկացավ, որ փոփոխություններ ցանկանալը դեռ բավարար չէ, այդ փոփոխությունները անհրաժեշտ է իրականացնել: Այն ժամանակ մենք կապիտալիստական մեթոդներով փող աշխատելու որոշակի փորձ արդեն ունեինք. հանրակացարանում երեկոյան սրճարան էինք բացել, որտեղ վաճառում էինք հայկական սուրճ ու «հոթ դոգ»: Շահույթն այդքան էլ փոքր չէր. մի անգամ մեկ երեկոյի ընթացքում կարողացանք յուրաքանչուրս 30 ռուբլի աշխատել, ինչը համեմատելի էր ամսական կրթաթոշակի հետ:  

 

Բայց այն, ինչ մտահղացել էր Դավիթը, արդեն ամբողջովին այլ մակարդակի նախագիծ էր: Ծրագրավորող Սաշա Մոսկալյովի հետ նրանք մտադիր էին ամառվա ընթացքում համակարգչային բառարան ստեղծել, վաճառել այն մի քանի կազմակերպությունների, լավ գումար վաստակել եւ վերադառնալ իրենց առօրյա կյանքին: Դավիթը այն ժամանակ դեռ Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ուսանող էր ու պատրասվում էր շարունակել զբաղվել գիտությամբ: 

 

Այնպես ստացվեց, որ Սաշան սխալ էր հաշվարկել ժամկետները՝ գրեթե 6 անգամ: 3 ամսվա փոխարեն ծրագիրը պատրաստ էր միայն մեկ ու կես տարի անց: Եվ գործը, որը պետք է դառնար փող աշխատելու պարզ միջոց, երկարաժամկետ նախագծի վերածվեց: Այստեղ էլ ի հայտ եկավ Դավիթի բնավորությունը. նա չթողեց այդ գործը, չհիասթափվեց, այլ համառորեն ավարտին հասցրեց այն՝ քաջալերելով Սաշային: Մեկ ու կես տարի անց ես Երեւան բերեցի Lingvo-ի առաջին օրինակը, որպեսզի հանձնեմ այն առաջին հաճախորդին: 

 

Սակայն դա չէր ABBYY ընկերության (ի սկզբանե այն կոչվում էր Bit Software) սկիզբը: Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ Դավիթը պարզեց, որ Lingvo-ի հազարավոր օրինակներ անվճար ձեռքից ձեռք են անցնում: Նրա փոխարեն մեկ ուրիշը կկոտրվեր, կմտածեր, որ նման իրավիճակում պայքարելն անիմաստ է: Իսկ Դավիթն այդ իրավիճակում տեսավ հնարավորություն. եթե մարդիկ կիսվում են արտադրանքով, երկար ու համառորեն պատճենահանում սկավառակները, ուրեմն այն անհրաժեշտ է: Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է շարունակել դրանով զբաղվել:

 

Այդ համառությունը եւ ունակությունը՝ տեսնել հնարավորություններ այնտեղ, որտեղ ուրիշները միայն խնդիրներ են տեսնում, հաճախ է օգնել նրան: Այդ թվում՝ կոտրել այն կարծրատիպը, որ ռուսաստանյան ընկերությունները ոչ մի շանս չունեն համաշխարհային շուկայում: ABBYY-ն իր FineReader ծրագրով հաջողությամբ դուրս եկավ արեւմտյան շուկաներ եւ դրանցից շատերում առաջատար դարձավ: Այդ համառությունը դարձել է ընկերության ԴՆԹ-ի մասը: ABBYY-ն քրտնաջան աշխատանքի շնորհիվ ճանաչում է վայելում բարդ կորպորատիվ շուկայում եւ ունի բազմաթիվ հաճախորդներ, որոնք Fortune-ի ցուցակի վերին դիրքերում են: 

 

Ես էլ երկար տարիների իմ մեջ զարգացրել եմ այդ համառությունը: Երբ 1993 թվականին ընդունեցի պաշտոնապես ընկերության աշխատակից դառնալու Դավիթի հրավերը եւ մութ ու ցուրտ Երեւանից եկա լուսավոր Մոսկվա, ընկերությունը կարող էր ինձ ամսական վճարել ընդամենը 70 դոլար, որոնցից 50-ը ծախսում էի բնակարան վարձելու համար: Երեքով՝ ես, կինս ու 6 ամսական դուստրս ապրում էինք մնացած 20 դոլարով՝ շուկայից գնելով ամենաէժան կարտոֆիլը, եւ երկու շաբաթը մեկ հավի միս էինք թույլ տալիս մեզ: Բայց դա փորձությունների միայն սկիզբն էր, իսկական մարտահրավերները սպասում էին ինձ աշխատանքի վայրում: Զանգվածային համակարգչային «ծովահենության» պայմաններում դժվար էր փող աշխատել: Ստիպված էի աշխատել երեք հոգու փոխարեն եւ այնպիսի բաներ անել, որոնք անիրական էին թվում: Մի օր Դավիթը կանչեց ինձ եւ ասաց. «Արամ, դու լավ սպրինտեր ես, բայց հաջողության հասնելու համար պետք է սովորես մարաթոն վազել»: Այդ զրույցից մեկ տարի անց ես գլխավորեցի կորպորատիվ նախագծերի բաժինը, որի խնդիրը հենց «երկար հեռավորություններ» վազելն էր, քանի որ խոշոր հաճախորդի հետ գործարքը կարող էր մեկ տարուց ավել տեւել: Բացի այդ, միշտ էլ վտանգ կար, որ ոչինչ չի ստացվի: Այդ պահից ի վեր ինձ դուր է գալիս մեծ գործեր բռնել, որտեղ անհրաժեշտ են ապագան կանխատեսելու ու երկարաժամկետ պլանավորման ունակություններ եւ պահանջվում է դրսեւորել հետեւողականություն ու համառություն, նույնիսկ եթե դա շատ դժվար է:  

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սրընթաց փոփոխություններ են տեղի ունենում: Թվում է՝ ռազմավարական մտածողությունը գնալով զիջում է իր տեղն արագ հաջողություններին: Բայց դա պատրանք է: Որքան ավելի դժվար է կանխատեսել ապագան, այնքան շուկայի համար ավելի կարեւոր են դառնում վստահություն ներշնչող ընկերությունները, քանի որ դրանք կարող են դիմակայել դժվարություններին՝ չնայած փոթորիկին եւ քաոսին: Կարելի է մեծ գումարներ վաստակել՝ հիմնվելով կոնյունկտուրայի վրա: Բայց ստեղծել բիզնես, որն ապրելու եւ զարգանալու է տասնյակ տարիների ընթացքում եւ որին իրենց ճգնաժամային գործընթացներն են վստահելու ամենախոշոր ընկերությունները, հնարավոր է միայն այն դեպքում, եթե այդ բիզնեսը կառուցում են ռազմավարական մտածողություն ունեցող մարդիկ: Փոփոխությունների ժամանակաշրջանում ռազմավարություններ կառուցելն ավելի բարդ է, բայց հենց դա է պատճառը, որ դրանք են ապահովում մրցակցային առավելությունները եւ ստեղծում բացառիկ երկարաժամկետ հնարավորություններ, որոնցում արժի ներդրումներ կատարել: Հենց այդ որակն էլ կանխորոշեց այն, որ ABBYY-ն հաջողակ է արդեն 30 տարի եւ, միեւնույն ժամանակ, շարունակում է մնալ դինամիկ ընկերություն, որը կարող է հարմարվել ցանկացած փոփոխության: 

 

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը: 


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին