«Ի սկզբանե խոսքն էր»… Հետո դատարկախոսությունը - Mediamax.am

«Ի սկզբանե խոսքն էր»… Հետո դատարկախոսությունը
4272 դիտում

«Ի սկզբանե խոսքն էր»… Հետո դատարկախոսությունը


 

Սփյուռքին վերաբերվող ինչ-որ տեղեկություն էր ինձ անհրաժեշտ: Այցելեցի Սփյուռքի նախարարության կայք եւ «Հրապարակումներ» բաժնում գտա ինձ հետաքրքրող թվերը: Արդեն դուրս էի գալիս կայքից, երբ աչքս ընկավ կարդիոլոգների (ինչու ոչ` սրտաբանների) եվրակովկասյան (?) համաժողովում նախարար Հրանուշ Հակոբյանի արտասանած ելույթը:  Տպավորիչ ուղերձ էր, հատկապես հետեւյալ միտքը. «Այո՛, սիրտը ոչ միայն մարդու ֆիզիկական գոյության գերշարժիչն է, այլեւ մարդկային հոգեւոր կեցության ոսկե գանձատուփն ու կենսական թրթիռների  շտեմարանը»:  Ինչպես ասում են, Հովհան Ոսկեբերանը կարող է հանգիստ ննջել…

 

Հետաքրքրությունը ստիպեց  ինձ շարունակել ընթերցումներս: Մի  հարցազրույցում  («Դրոշակ» պարբերականի հետ) տիկին նախարարը յուրովի է մատուցում «Սբ. Երրորդության» խորհրդի էությունը. «Մայր-Հայաստանը հայ ժողովրդի հույսն ու արմատն է, Արցախը` հայ ժողովրդի ոգին եւ խիղճը, իսկ Սփյուռքը` պատիվը»: Ստացվեց, որ առանձին-առանձին վերցրած Հայաստանն անպատիվ է, Արցախն անհույս,  Սփյուռքն էլ անխիղճ: Դա ինձ տհաճություն պատճառեց: Նաեւ զարմացրեց խոսքի, գնահատականի հանդեպ Հ.Հակոբյանի բացարձակ անտարբերությունը, ինչը, պարզվում է, նորմ է տիկին նախարարի արտասանած ճառերում: Այսպես, այլ համաժողովի բացման ելույթում նա դիմում է սփյուռքահայ լրագրողներին հետեւյալ ուղերձով. «Սիրելի հայ լրագրողներ, խղճի եւ արդարության մշակներ, գրչի տաղանդաշատ վարպետներ»: Մեզ էլ թվում է, թե գրչի տաղանդաշատ վարպետներ ու խղճի մշակներ են Թումանյանը, Չարենցը, Հրանտ Մաթեւոսյանը, մեր այլ մեծերը: Սա ինձ, անկեղծ ասած, հիշեցրեց  Տիգրան Կարապետիչի «ադամանդի» կոչում շնորհելը բաղաձայն ջահելներին:  Շռայլ է,  շատ շռայլ իր գնահատականներում Սփյուռքի նախարարը: Պարզվում է, որ «Զորի Բալայանը հեքիաթային հերոս է»  (հետաքրքիր է` Արեւամանուկն է, Սպիտակ Դեւը, թե Հազարան Բլբուլը), միջին ունակությունների արվեստագետը իր «աստվածային շնորհով արվեստի մի նոր էջ է բացում»: Այդպիսի օրինակները շատ-շատ են:

 

Հասկանալի է, որ տիկին Հակոբյանը ելույթներին պատրաստվելու շատ ժամանակ չունի, պետք է հասցնի իրականացնել նախարարության կողմից մշակված տասնյակ ծրագրերը, այցելի Սփյուռքի գաղթօջախները, ոգեւորի մեր հայրենակիցներին, նրանց տուն բերի,  համակարգի «Հայությունն առանց ծխախոտի» համահայկական շարժումը, 1,5 մլն ծառ տնկի մինչեւ Մեծ Եղեռնի 100-ամյակը, իր հովանու տակ վերցնի հայազգի ապագա տիեզերագնացներին եւ Նոբելյան մրցանակակիրներին: Բայց, այնուամենայնիվ,  պետք է հասկանալ, որ շատ ծիծաղելի, եւ նույնիսկ հեգնական է հնչում հետեւյալ բառակույտը. «Հայն ունի սրբություն դարձած խորհրդանիշեր` Հայրենիքը, լեզուն, Արարատը, Էջմիածինը, գենի նկատմամբ աղոթքի հասնող սերը»:  

 

Տպավորություն է ստեղծվում, որ տիկին նախարարը բացարձակ անտեսում է իր արտասանած տեքստերի իմաստային բաղադրիչները: Նրա ելույթները հազվադեպ են բաղկացած հանուն իրենց նշանակության ընտրված բառերից, ավելի շուտ` ելույթները բաղկացած են  մեկը մյուսին կպցրած պատրաստի «հայրենասիրական» ֆրազներից: Համոզված եմ, որ այսպիսի կենացները (կներեք, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի ելույթները) քանդում են մարդկանց տրամաբանական մտածողությունը, վարժեցնում են դատարկախոսությանը, ոչնչացնում են բովանդակությունը հանուն իբր գեղեցիկ եւ «հայրենասիրական» ոճի: Արդյունքում ի հայտ է գալիս, մեղմ ասած, վատ ճաշակի մասին վկայող Մարսելում հնչեցրած հետեւյալ «գոհարը». «Ես Հայաստանից, մայր Հայրենիքից նվեր եմ բերել Արարատի հպարտ եւ վեհափառ կեցվածքը, Սեւանի կոհակների ծփանքը, ցեղասպանության զոհերի հոգիների կանչը եւ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի օրհնությունը»: Խեղճ նահատակների հոգիներ, որոնք արդեն որպես հուշանվերներ են ծառայում տիկին նախարարի ուղեւորությունների ժամանակ:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին