Ներկայացնում ենք Կոլումբիայի իրավաբանական դպրոցի համեմատական իրավունքի պրոֆեսոր Կաթարինա Փիսթորի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Կաթարինա Փիսթոր
ԱՄՆ-ի այս ընտրությունները նշանավորում են այն, ինչ գերմանացիներն անվանում են Zeitenwende՝ շրջադարձ: Ընտրողները հասկացնում են, որ փոփոխություն են ուզում:
Ճիշտ է, քաղաքական կուսակցությունները, որոնք խոստացել էին պաշտպանել ստատուս-քվոն, այս տարի պարտվել են բազում երկրների ընտրություններում: Սակայն դժվար է գերագնահատել այն փաստը, որ աշխարհի ամենահին ժողովրդավարության ընտրողները մերժեցին իրենց երկրի սահմանադրական հիմքերը՝ օրենքի գերակայությունը, անկախ եւ անկողմնակալ դատական համակարգը, պատշաճ ընթացակարգը եւ իշխանության կանոնավոր փոխանցումը:
Մեղադրանքները սկսեցին հնչել նախքան գիտակցվեցին ընտրությունների արդյունքները եւ, իհարկե, կենտրոնանացան էլիտարության, ինքնության եւ հենց պարտվող թեկնածուի վրա: Կշտամբանքների այս շրջանը կմասնատի Դեմոկրատական կուսակցությունը եւ է՛լ ավելի անկարող կդարձնի ապագայում կառավարելու համար: Այն նաեւ կշեղի ուշադրությունը ամենամեծ խնդրից՝ կապիտալիզմից: Ժողովրդավարությունը պտուտակաձեւ անկում է ապրում, քանի որ ենթարկվում է սոցիալ-տնտեսական ռեժիմին, որը բոլորին հանում է բոլորի դեմ՝ քայքայելով կոնսենսուսի եւ հավաքական որոշումներ կայացնելու կարողությունը:
Առաջին անգամը չէ, որ կապիտալիզմը տապալում է ժողովրդավարությունը։ Մեկ դար առաջ Եվրոպայում շուտափույտ ինդուստրացման հետեւանքները անհատների եւ համայնքների հաշվին երեւան բերեցին կոմունիզմն ու ֆաշիզմը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տնտեսական պատմաբան Կառլ Փոլանյին գրել էր, որ իր դարաշրջանի քաղաքական ցնցումների հիմնական պատճառը տնտեսական համակարգն է, որը հասարակությունը ստորադասում է շուկայական սկզբունքին:
Լուսանկարը` REUTERS
Խնդիրը, ըստ Փոլանյիի, սկսվեց 19-րդ դարի սկզբին՝ Անգլիայում «աղքատների մասին օրենքների» վերացումից: Արմատախիլ արված, հողազուրկ մարդիկ այլ ելք չունեին, քան գաղթել քաղաքներ, որտեղ նրանց որպես էժան աշխատուժ շահագործում էին գործարաններում: Թեեւ այս համակարգը, անկասկած, բարեկեցություն ստեղծեց, չափազանց շատ մարդիկ դրա համար ահռելի մեծ գին վճարեցին: Եթե չլինեին Առաջին համաշխարհային պատերազմի ավերածությունները, զանգվածների կողմից դրա դեմ հակազդեցությունը շատ ավելի երկար կտեւեր:
Միացյալ Նահանգները, որոնք կռվեցին Առաջին համաշխարհային պատերազմում, բայց ոչ իրենց հողի վրա, խուսափեցին հակազդեցությունից՝ չնայած 1930-ականների տնտեսական անկմանը: Կարեւորն այն էր, որ նախագահ Ռուզվելթի վարչակազմը արեց մի բան, որը մյուս երկրները չարեցին. ամերիկացիներին տվեց բավական տնտեսական ապահովություն, որպեսզի կարողանան ավելի լավ ապագա կերտել իրենց ընտանիքների համար:
Այս անգամ իրավիճակն այլ է, եւ ոչ միայն ԱՄՆ-ում։ Մենք ապրում ենք մի համակարգում, որը, ինչպես հայտարարել է քաղաքական գործիչների մեծ մասը, այլընտրանք չունի: Իրականում նրանք վաղուց չեն վերահսկում համակարգը եւ չունեն այլ բան պատկերացնելու կարողություն կամ կամք: Հանգուցյալ Ֆրեդրիկ Ջեյմսոնի աֆորիզմը, որ «ավելի հեշտ է պատկերացնել աշխարհի, քան կապիտալիզմի վերջը», կրկին արդիական է, եւ դժվար չէ հասկանալ, թե ինչու: Կառավարությունները մանեւրելու շատ քիչ տեղ ունեն, որպեսզի չպատժվեն (բացարձակապես անբարո) ֆինանսական շուկաների կողմից: Ֆինանսական գլոբալիզացիան, որը վաղուց հռչակվել է քաղաքականություն մշակողներին սաստելու գործիք, հասարակությունների ճակատագիրը հանձնել է ներդրողներին, որոնք մտահոգված են միայն գնային ազդանշաններով եւ անտեսում են մարդկային կարիքները:
Լուսանկարը` REUTERS
Կառավարությունները կապեցին սեփական ձեռքերը՝ հույս ունենալով, որ շուկաները կբերեն կապիտալ, ապրանքներ եւ աշխատատեղեր: Հավատալով, որ պետք է չկանգնեն շուկայի ճանապարհին, նրանք բացեցին իրենց երկրները կապիտալի ազատ հոսքերի համար, թեեւ աջակցում էին ակտիվների եւ միջնորդների ընտրովի իրավական կոդավորմանը՝ հօգուտ ունեւորների: Ավելի ուշ նրանք իրենց կենտրոնական բանկերին խորհուրդ տվեցին փրկել միջնորդներին, որոնք սպառնում էին եւս մեկ ճգնաժամով տապալել ողջ ֆինանսական համակարգը:
Երկրները ընդունեցին նաեւ միջազգային պայմանագրեր, որոնք բազմազգ կորպորացիաներին իրավունք տվեցին դատի տալ պետություններին՝ իրենց ներդրումների շահութաբերությանը վնասելու կամ «անարդար եւ անհավասար» վերաբերմունքի համար: Քանի որ այս գործերը պետք է վարի արտերկրում տեղակայված արբիտրաժային տրիբունալը, կառավարությունները փաստացիորեն զինաթափեցին իրենց դատարանները եւ խարխլեցին իրենց սահմանադրությունները (որոնց դրույթները չեն կարող օգտագործվել որպես պաշտպանություն միջազգային պայմանագրերի խախտումներից):
Որոշ երկրներ (հատկապես Գերմանիան) նույնիսկ հասան նրան, որ թույլ չեն տալիս ապագա ընտրված կառավարություններին լրացուցիչ պարտքային ֆինանսավորում ներգրավել՝ սահմանադրության մեջ ամրագրելով հավասարակշռված բյուջեի պահանջները: Մյուսներն իրենց ժողովրդին շղթայված պահեցին հարկաբյուջետային խնայողության քաղաքականության միջոցով, թեպետ հարուստները բարգավաճեցին ակտիվների եւս մեկ աճից, որին աջակցեց թույլ դրամավարկային քաղաքականությանը: Ոդիսեւսի պես, որն իր ձեռքերը կապել տվեց նավի կայմից, որպեսզի դիմակայի ծովահարսերի կանչին, կառավարությունները ուղիներ գտան խուսափելու իրենց ընտրողների կանչից: Ժողովրդավարական ինքնակառավարումը կորցրեց իր վստահությունը հակադեմոկրատական կուսակցությունների վերելքից շատ առաջ, եւ վերջիններն այժմ բացահայտ ծաղրում են այն:
Լուսանկարը` REUTERS
Փոլանյին ակնկալում էր, որ պատերազմին կհաջորդի մեկ այլ փոխակերպում, որի արդյունքում հասարակությունը կվերցնի վերահսկողությունն իր ձեռքը, այլ ոչ թե շուկաները: Այս նպատակով ընդունված իրավական եւ ինստիտուցիոնալ մեխանիզմները սկզբում աշխատեցին, սակայն հզոր մասնավոր դերակատարները եւ նրանց իրավաբանները շուտով գտան դրանք շրջանցելու ուղիները:
Պատերազմից երկու տասնամյակ անց արդեն սկսվեց այն, ինչ Գրեթա Քրիփները Միչիգանի համալսարանի անվանում է «ամերիկյան տնտեսության ֆինանսականացում»: Ֆինանսական եկամուտը դարձավ այն նպատակը, որին ստորադասվեցին բոլոր մյուս կարիքներն ու նկրտումները: Թեեւ այս գործընթացում կողմնակի տուժողները շատ էին, ամենամեծ հարվածը ստացավ հավաքական որոշումներ կայացնելու մեր կարողությունը:
Եթե կոմունիզմը եւ սոցիալիզմը չփլուզվեին հենց այն պահին, երբ ֆինանսականացումը սանձազերծվեց իր ողջ ուժով, շատերը ավելի վաղ կնկատեին դրա քայքայիչ ազդեցությունը ժողովրդավարության վրա: Փոխարենը կապիտալիզմը գովերգվեց, որպես միակ ճիշտ խաղը։ Արդյունքում մենք ականատես չեղանք «պատմության ավարտին», որը հայտարարել էր Ֆրենսիս Ֆուկույաման, երբ ավարտվեց Սառը պատերազմը: Մենք դատապարտված ենք վերապրելու այն. որպես ողբերգություն, թե ֆարս՝ դեռ կտեսնենք:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: