[Շարժում 1988/25]. Աշոտ Միրզոյան` Շարժման կենդանի լեգենդը - Mediamax.am

exclusive
15686 դիտում

[Շարժում 1988/25]. Աշոտ Միրզոյան` Շարժման կենդանի լեգենդը

Ղարաբաղյան շարժման հանրահավաքները չէին մեկնարկում առանց Աշոտ Միրզոյանի շեփորի հնչյունների: Նրան բոլորը հենց այդպես էլ անվանում էին`«Շեփոր Աշոտ»:

Լուսանկարը` Ա. Միրզոյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Միրզոյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Միրզոյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Միրզոյանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:


Հեռավոր 1988 թ.-ին նա չէր էլ պատկերացնի, որ հին ու անպետք թվացող շեփորից արձակած հնչյունները կարող են միավորել մարդկանց, մղել միասնական գործողությունների,  կանչել հանրահավաքներին: Ղարաբաղյան շարժման հանրահավաքները չէին մեկնարկում առանց Աշոտ Միրզոյանի շեփորի հնչյունների: Նրան բոլորը հենց այդպես էլ անվանում էին`«Շեփոր Աշոտ»:

 

Ինչպես ամեն ինչ սկսվեց

 

Աշոտ Միրզոյանը պատմում է, որ երբեք որեւէ կուսակցության անդամ չի եղել: Ոչ անցյալում, ոչ էլ հիմա:

 

«Ես ոչ մեկի հրահանգով կամ առաջարկով չեմ գնացել հանրահավաքներին: Դա եղել եմ իմ անձնական նախաձեռնությունը»:

 

Օպերայի հրապարակում անցկացվող հանրահավաքների մասին Աշոտ Միրզոյանը, ինչպես հազարավոր այլ քաղաքացիներ, իմացել էր աշխատավայրում: Այդ ժամանակ քաղաքում տիրող իրավիճակի մասին լուրերի տարածման հիմնական հարթակը հենց աշխատավայրն էր:

 

«Աշխատում էի Նոր Նորքի վեցերորդ միկրոշրջանում գտնվող «Լազերային տեխնիկա» գիտահետազոտական ընկերությունում: Մի կին ասաց, որ Օպերայի բակում այսօր կարեւոր հավաք է լինելու: Լավ եմ հիշում այդ օրը, քանի որ ծննդյանս օրն էր՝ փետրվարի 21-ը: Երեկոյան հավաքվեցինք ընկերներիցս մեկի տանը՝ նա ապրում էր Բաղրամյանի վրա գտնվող ЦК-ի շենքի դիմաց: Այդ տանը հաճախակի էինք հավաքվում, նվագում: Տղաներից մեկն ասաց, որ Օպերայի մոտ հանրահավաք է: Երեւան էին ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամներ Դոլգիխն ու Լուկյանովը: Նրանք պետք է հանդիպեին Խորհրդային Հայաստանի ղեկավարության, ինչպես նաեւ ժողովրդի հետ: Քայլեցինք դեպի Օպերա: Այդ օրը մարդկանց թիվն ահռելի մեծ էր»:

 

Աշոտ Միրզոյանը պատմում է, որ մարդիկ, խիտ կանգնելու պատճառով, հաճախ կորցնում էին գիտակցությունը, ընկնում էին, իսկ շտապօգնության մեքենաներ չկային, ընկածներին հազիվ էին բարձրացնում գետնից ու տեղափոխում ազատ տարածություններ:

 

Լուսանկարը` Ա. Միրզոյանի արխիվից:

 

Այդ օրը մարդիկ սպասման մեջ էին: Անհամբերությամբ ակնկալում էին լսել Մոսկվայից ժամանած խորհրդային քաղաքական գործիչների մեկնաբանությունները Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Պատվիրակներն ուշանում էին, իսկ Օպերայի բակում հավաքվածների լարվածությունը՝ մեծանում: Հավաքվածներին միանում էին նոր խմբեր, մարդկանց օղակը սեղմվում էր, հրապարակը չէր տեղավորում այդքան մեծ բազմություն: Հարթակից ելույթ էին ունենում անհայտ դեմքեր, մարդիկ դժկամությամբ էին նրանց ընդունում, պահանջում էին, որպեսզի ելույթ ունենային Մոսկվայից ժամանածները: 

 

«Զգում էի, որ մարդկանց համբերությունը սպառվում է, իրավիճակը թեժանում էր: Կանգնած էի Օպերայի բակի ցայտաղբյուրի մոտ, առաջ շարժվելն անհնար էր: Ճակատագիր էր, թե պատահականություն, բայց շեփորն այդ օրն ինձ հետ էր: Կողքիս կանգնած երեխան նկատեց այն եւ խնդրեց, որ տամ իրեն: Տվեցի եւ նա փորձեց մի քանի հնչյուն արձակել: Դա նրա մոտ հաջող չստացվեց, ինչն առաջացրեց հավաքվածների դժգոհությունը: Իսկ ես գիտեի այդ շեփորի զորությունը, նրա հետ երկար ճանապարհ էինք անցել: Նկատելով ժողովրդի լարվածության աստիճանը եւ ցանկանալով ցրել այդ մթնոլորտը՝ վերցրի շեփորը երեխայի ձեռքից: Առաջին նոտան արձակեցի եւ կարծես զուգահեռ դրան մարդիկ, առանց որեւէ կոչի, բռունցքները վեր բարձրացրին: Ես նվագում էի, իսկ ամբոխը, մեկ զանգված դառնալով, շարժվեց դեպի Բաղրամյան փողոց՝ Կենտկոմի շենքի մոտ:

 

"Շեփոր Աշոտը" Ազատության հրապարակում 25 տարի անց:

 

Դա հեքիաթային, մոգական պահ էր: Լսեցի, որ մարդիկ սկսեցին լուռ ձայնակցել երաժշտությանը: Այդ պահին սարսուռ ապրեցի: Այն զգացողությունը, երբ մոտ կես միլիոն մարդ ձայնակցում է քեզ ու դա անում է առանց որեւէ կոչի, առաջարկության, այլ բնազդաբար, չես կարող պարզապես բառերով նկարագրել»:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

Աշոտ Միրզոյանն ասում է, որ կյանքում չի կարող մոռանալ, թե ինչպես Բաղրամյան պողոտայի ամբոխը բաժանվեց երկու մասի՝ ստեղծելով միջանցք, որպեսզի նա մոտենա Կենտկոմի շենքի դիմաց տեղադրված հարթակին: Նման միասնականության դրսեւորում նա ողջ կյանքում չի հիշում:

 

Ինչպես դարձավ հանրահավաքների մեկնարկը ազդարարող սիմվոլ

 

Աշոտ Միրզոյանը պատմում է, որ շարժման տարիներին հիշարժան պահեր շատ են եղել: Սակայն նա հատկապես առանձնացնում է հետեւյալը.

 

«Փետրվարի 21-ի հանրահավաքի հաջորդ օրը սովորականի պես գնացի աշխատանքի: Պարզվում է՝ շեփորի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ մարդիկ հաջորդ օրն առավոտյան հավաքվել են Օպերայի շրջակայքում, հարց ու փորձ անելով, պարզել, թե որտե՞ղ է աշխատում երեկվա շեփորահարը: Սովորականի պես աշխատում էի, երբ նկատեցի, որ մարդկանց մի մեծ թափոր կուտակվել է մեր շենքի դիմաց՝ պահանջելով, որ իրենց հետ վերադառնամ հանրահավաքներին ու սկսեմ նվագել»:

 

Լուսանկարը` Ա. Միրզոյանի արխիվից:

Աշոտը պատմում է, որ այդ օրերին մարդիկ այնքան միասնական էին, որ ամեն ինչ կարող էին իմանալ հարցուփորձի, ասեկոսեների միջոցով:

 

«Ամեն ինչ շատ հեշտ էր ու պարզ: Հավաքվում էին, բարձրաձայն քննարկում անելիքները ու հրապարակային որոշումներ ընդունում:»

 

Ի՞նչը միավորեց մարդկանց

 

Աշոտն առանձնացնում է նաեւ 1988 թ.-ի փետրվարի 26-ի հավաքը, երբ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: Աշոտ Միրզոյանի պնդմամբ, մասնակիցների թվի առումով դա ամենառեկորդային հանրահավաքն էր: Մարդիկ Երեւան էին ժամանել Լենինականից, Կիրովականից եւ այլ քաղաքներից: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս: 

«Այսքան տարիներ հետո ինձ ամենից շատ հետաքրքրում է, թե ո՞վ ձեռնարկեց, ինչպե՞ս սկսվեց այս ամբողջ պատմությունը: Ակնհայտ է ՝ժողովուրդը հասկացավ, որ պահը հասունացել էր, ու եթե դա չանենք հիմա, ապա հետո ուշ կլինի: Արթնացել էր մարդկանց ներքին ինքնապաշտպանական բնազդը: Ժողովուրդը հասկացավ, որ եթե այդ ժամանակ ոտքի չկանգներ, 1915 թ.-ը երկրորդ անգամ կկրկնվեր Արցախում: Սովետական դպրոցի, դաստիարակության, ճամբարական կյանքի, առօրյայի շնորհիվ մարդիկ նման համախմբում ցուցաբերեցին, միավորվեցին»:

 

Պատմական շեփորի անցած ուղին

 

Աշոտ Միրզոյանն ու իր շեփորն անբաժան ընկերներ են դեռեւս 1978 թ.-ից: Հենց այդ թվականին նա իր ծանոթների հետ Ֆիլհարմոնիայի համերգասրահի նկուղում գտավ գործիքը, որն արդեն անցել էր օգտագործման ոչ պիտանի իրերի շարքը:

 

«Ես շատ էի ուզում նվագել, բայց նոր շեփորները թանկ էին: Ծանոթներիս հետ գնացինք Ֆիլհարմոնիայի նկուղ, ու գտանք այնտեղ անմխիթար վիճակում գտնվող շեփորը: Բերեցի տուն, խնամքով վերականգնեցի: Տարիներ հետո այդ շեփորն իր հնչեղությամբ շատերին զարմացրեց»:

 

Շատ բարդ հակասական իրավիճակներ է հարթել երաժշտական այդ գործիքը: Օրինակ՝ Զվարթնոց օդանավակայանի դեպքերի ժամանակ, երբ ընդհարում եղավ խորհրդային զորքերի հետ: 

 

Լուսանկարը` Ա. Միրզոյանի արխիվից:

Ի՞նչ եղավ շեփորի հետ

 

1990-ական թթ. կեսերին Աշոտ Միրզոյանն ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ` իր հետ տանելով նաեւ հայտնի շեփորը: Սակայն այսօր մեր հերոսը ետ է բերել պատմական գործիքը Երեւան եւ ցանկանում է հանձնել այն Հայաստանի Պատմության թանգարանին: Աշոտը վստահ է, որ այդ շեփորը հայ ժողովրդի միասնականության եւ հաղթանակի ամենավառ խորհրդանիշներից է, որի մասին պետք է շատերն իմանան:

 

Աշոտ Միրզոյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

 

Շնորհակալություն ենք հայտնում Վիկտորիա Միրզոյանին` նյութի պատրաստմանը աջակցելու համար:

 

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին