-Մարիա'մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես...
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կապիտան Հովսեփ Կիրակոսյանի՝ կնոջն ուղղված վերջին պատգամն էր: Ինքը՝ Հովսեփը, շտապում էր. հակառակորդի ձեռնարկած լայնածավալ մարտական գործողությունների ժամանակ կապիտանն իր զինվորներին մենակ թողնել չէր կարող:
«Գիշերվա ժամը 3-ն էր: Արթնացա պատուհանի թակոցից: Հովսեփին հանեցի քնից, նա դուրս եկավ ու, վայրկյաններ անց, հետ վերադարձավ տուն: Անհանգիստ էր: Միայն մի բան ասեց՝ «Երեխեքի շորերը հագցրու, իջեք նկուղ»: Չհասցրեց անգամ ինձ օգնել, որ երեխեքի շորերը հագցնեմ: Ինքն արագ հագնվեց ու դուրս եկավ տանից: Չեմ հիշում, թե ինչ վիճակում մեծ տղայիս շորերը հագցրեցի, փոքրին էլ, վերմակով ծածկած, գրկեցի ու վազեցինք նկուղ:
Կարճ ժամանակ անց Հովսեփը վերադարձավ, արագ հագավ դաշտային համազգեստը, մեզ հաջողություն մաղթեց ու գնաց... այդ ընթացքում միայն հասցրեց ասել, որ երեխեքի հետ փախնեմ տանից: Ասացի՝ «Հովսեփ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ», ասեց՝ «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել: Ասեց՝ «Մարիա'մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես» ու գնաց...»,- պատմում է Հովսեփի կինը:
Մարիամին՝ երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվեց փախչել: Հովսեփի ընկերոջ կինը, ով նրանց հարեւանուհին էր, առաջարկեց նստել մեքենան ու հեռանալ գյուղից՝ իրենց հետ վերցնելով Մատաղիսում բնակվող եւս երկու զինվորականի կանանց ու երեխաների:
«Ընդամենը չորս օրվա վարորդ էր այդ կինը: Որոշեցինք՝ փախնում ենք: Կարեւոր չէր՝ մեքենան ձորը կգլորվեր, ինչ-որ տեղ կհասնեինք, թե՝ ոչ. այդ պահին կարեւորն ամեն գնով այնտեղից փախնելն էր: Հիմա միայն կրակոցների ձայնն եմ հիշում: Սարսափելի էր: Մեքենայի վրա կրակում էին: Մեզ հետ մի հղի կին կար, նրա ու վախեցած երեխաների մասին էինք մտածում: Ճանապարհին մի մեքենայի հանդիպեցինք, որի վարորդը կրակոցից վիրավորվել էր: Այդ մեքենայում գտնվող երկու կանանց ու երեխաներին էլ վերցրեցինք մեզ հետ: Երբ հասանք Մարտակերտ, Հովսեփը զանգեց, ասացի, որ այնտեղից մեքենան պետք է փոխենք ու գնանք Ստեփանակերտ՝ մեր աղջիկներից մեկի սկեսրոջ տուն: Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց՝ «Մարիա՛մ, կգամ ձեր հետեւից». դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է...»:
Հետո Մարիամի համար մի նոր ու անհասկանալի իրավիճակ պետք է ստեղծվեր՝ ինչո՞ւ է ամուսնու հեռախոսն անջատած, իսկ ընկերները, որոնք մինչ այդ նրա կողքին էին, ասեին, թե հեռու են նրանից ու հեռախոսը չեն կարող փոխանցել կապիտանին: Հովսեփն այդ ընթացքում հասցրել էր զանգել նաեւ Արմավիրում գտնվող եղբորը՝ ասելով, որ «շուտ հասնի Արցախ՝ կնոջն ու երեխաներին փրկելու»:
Ծառայակից ընկերները պատմում են՝ 25 զինվորին թողնելով խրամատում՝ կապիտան Կիրակոսյանը դուրս է եկել բաց դաշտ՝ հակառակորդի հետ կռվի, որի ժամանակ էլ վիրավորվել է: Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ արնահոսող Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»: Մարտի ընթացքում Կիրակոսյանի 25 զինվորից երկուսը վիրավորվել են, որոնց վիճակն այս պահին կայուն է գնահատվում:
Հիմա ընկերը Մարիամին ու Հովսեփի ծնողներին շարունակ մի բան է ասում՝ «Կներեք, որ չկարողացանք փրկել նրա կյանքը: Մինչեւ վերջ ասաց, թե ինքը լավ է, մենք պետք է շարունակենք կռիվը»:
«Չորս օրվա պատերազմն արցախյան առաջին պատերազմից ավելի դաժան թվաց: Ամեն օրն ասես մի տարի լիներ: Չեմ պատկերացնում, թե ինչ բարձր պատասխանատվության զգացում պետք է ունենա սպան զինվորի ծնողի առջեւ, որ իր կնոջն ու երեխաներին օգնել չհասցնի՝ մտածելով, թե զինվորի ծնողների աչքերին պետք է նայել կարողանա: Իմ աչքերը թաց մնացին, բայց հպարտ եմ տղայիս արածով»,-ասում է հերոսի մայրն ու հիշում, թե ինչպես են ամուսնու հետ, տարիներ շարունակ, փորձել Հովսեփին հետ պահել զինվորական դառնալու մտադրությունից:
Լուսանկարը` Կիրակոսյանների ընտանեկան արխիվից
Հովսեփը ռազմական ինստիտուտ ընդունվելու համար առաջինը ռազմագիտության ուսուցչին է ասել, հետո՝ ծնողներին, իսկ մորը հորդորել, որ համոզի հայրիկին, ով մեկ ամիս շարունակ չի ստորագրել որդու դիմումը:
«Վերջում Զինվորական կոմիսարիատից մարդ եկավ տուն՝ ասելով, թե «Տղայիդ երազանքը ինչի՞ չես թողում իրականանա, ստորագրի թող գնա»»,- հիշում է հայրը:
Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Հովսեփը տեղափոխվել է Ստեփանակերտի զորամաս, իսկ պայմանագրի ավարտից հետո՝ 7 ամիս առաջ՝ Մատաղիս: Հայրը պատմում է, որ այդ ընթացքում որդին առաջարկ է ստացել տեղափոխվել Նոյեմբերյանի զորամաս, բայց Հովսեփը վստահ էր՝ «Արցախն ավելի խոցելի է» ու, ինչպես ինստիտուտ ընդունվելուց էր ասել՝ «Որոշել եմ, պետք է գնամ», այնպես էլ՝ առաջնագիծ գնալուց:
«Ասում էի, բալես, վտանգավոր է, երկու երեխա ունես, առաջին գիծ մի գնա, զայրանում էր՝ «Մա՛մ, որ բոլորը վտանգի մասին մտածեն, մեր հողն ո՞վ է պահելու: Սկուտեղի վրա մեր հայրենիքը չենք մատուցելու թշնամուն, սա մեր պարտքն է»»:
Տեսնելով տատիկի արցունքները՝ Հովսեփի երեք տարեկան որդին՝ Գեղամը, վազում է նրա մոտ ու կրկնում տասն օրից ավել անգիր արած, բայց իր համար համոզիչ խոսքերը՝ «Տատի՛կ, մի՛ լացի, Հոսոս թուրքերին կսպանի ու կգա մեր հետեւից», հետո էլ պտտվում է մոր կողմն ու վստահեցնում՝ «Հոսոյի հեռախոսի մարտկոցն է նստել, դրա համար չի կարողանում պատասխանել»:
Լուսանկարը` Կիրակոսյանների ընտանեկան արխիվից
Կապիտանի երեխաները սպասում են հոր վերադարձին: Երկու տարեկան Էրիկն ամեն օր, քնելուց առաջ, ասում է, թե «Երբ շատ մութ լինի, Հոսոն տուն է գալու», առավոտյան էլ ինքն իր վրա զայրանում՝ «ինչո՞ւ ուշ արթնացավ ու Հոսոյին էլի չտեսավ»:
Լուսանկարը` Սուրեն Ստեփանյանի
Էրիկի աչքերում կարոտը խեղդող ու լուսարձակող ժպիտ է հայտնվում, երբ ձեռքումս տեսնում է հոր լուսանկարները՝ «Վա՜յ, Հոսոս ա: Բա ինչի՞ է էստեղ եկել: Ինքը գնացել է թուրքերի հետ կռվելու: Ի՞նչ է անում Հոսոս...». չկարողանալով պատասխանել երեխայի հարցերին՝ փորձում եմ փակել ալբոմն ու շեղել նրա ուշադրությունը, բայց փոքրիկը զայրանում է՝ «թո՛ղ, իմ Հոսոն ա, մի՛ տար», վերցնում է ալբոմն իմ ձեռքից ու փոխարենն ինքն ինձ «խաբում» իր խաղալիք ատրճանակով...
Հովսեփի կինը վստահ է՝ եթե երեխաների մոտ մարդ լիներ, այդ պահին, առանց վարանելու, կգնար ամուսնու հետեւից:
«Հովսեփը սպասում էր այդ օրվան: Միշտ ասում էր՝ «Մար, ուշ թե շուտ, մի օր սկսելու է»: Բայց այդպես չէինք պատկերացնում: Այս անգամ ես էլ էի կարծում, թե թուրքը հերթական խաղն է խաղում»:
Կարգապահ, անվախ, բանիմաց, հպարտ, շատ ուշադիր ու հոգատար սպա. այսպիսին է կապիտան Կիրակոսյանը ծառայակից ընկերների աչքերում: Ասում են, ամեն գիշեր, քնելուց առաջ գնում էր զորամաս՝ տեսնելու արդյո՞ք ամեն ինչ կարգին է:
«Չեր սիրում, երբ իրեն խաբում էին, ամեն ինչ պետք է իր աչքով տեսներ, որ հավատար: Արգելում էր, որ զինվորը տանից ինչ-որ բան ուզի: Ամանորին կամ ծնունդ ունենալու դեպքում, հաճախ, ինքն էր ինչ-որ բան գնում ու խնդրում պատրաստեմ, որ տանի վաշտի տղաներին հյուրասիրելու: Վերջին անգամ էլ, տղաներից մեկի ծննդյան առթիվ, ձուկ պատրաստեցինք»,-պատմում է կինն ու հավելում,- «Զինվորների առջեւ մի պայման էր դրել՝ ցանկացած առիթ նշելուց ալկոհոլը պետք է հյութով փոխարինեն»:
Լուսանկարը` Կիրակոսյանների ընտանեկան արխիվից
Կապիտան Կիրակոսյանը երկու զինվորի պատրաստվում էր սերժանտի կոչում տալ: Ասում են՝ բանավոր ասել էր, բայց չհասցրեց պաշտոնապես շնորհել: Ինքն էլ ամիսներ անց պետք է մայոր դառնար:
«Մի անգամ զանգեց, ասեց՝ «Մա՛մ, դասերի եմ գնում: Մի քանի ամսից՝ 28 տարիս հենց լրանա, մայոր եմ դառնալու»: Ձայն չհանեցի, ասաց՝ «Մա՛մ, ուրա՞խ չես: Ուզես, թե՝ ոչ, ես զինվորական եմ, սա իմ կյանքն է»:
Հովսեփ Կիրակոսյանը, սակայն, շատ էր սիրում կապիտանի կոչումը: Որոշել էր՝ մայոր դառնալուց հետո էլ շարունակելու էր ուսումն ու օրինակ ծառայելու իր տղաներին: Երազում էր, որ որդիներն էլ լավ կրթություն ստանան: Գեղամին տեսնում էր գիտության ոլորտում:
«Մեծ տղաս շատ է սիրում ռազմական գործը»,- ասում է Մարիամն ու, չկարողանալով զսպել արցունքները, հավելում,- «Երբեք չեմ ուզի, որ տղաներս զինվորական դառնան, բայց եթե իրենք որոշեն, չեմ կարող հետ պահել...»:
Հովսեփի մայրը հիշում է, թե ինչ ոգեւորությամբ էր տղան սպասում մայիսին իրենց զորամասում կայանալիք միջոցառմանը, որի ժամանակ Գեղամիկն էլ պետք է ելույթ ունենար: Հովսեփը որոշել էր՝ որդին այդ օրը զինվորական համազգեստ պետք է կրեր:
Լուսանկարը` Կիրակոսյանների ընտանեկան արխիվից
«Թող ոչ մի մոր աչք երբեք չարցունքոտվի, այս ցավը ոչ ոք չտեսնի: Հիմա միայն խաղաղություն եմ ուզում ու գիտակցում, որ, ինչպես Հովսեփս էր ասում, հողը պահելու համար նաեւ արյուն է թափվում. մեր հայրենիքը սկուտեղի վրա չպետք է մատուցենք թշնամուն»:
Հերոսի մայրը, իր մեջ խեղդելով օր օրի կարծրացող ցավը, փորձում է զբաղեցնել Հովսեփի՝ «կռիվ-կռիվ» խաղացող փոքրիկներին: Մարիամը դեռ փորձում է գիտակցել կատարվածը՝ հույս հայտնելով, թե ապրիլի 1-2-ին տեսածն ու դրանից հետո եղածը երազ է, որից շուտով արթնանալու է, հետո նայում է երկու որդիներին ու հիշում ամուսնու պատգամը՝ «Մարիա'մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես...»:
Կիրակոսյանի՝ խրամատում կանգնած զինվորներն էլ չեն մոռանում արդեն հերոս կապիտանի հրամանը, որը դեռ երկար կհնչի այդ հողի վրա, ու, անցնելով սերնդե սերունդ, սահմանապահ զինվորին միշտ կհիշեցնի՝ «Տղերք, ես լավ եմ, դուք կռվե՛ք...»:
Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Սուրեն Ստեփանյանի եւ Կիրակոսյանների ընտանեկան արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: