Երեւան: Մեդիամաքս: Գյումրիում ավարտին է մոտենում թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը, որն իրականացվում է Մեդիամաքս-ի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) եւ ավստրալիական Do Something կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում:
Առաջիկայում շինարարները նախատեսում են ավարտել դպրոցի ներքին հարդարման աշխատանքները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության շնորհիվ դպրոցը ապահովված կլինի նոր կահույքով:
Դպրոցի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 20-ին: Բացմանը կմասնակցեն ռոք-աստղ, Deep Purple խմբի մեներգիչ Իէն Գիլանը` տիկնոջ հետ, եւ Do Something կազմակերպության գործադիր տնօրեն, Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին:
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի կառուցմամբ իր տրամաբանական ավարտին կմոտենա 1989 թվականին մեկնարկած Rock Aid Armenia նախագիծը:
1988թ. Սպիտակի երկրաշարժից մի քանի ամիս անց 24-ամյա Ջոն Դին Լոնդոնում նախաձեռնեց Rock Aid Armenia նախագիծը: Բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple-ի Smoke on the Water երգը եւ օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին:
Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին Հայաստանում 2009 թվականին:
Լուսանկարը` PanArmenian Photo:
2009 թվականին Մեդիամաքս-ը որոշեց երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia-ի մասնակիցներին եւ կապ հաստատեց Ջոն Դիի հետ: Քանի որ Ջոնն իր հերթին նախատեսում էր վերաթողարկել Rock Aid Armenia-ի Smoke on the Water ձայնագրությունը, Մեդիամաքսն ու Do Something-ը որոշեցին համատեղել ջանքերն ու իրականացնել Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագիծը: Նախագծի գլխավոր հովանավոր դարձավ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:
2009թ. հոկտեմբերին Մեդիամաքս-ը Հայաստան հրավիրեց Իէն Գիլանին Deep Purple-ից, Թոնի Այոմիին Black Sabbath-ից, Ջեֆ Դաունսին Yes/Asia-ից եւ Ջոն Դիին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրանք պարգեւատրվեցին Պատվո շքանշանով: Ավելի ուշ Բրայան Մեյը Queen-ից եւ Դէվիդ Գիլմորը Pink Floyd-ից իրենց Պատվո շքանշանները ստացան Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատանը:
Հայաստան կատարած այցի ընթացքում Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Ջեֆ Դաունսն ու Ջոն Դին այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որը տեղակայված էր երկաթե տնակներում եւ, չնայած տարրական պայմանների բացակայությանը, շարունակաբար պատրաստում էր տաղանդավոր երեխաների:
Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) երկար տարիներ աջակցել էր դպրոցի անապահով սաներին, որոնց կատարումը անտարբեր չթողեց նաեւ Իէն Գիլանին, Թոնի Այոմիին ու Ջեֆ Դաունսին: Նրանք Ջոն Դիի հետ համատեղ հայտարարեցին, որ կօգնեն վերակառուցել դպրոցը: Այս առիթով 2009թ. վերջին ՀՕՖ-ը, Մեդիամաքս-ը ու Do Something-ը եռակողմ համաձայնագիր ստորագրեցին:
2010թ. մարտին Մեդիամաքս-ը եւ Do Something-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ Երեւանում կազմակերպեցին Իէն Գիլանի ու Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու բարեգործական համերգները, ինչի շնորհիվ 45.000 ԱՄՆ դոլար փոխանցվեց դպրոցի վերակառուցման համար բացված հաշվեհամարին:
2 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հավաքագրվեց մոտ 110.000 ԱՄՆ դոլար:
Գումարի հավաքագրմանն իրենց մասնակցությունը ունեցան նաեւ ՀՀ կառավարությունը, Ջեֆ Դաունսը, EMI Records եւ Orange Armenia ընկերությունները:
Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը 2009 թվականին:
Լուսանկարը` Հայ Օգնության Ֆոնդ:
Նախագիծը մշտապես գտնվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում` ստանալով կարեւոր աջակցություն:
2010թ. Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հիմնեցին WhoCares ժամանակավոր սուպեր-խումբը` Գյումրիի դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով: 2011թ. մայիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի առաջին սինգլը երկու նոր երգերով` Out of My Mind եւ Holy Water: 2012 թվականին հուլիսին Edel Music-ը թողարկեց WhoCares-ի ալբոմը, որտեղ ներկայացված են Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի նախկինում չթողարկված եւ հազվագյուտ երգերի հավաքածուն: Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին դպրոցին փոխանցեցին 15.000 ԱՄՆ դոլար` որպես կանխավճար:
2012 թվականին ամռանը ՀՕՖ-ը Մարդիգյան ընտանիքի Հիմնադրամին ներկայացրեց այս հետեւողական ջանքերը: Մի քանի օր անց Հիմնադրամը տեղեկացրեց ՀՕՖ-ին, որ կեռապատկի մինչ օրս հավաքագրված գումարը: Այս շռայլ նվիրատվությունը ՀՕՖ-ին, Մեդիամաքս-ին ու Do Something-ին հնարավորություն տվեց սկսել նախագծի իրագործումը` 2012թ. օգոստոսին սկսվեց դպրոցի շինարարությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: