«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կյանքը արտակարգ դրության օրերին - Mediamax.am

exclusive
18506 դիտում

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կյանքը արտակարգ դրության օրերին


Սոնա Գեւորգյանը
Սոնա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Արտավազդ Բոյաջյանի արխիվից

Լուսանկարը` Արտավազդ Բոյաջյանի արխիվից

Լուսանկարը` Արտավազդ Բոյաջյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մարիամ Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Մարիամ Գրիգորյանի արխիվից

Լուսանկարը` Սոնա Գեւորգյանի արխիվից

Լուսանկարը` Սոնա Գեւորգյանի արխիվից

Անի Խաչատրյանը
Անի Խաչատրյանը

Ինքնամեկուսացած Չորաթանը պոեզիա է լսում

 

Անիին ֆեյսբուքով նամակ եմ գրում` ե՞րբ հարմար կլինի՝ խոսենք: Ասում է՝ երեկոյան, հիմա պիտի գնամ բանջարը հավաքեմ: Երեկոյան հարցնում եմ՝ հավաքեցի՞ր:

 

- Չէ, ոնց որ էլի չեմ տարբերում բանջարը, երեւի մի անգամ էլ դիմեմ աշակերտներիս: Երեկ ցանկապատի հակառակ կողմից ցույց տվեցին, բայց հեռավորության վրա չհասկացա:

 

Հեռավորություն պահելը վերջին օրերի կարեւոր պահանջն է՝ շփվելիս, հանդիպելիս, դաս անելիս: Թեեւ կատակով ասում են, որ Չորաթանն աշխարհի ծայրն է, բայց կորոնավարակից այստեղ էլ են զգուշանում:

 

Անցյալ սեպտեմբերից Անի Խաչատրյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Տավուշի մարզի Չորաթան գյուղ է տեղափոխվել,անգլերենի ուսուցչուհի է:

Անի Խաչատրյանը Անի Խաչատրյանը

 

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դասերը կվերսկսեն առնվազն մի քանի շաբաթից, բայց Անին որոշել է մնալ գյուղում:

 

«Ուզում եմ էրեխեքի կողքին լինել: Էստեղ ավելի խաղաղ է, իրականությունից, խառը վիճակներից կտրվում ես: Մտածեցի՝ գյուղատնտեսական գործերն ինձ կօգնեն չվարակվել, էրեխեքի հետ կլինեմ, ու կհաղթահարենք այս վիճակը»:

 

Գյուղատնտեսական աշխատանքները Չորաթանում շարունակվում են, բայց աշակերտների կյանքը փոխվել է: Մի շարք նախաձեռնություններից ու զբաղմունքներից հրաժարվել են, տեղափոխվել օնլայն տիրույթ:

 

«Գրականության խմբակ ունենք, հավաքվում ենք՝ կարդալու, քննարկելու, ստեղծագործելու: Որպեսզի այս վարակը չխոչընդոտի, ու դադար չտանք, որոշեցինք օնլայն պոեզիայի երեկո կազմակերպել: Բոլորս միացանք տեսազանգով ու սկսեցինք  բանաստեղծություն կարդալ: Հետաքրքիր էր, որ բոլորի ընտանիքները, ուզած թե չուզած, հետեւում էին, ունկնդրում ու միանում: Ամբողջ գյուղում պոեզիայի երեկո էր»,- պատմում է Անին:

 

Ազատ ժամանակ Անին օտար լեզուներ է սովորում, լուսանկարում, տնամերձ հողատարածքը մշակում: Աշակերտները սովորեցրել են ճիշտ աճեցնել ու խնամել ձնծաղիկը, տարբերել փիփերթը ու փիփերթով ճաշի բաղադրատոմսեր են առաջարկել: Նրանց օգնությունը կարեւոր էր հատկապես Չորաթան տեղափոխվելու առաջին օրերին, երբ նոր էր գյուղի կենցաղին ծանոթանում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա գյուղում Անիին բոլորը ճանաչում են, օտարություն չի զգում: Անհանգիստ օրերն անցնեն, նորից հյուր կգնա, հյուրեր կընդունի, երեխաների հետ կշարունակեն կիսատ թողած ծրագրերը:

 

«Սպասում ենք այն օրվան, որ նորից միասին կգնանք դաշտեր, ու ոչ մի դարպաս մեր մեջտեղում չի կանգնի»:

 

Ստեփանակերտում աշակերտներն ու ուսուցիչներն անցել են առցանց շփումների

 

Արցախում վարակակիրներ բարեբախտաբար չկան, բայց այստեղ եւս դասերը հետաձգվել են մինչեւ ապրիլի 14-ը: Արտավազդ Բոյաջյանը Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի իր աշակերտների հետ ամենօրյա կապի մեջ է: Հանդիպում են Zoom հարթակում:

Լուսանկարը` Արտավազդ Բոյաջյանի արխիվից

«Դասերն անում ենք առավոտ շուտ, որ քնած մնալու, արձակուրդային տրամադրությունը բացառենք: Եթե դպրոցում դասերը 45 րոպե են, հիմա, հնարավոր է, հանդիպումը երկու ժամից ավելի տեւի, մինչեւ էրեխեքը հոգնեն: Առցանց դասերը մի առավելություն էլ ունեն: Ձայնագրում ենք, եւ ովքեր հարգելի պատճառներով դասին չեն մասնակցել կամ լավ չեն հասկացել, կարող են նորից նայել»:

 

Արտավազդը Շիրակից է՝ Փանիկ համայնքից: Գյուղում մաթեմատիկա դասավանդելու նպատակով դիմել էր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին: Երբ իմացել է, որ Ստեփանակերտ է գործուղվելու, անակնկալի է եկել:

 

«Ժամանակի ընթացքում սիրեցի Ստեփանակերտը: Ուսանողական տարիներից միշտ խուսափել եմ քաղաքային կյանքից, Երեւանում էլ չեմ կարողանում երկար մնալ, պետք է շուտ գնամ մեր գյուղ կամ վերադառնամ Ստեփանակերտ: Այստեղ կյանքը տարբերվում է, անցուդարձ, մարդկային մեծ հոսքեր, ծանրաբեռնվածություն չկա, հանգիստ է»:

Լուսանկարը` Արտավազդ Բոյաջյանի արխիվից

Սկզբի ամիսներն էին դժվար՝ նոր միջավայր, նոր աշխատանք, քիչ ծանոթներ: Հետո ընկերացավ «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի պարուսույցի հետ եւ սկսեց պարով զբաղվել: Համերգների են մասնակցում, Արցախի համայնքներում ելույթ ունենում, բաց դասեր կազմակերպում:

 

Արտավազդի զբաղվածությունը հիմա շատ է: Անհրաժեշտության դեպքում աշակերտների հետ առանձին հանդիպումներ է ունենում: Նրա աշակերտներից մեկն անցյալ տարի Արցախում «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի միակ հաղթողն էր:

 

Համայնքային ծրագրեր էլ են իրականացնում: Արցախի գրադարանների համար գրքահավաք էր կազմակերպել, դեկտեմբերին շահած դրամաշնորհով Քարվաճառում արշավական երկու ուղի կառուցել: Հաջորդը մարզադահլիճում ժայռամագլցման պատի կառուցումն է: Ծրագիրը կազմել ու դիմել են դոնորներին, պատասխանի են սպասում:

Լուսանկարը` Արտավազդ Բոյաջյանի արխիվից

Արտավազդը Ստեփանակերտի դպրոցում կդասավանդի մինչեւ այս ուսումնական տարվա ավարտը, բայց Արցախի հետ կապը պահելու արդեն մշակած ծրագրեր ունի: Երեկոյան՝ աշխատանքից հետո, տուրիզմի դասերի է գնում, լեռնային զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով հիմնել է «Տրտու» արշավական ակումբն ու հրավիրում է Արցախի թաքնված վայրերը բացահայտելու:

 

Հին շենում սպասում են ֆուտբոլային ակումբի հանդիպումներին

 

Վարակի մասին լուրերն Արցախի Հին շեն համայնք են հասել, բայց բնակիչների կյանքում բան չեն փոխել: Մինչ այս էլ գյուղը մեկուսացած էր, մարդիկ առանց արտաքին աշխարհի հետ շփումների, մեկը մյուսով էին ապրում:

 

Անգլերենի ուսուցչուհի Սոնա Գեւորգյանը գյուղից հազվադեպ է դուրս գալիս: Հին շենը  երկու տարով նրա տունն է դարձել: Հիմա էլ Երեւան վերադառնալու մասին չի մտածում. գուցե գյուղում թիմային աջակցության կարիք լինի: Այս ընթացքում Սոնայի գլխավոր խնդիրը աշակերտների՝ դասապրոցեսից դուրս չմնալն է:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գյուղում հեռավար ուսուցում կազմակերպելը դժվար է: Մի ընտանիք ունի համակարգիչ, մյուսն ունի, բայց չի աշխատում, երրորդն ընդհանրապես չունի: Առանձնահատուկ կարիքներով երեխա կա, պիտի հասկանանք՝ իր հետ ինչպես ենք աշխատում: Ուսուցիչները հմտության պակաս ունեն, չեն տիրապետում համակարգչին: Ծնողների հետ կապ պահել հնարավոր չէ, շատերը հեռախոս չունեն: Ամեն աշակերտի համար անհատական մոտեցում, առանձին լուծումներ ենք փնտրում»:

 

Սովորույթի համաձայն երեխաներն էլի գալիս ու Սոնային կանչում են զբոսանքի: Բացատրում է՝ որոշ ժամանակ պետք է պահեն սահմանված կանոնները, խմբով չհավաքվեն: Այս պայմաններում երեխաների զբաղվածության հարցը խնդիր է դառնում:

 

Միսս Սոնան, որ ճախրում է Արցախում

2019 թվականի գարնանը, երբ այցելեցինք Հին շեն, երեխաները ոգեւորված պատմում էին, որ շուտով գյուղում իրենց համար նախատեսված անկյուն են ունենալու: Ճոճանակների այգին բացվեց հունիսի 1-ին: Հին շենի կյանքում կարեւոր իրադարձություն էր նաեւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնումը: Աշխարհից կտրված գյուղում ինժեներական կրթությունը նորություն էր:

 

Լաբորատորիան նախատեսված է չորս գյուղի համար, բայց տրանսպորտային խնդրի պատճառով առայժմ միայն Հին շենի եւ հարեւան Եղծահողի աշակերտներն են մասնակցում դասերին:

 

Որպեսզի մեկուսացած գյուղերի միջեւ շփում լինի, Սոնան որոշեց դիմել ֆուտբոլի օգնությանը: Դիմեց անգլիական «Ուրական» հիմնադրամին: Շատերը թերահավատ էին. միջազգային ծրագրերը սովորաբար շրջանցում են Արցախը:

Լուսանկարը` Սոնա Գեւորգյանի արխիվից

«Ես գրել էի, որ դիմում եմ իրենց՝ հավատալով, որ խտրականություն չի լինի: Ի՞նչ կարեւոր է, թե Արցախն այսօր ինչ կարգավիճակ ունի: Եթե այստեղ ապրում են երեխաներ, նրանք պետք է հավասար կրթական հնարավորություններ ունենան»:

 

Տարբեր երկրների 33 հայտից ընտրվեց 5-ը, այդ թվում՝ Արցախի «Ֆուտբոլ՝ բոլորի համար» նախաձեռնությունը: Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հին շեն, Մեծ շեն եւ Եղծահող համայնքներում գործող ֆուտբոլային ակումբների նպատակը առողջ ապրելակերպը խթանելն է, ուզում են մարզական կրթությունը հասանելի դարձնել բոլորին, իրականացնել մարդասիրական կրթություն: Տեսական եւ գործնական պարապմունքներն անցկացնում  են երեք համայնքից հավաքագրված կամավորները:

 

Արտակարգ դրության պատճառով ակումբի աշխատանքները եւս ընդհատվել են:

 

«Ֆուտբոլը դառնում է հարթակ մարդասիրական կրթության հիմքերը դնելու համար: Երբ ասում եմ՝ գնում ենք կողքի գյուղի էրեխեքի հետ ֆուտբոլ խաղալու, միանգամից ոգեւորվում են՝ գնանք, հաղթենք: Բայց խոսքը հաղթելու մասին չէ: Խաղը կարող է լինել ընկերական, հնարավորություն տալ աճելու, զարգանալու, ամենակարեւորը՝ շփվելու, խաղի միջոցով կարող ես քննադատական մտածողություն զարգացնել, մարդուն օգուտ տալ: Երեխաները սովորում են թիմով աշխատել, սովորում են աշխատանքի ընթացքում հարգել իրար: Դառնում են նախաձեռնող, հավատում են, որ կարեւոր են թիմում, որ իրենց համայնքում կարող են ինչ-որ բան ստեղծել, ինչ-որ բանի հասնել»:

Լուսանկարը` Սոնա Գեւորգյանի արխիվից

Հին շենի երեխաների ուշադրության կենտրոնում հիմա արգենտինական «Ուրական» թիմն է: Վերջերս, երբ թիմի հայազգի խաղացող Բրիասկո Բալեկյանը գոլ խփեց, դպրոցի բակում նրա անունով մի ծառ տնկեցին, նկարահանեցին եւ ուղարկեցին Բրիասկոյին՝ խոստանալով, որ ֆուտբոլիստի եւ նրա թիմի խփած ամեն գոլի դիմաց մի ծառ են տնկելու: Բրիասկոն անմիջապես արձագանքել է, խոստացել իր ստորագրությամբ մարզաշապիկ ուղարկել եւ ցանկություն է հայտնել հանդիպել Հին շենի երեխաներին:

 

Չինարիում ինքնամեկուսացել, վերադարձել են տուն՝ բնություն

 

Երբ դասերը հետաձգելու որոշումը եղավ, հանգստյան օրեր էին, ու Մարիամը Երեւանում էր: Աշակերտներն անհանգիստ գրում էին. «Ընկե՛ր Գրիգորյան, մի՛ մնացեք, եկե՛ք գյուղ, էստեղ ավելի ապահով է»:

 

Մարիամը վերադարձավ Չինարի, թեեւ աշակերտների հետ շփումը խիստ սահմանափակ է: Ստիպված կիսատ են թողել աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամանների ձեռքբերման, դպրոցում «Ազատ գրքեր» ծրագրերը: Աշակերտներից մեկը հինգ գրադարակ է պատրաստել ու փակցրել դպրոցի տարբեր հատվածներում, որ ցանկացողները գրքերը վերցնեն, կարդան ու վերադարձնեն:

 

Կենսաբանության դասերն անում են առցանց: Քանի որ դասարանները փոքրաթիվ են՝ մինչեւ տասը աշակերտ, Մարիամը հույս ուներ, որ գործնական աշխատանքների ժամանակ կհանդիպեն, բայց տեղաշարժի սահմանափակումների պատճառով դրանից էլ  հրաժարվեցին:

Լուսանկարը` Մարիամ Գրիգորյանի արխիվից

Մինչեւ մեկուսանալու որոշումը, հասցրել էին ավարտել դպրոցի դարպասների նկարազարդումը: Սա «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Չինարի եկած ուսուցչուհու առաջին նախաձեռնությունն էր: Երբ ֆեյսբուքում դրամի հայթայթման հայտարարություն գրեց, Չինարիի՝ Մոսկվայում ապրող բնակիչներն արագ արձագանքեցին: Եկավ Երեւան, ուղարկած գումարով ներկեր գնեց ու վերադարձավ: Իր գաղափարի մասին հպանցիկ պատմել էր միայն 11-12-րդ դասարանցիներին: Անհանգիստ էր, կասկածում էր, թե կմիանան:

 

«Ես մտածել, տրամադրվել էի, որ գուցե ոչ ոք չգա: Բայց ճանապարհին աշակերտները եկան, միացան, օգնեցին, ձեռքիցս ներկերը վերցրին: Գնացինք դպրոցի բակ, ու տեսնեմ՝ մի 20 աշակերտ հավաքվել է: Չեմ կարող ասել, թե ինչ էի զգում այդ պահին, աննկարագրելի էր:

 

Սկսեցինք նկարել Վան Գոգի «Աստղազարդ գիշերը», որ դարպասին ամենամեծ տեղն է զբաղեցնում: Նկարելը բարդ էր, բայց աշակերտները, իրար փոխարինելով, մի օրում ավարտեցին: Երեկոյան 8-ին շատ գոհ, երջանիկ գնացին տուն: Այդ օրը հասկացա, որ գուցե շատ բաներ իրենց չասեմ, բայց պիտի անեմ, օրինակ ծառայեմ»:

Լուսանկարը` Մարիամ Գրիգորյանի արխիվից

Հետո դարպասներին ավելացան Մինասի, Սարյանի նկարները, Թումանյանի քառյակները, Կոմիտասին նվիրված տողեր:

 

Երբ Մարիամին առաջին անգամ այցելեցինք, նոր էր տեղափոխվել Չինարի, դասերը դեռ չէին սկսվել: Շփոթված էր, անհանգիստ, վախենում էր, որ չի կարող աշակերտներին ոգեւորել:

 

«Երկու ամիս անց կյանքս փոխվեց: Եթե հիմա նորից նյութ պատրաստեք, կլինի պատմություն ուրիշ մարդու մասին, ուրիշ աշխարհի»:

 

Այս օրերին Մարիամն ավելի շատ ազատ ժամանակ ունի, գյուղատնտեսական աշխատանքներ է անում: Տնամերձ հողամասում ծաղիկներ է մշակում, խաղողի ճյուղերն էտում:

 

«Ինքնամեկուսացումը, տանը մնալը ես այլ կերպ եմ հասկացել՝ վերադարձի՛ր տուն: Իսկ  տունը բնությունն է, զբաղվիր բնությամբ, հողի հետ աշխատիր: Այս շրջանում բնությունը մարդուն հետադարձ կապ է տալիս՝ մոռացել ես, վերադարձի՛ր, հիշի՛ր ինձ»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին