Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 23-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում Փակ շուկայի մասին պատմող հաղորդմամբ ավարտվեց Մեդիամաքս-ի «Երեւան. XX դար» նախագծի հեռուստատեսային տարբերակը:
Հոկտեմբերից 7-ից դեկտեմբերի 23-ը եթեր հեռարձակվեցին 12 հաղորդումներ`«Էրեբունի-Երեւան» շատրվանների, «Կոզիրյոկ» սրճարանի, «Կասկադի», «Կարապի լճի», Մանկական երկաթուղու, «Էներգետիկների շենքի», «Մարգարյան հիվանդանոցի», «Մոսկվա» կինոթատրոնի, նախկին Կենտրոնական հանրախանութի, Կայարանի շենքի, «Անի» hյուրանոցի եւ Փակ շուկայի մասին:
Հաղորդումները հասանելի են այս հղումով:
«Ի սկզբանե, «Երեւան. XX դար» հաղորդաշարի առջեւ ռեյտինգ ապահովելու խնդիր չէր դրվել, սակայն ստացվեց այնպես, որ եւ մենք, եւ Մեդիամաքսը պարգեւատրվեցինք, քանի որ հաղորդումները ոչ միայն որակյալ էին, այլեւ ռեյտինգային բավական լավ ցուցանիշներ ունեցան: Շատ գոհ եմ եւ ուրախ, որ մի քանի ամսվա ընթացքում Մեդիամաքսի հետ իրագործեցինք այդ ամենը: Այս նախագիծը բացառապես լավ արձագանքների արժանացավ», - ասել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը Bravo.am-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, հաղորդաշարը սիրվեց եւ հաճելի հիշողություններ արթնացրեց շատ երեւանցիների մոտ: Այն փաստը, որ հաղորդումները բավական բարձր վարկանիշ ունեցան, վկայում է այն մասին, որ հասարակությունն իրականում է պատրաստ է որակյալ հաղորդումներ դիտել, պարզապես պետք է գտնել դրանք մատուցելու ճիշտ ձեւը», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Մեդիամաքս-ի տնօրենը շնորհակալություն է հայտնել հաղորդման վարող Ռուզան Մելյանին եւ «ԹՈՒՄՈ Դիզայն» ընկերությանը` Վիգեն Թումանյանի գլխավորությամբ:
«Միանշանակ է, որ առանց Ռուզան Մելյանի այս հաղորդաշարն այսքան հաջողված չէր լինի: Ուրախ եմ, որ երկար դադարից հետո Ռուզանին կարողացանք վերադարձնել հեռուստաէկրան: Վիգեն Թումանյանն ու իր երիտասարդ թիմը ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի կարողանանք ստանալ իսկապես որակյալ հաղորդաշար, ինչը ես շատ եմ գնահատում», - ասել է Արա Թադեւոսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: