Սեւ կապիկի վերածվելու համար պարտադիր չէ մարդասպան լինել - Mediamax.am

Սեւ կապիկի վերածվելու համար պարտադիր չէ մարդասպան լինել
2242 դիտում

Սեւ կապիկի վերածվելու համար պարտադիր չէ մարդասպան լինել


Զախար Պրիլեպին. «Սեւ կապիկ» /Захар Прилепин «Черная обезьяна»

Մեր ներսում՝ ամենա-ամենախորքում մի տեղ կա, որն արտաքին աշխարհում դժոխք են անվանում: Այնտեղ տանող ճանապարհը գիտակցության ու ենթագիտակցության վտանգավոր սահմանահատումներով է անցնում: Եվ ահա, ինքդ քեզնից անդին ես, կանգնած այստեղ՝ անզոր, անծանոթ ինքդ քեզ, անհասկանալի ու զազրելի ինքդ քեզ համար:

«Երբ ես կորա, ահա թե ինչն է հետաքրքիր... Թափառում ես, հետեւիցդ քաշում կապը, ինքդ ես սմքում, սեղմվում, թվում է՝ ուր որ է ասեղի թելից էլ բարակ կդառնաս, սողոսկում ես այնտեղ եւ խառնվելով հազարավոր այլ թելերի հետ՝ ձուլվում ես դրանցից ամենաբարակի մեջ. ու հանկարծ դուրս ես պրծնում ինքդ քո սահմաններից եւ ոչ թե անգոյության, այլ  մինչգոյության կողմը, որտեղ ամեն բան բացատրված է»:

Լրագրողական հետաքննությունը Պրիլեպինի անանուն հերոսին տանում է գաղտնի մի լաբորատորիա: Այստեղ մարդկային ցեղի ամենազազրելի օրինակներն են պահվում. կին, որը սպանել է իր նորածին երեխաներին, վարձու մարդասպաններ, դահիճներ, երեխաներ, որոնք ճիվաղներից ավելի վտանգավոր են: Նրանք չունեն բացարձակապես որեւէ զգացում, նրանց ոչ մի զգայարան չի աշխատում, երբ տանջում են, մորթում կենդանիների, թռչունների, ՄԱՐԴԿԱՆՑ: Երեխաներ, որ երեխա չեն, որ Մարդ չեն, որ...

«Գիտեի՞ք, որ Հին Չինաստանում խոշտանգումները որոշ կայսրեր հանձնարարում էին երեխաներին: ...Ենթադրվում էր, որ  նրանք չեն տիրապետում չարի եւ բարու կատեգորիաներին: Ավելին՝ իրենց, այսպես կոչված, հրեշտակային բնության ուժով պարզապես չէին հասկանում՝ ինչ է դաժանությունը: Ասում են՝ չեն եղել ավելի սարսափելի, ահաբեկիչ խոշտանգումներ, քան այն, որ կատարել են երեխաները»:

Իսկ ի՞նչ են նրանք, ինչի՞ համար է այս անմարդկային տեսակների հավաքածուն պահվում այդ լաբորատորիայում: Պատասխանների հետքերը կորչում են հալյուցինացիոն պատմություններում, որտեղ անհաս երեխաների ոհմակը շենքի մուտքի բնակիչներին է ուղղակի մորթոտել, որտեղ տհաս, կարճահասակ երեխաների մի հրոսակախումբ էլ քաղաք է շուրջկալել եւ սովի ու տանջամահության դատապարտել բնակիչներին, որտեղ հերոսի հիշողության մեջ լերդացած արյամբ շերտեր են բացվում, ու մարդը խելագարվում է, շփոթվում, խճճվում, կորչում ինքն իր մեջ:

«Որտե՞ղ է ավարտվում գիտակցությունը եւ սկսվում խելագարությունը: Ի՞նչն է ավելի օրգանիկ մարդու բնույթում՝ համակերպո՞ւմը, թե՞ ըմբոստությունը: Եվ ե՞րբ է համակերպումը սուրբ մարդուն ստորաքարշ ոչնչություն դարձնում: Եվ ե՞րբ է ըմբոստությունը ազգային հերոսին էպիլեպտիկ պսիխոպաթ դարձնում»:

Պրիլեպին լրագրողն ու Պրիլեպին զինվորականը, Պրիլեպին մարդն ու Պրիլեպին հանրային կերպարը միախառնված են այս անկանոն, ինչ-որ տեղ քաոտիկ տեքստում: Չկա սյուժետային կառուցվածք, կան վերեւ-ներքեւներ, կան անկումներ ու վերելքներ, կան զիգզագներ, խութեր ու հարթություններ: Այդ ամենի արանքում դատարկություն է: Հեղինակը տողատակում հենց այդ ունայնությունն է ընդգծում: Այն զրնգում է մարդու ներսում: Մարդու, որի ներսը հանքափորի պես քչփորում է Զախար Պրիլեպինը, հասնում ընդերքին: Այստեղ գրքի գլխավոր մետաֆորան է՝ կապիկը, որին վերածվում է մարդը տրանսֆորմացվելով, կորցնելով մարդկայինը եւ դառնալով սեփական երգիծանկարը:

Սեւ կապիկի վերածվելու համար ամենեւին պարտադիր չէ լինել անզգա մարդասպան ու դահիճ: Ամենամարդկային, ամենաանմեղ թվացող  խաբեությունն ու ստորությունն էլ բավական է կամքը կորցնելու համար: Այդպես է պատահում Պրիլեպինի պրոտոգոնիստի հետ. երկատված կյանք՝ ընտանիքի ու սիրած կնոջ միջեւ, ընտրություն, որ այդպես էլ չի կատարվում, արդյունքում կորցնում է երկուսին էլ, արդյունքում անսեր է դառնում, աներեխա հայր:

«...որտեղ է այն բացը, որտեղ կիրքը հանկարծ վերածվում է թթվասերի տհաճ ճարպի, եւ հետո թափվում ամոթալի զզվանքի զգացումով...

...եւ միայն երեխաներն են մնում, եւ սողում ես այդ ճահճում նրանց թողած հետքերով, ... այն վայրերով, որ նրանք տրորել են իրենց լուսավոր ոտնաթաթներով...»: 

Չափազանց տղամարդկային գիրք է Զախար Պրիլեպինի «Սեւ կապիկը»: Տղամարդու մասին է, տղամարդու ներքին մենակության ու վախերի:  Չափազանց ուժեղ պետք է լինել նման բան գրելու համար: Չափազանց մեծ ուժ է պետք այս սիմվոլիկաներով հարուստ հալյուցինացիան կարդալու համար: Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում կարդալ: Բայց առաջարկում եմ անպայման ճանաչել ռուսական նորագույն գրականության ամենահետաքրքիր, սկանդալային ու տաղանդավոր հեղինակին:

Հ. Գ. - Ռուսերենից թարգմանությունը՝ Գեւորգ Գիլանց: Հրատարակչությունը` «Անտարես», 2016 թվական: Գինը՝ 4500 դրամ:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Մեդիամաքս»-ի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին