Կոռուպցիան, բիզնեսը, միգրացիան ու ՀԱԷԿ-ը՝ ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթում - Mediamax.am

exclusive
7633 դիտում

Կոռուպցիան, բիզնեսը, միգրացիան ու ՀԱԷԿ-ը՝ ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթում


Լուսանկարը` PAN Photo


Փետրվարի 21-ին Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։

 

Մեդիամաքսն ուսումնասիրել է փաստաթուղթն ու «Պարզաբանում» խորագրում ներկայացնում է դրանում արծարծված կարեւոր հարցերի պատասխանները:

 

1. Փաստաթղթում ի՞նչ դեր է հատկացվում քաղաքացիական հասարակությանը:

 

Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթղթում նշվում է, որ քաղաքացիական հասարակությունը կարեւոր դերակատար է Արեւելյան գործընկերության համատեքստում, եւ Եվրամիությունն ու Հայաստանը կխթանեն դրա հետագա ներգրավվածությունը առաջնահերթությունների իրականացման գործում:

 

Կողմերը նաեւ կաշխատեն քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի, ինչպես նաեւ սոցիալական գործընկեր կազմակերպությունների եւ որոշումների կայացմանը նրանց մասնակցության հետագա զարգացման ուղղությամբ: Քաղաքացիական հասարակությունը խորհրդատվական մասնակցություն է ունեցել Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթղթի ստեղծմանը եւ կարեւոր դեր կունենա՝ մասնակցելով դրանց իրականացման մոնիտորինգին:

 

2. Ի՞նչ բարեփոխումներ են լինելու կառավարման եւ դատական համակարգերում:

 

Փաստաթղթով հստակեցվում է, որ ԵՄ-ն եւ Հայաստանը հավատարիմ են հետագա համագործակցությանը՝ մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության բարձրացման, ինչպես նաեւ հիմնարար ազատությունների նպատակի շուրջ: Նրանք միասին կաշխատեն Հայաստանի պետական կառավարման համակարգի, լավ կառավարման եւ դատական համակարգի շարունակական բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի ու քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղղությամբ: Գենդերային հավասարությունը, բնապահպանական եւ սոցիալական խնդիրները կլինեն գերակայող բոլոր բնագավառներում:

Կողմերը կակտիվացնեն իրենց ջանքերը պետական կառավարման համակարգի բարեփոխման գործում, ներառյալ՝ տեղական ինքնակառավարման մարմիններն ու իրավապահ մարմինները: Հատուկ կարեւորություն կհատկացվի օրենքի գերակայությանը, դատական համակարգի անկախության խթանմանը, արդարադատության մատչելիությանն ու արդար դատաքննության իրավունքին: Այս բարեփոխումը կմեկնարկի պետական կառավարման համակարգի բարելավման ռազմավարական ծրագրով: 

 

3. Կոռուպցիայի դեմ ինչպիսի՞ պայքար է տարվելու:

 

Կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է պետական կառավարման համակարգի բարեփոխման եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված երկրի ջանքերի հիմքում:

 

Համագործակցությունը կկենտրոնանա հակակոռուպցիոն մարմինների ուժեղացման եւ օրենսդրության վերանայման վրա: Մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում կլինեն պետական գնումների համակարգի, ակտիվների հայտարարագրման համակարգի (դրա պատշաճ կատարման) եւ հասարակական գործառույթների (գնումներ, մաքսեր, թույլատրագրեր) կառավարումը (որտեղ տնտեսական եւ այլ ռիսկերը բարձր են)՝ նպատակ ունենալով բարձր էթիկայի չափանիշների ապահովում եւ խուսափում շահերի բախումից:

 

4. Ի՞նչ քայլեր են նախատեսվում ֆինանսական կայունության խթանման համար:

 

Ֆինանսական հատվածի կայունությունն ու ճկունությունը բարձրացնելու համար ավելի կհզորացվի բանկային վերահսկողությունը՝ համապատասխան միջազգային նորմերին եւ լավագույն փորձին:

 

Հարկային եւ մաքսային վարչարարության արդիականացումն ու բարեփոխումները, ներառյալ միջազգային համագործակցությունն ու խարդախության դեմ պայքարի ուժեղացումը, կխթանեն պետական եկամուտների հավաքագրումը:

 

5. Ինչպե՞ս է բարելավվելու Հայաստանի գործարար միջավայրը:

 

Բիզնեսին աջակցող ներդրումային միջավայր, ինչպես արձանագրված է փաստաթղթում, ներառում է արդյունավետ մրցակցություն ապրանքների եւ ծառայությունների շուկաներում, երաշխավորված է էթիկայի բարձր չափանիշներով գործող ուժեղ, անկախ մրցակցային մարմնի կողմից, ինչպես նաեւ հակամենաշնորհային օրենսդրության արդյունավետ կիրառման մեխանիզմի եւ մտավոր սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության միջոցով:

 

Գործարար միջավայրի բարելավումը (բիզնեսով զբաղվելու դյուրացումը), ըստ փաստաթղթի, աճի խթանման գործիք կդառնա:

 

Թվային տնտեսության խթանումը, ներառյալ Հայաստանի թվային միջավայրի մերձեցումը ԵՄ թվային միասնական շուկայի հետ, կարեւոր կլինի Հայաստանի տնտեսության եւ հասարակության արդիականացման համար:

 

Կանաչ տնտեսությունը կայուն զարգացման համար կարեւոր աճի ուղի է ապահովում: Բնապահպանական խնդիրները, ներառյալ՝ կլիմայի փոփոխությունը, առաջնահերթություն կլինեն բոլոր համապատասխան քաղաքականություններում:

 

6. Ինչպե՞ս է ապահովվելու Հայաստանի մուտքը մեծ շուկաներ:

 

Փաստաթղթում ասվում է, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը կարիք ունի հաղթահարելու կապերի հետ առկա մարտահրավերները, իսկ երկրի ներսում որոշ շրջաններ տուժում են հեռավորությունից ու տնտեսական, քաղաքական, սոցիալական գործունեության կենտրոնի հետ ունեն կապակցման սահմանափակ միջոցներ:   

ԵՄ եւ Արեւելյան գործընկերության մյուս երկրների՝ մասնավորապես, Վրաստանի հետ համագործակցությունը, կարող է նպաստել երկրի աշխարհագրական իրավիճակի հետեւանքների մեղմմանը:

 

Հայաստանի մուտքը միջազգային շուկաներ բարելավելու համար կողմերը նաեւ կհամագործակցեն Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնված շրջանակներում՝ հստակ առաջնահերթության հիման վրա:

 

Անմիջական հարեւանությունից դուրս արդյունավետ կապերի եւ շուկայի զարգացման համար կարեւոր են քաղաքացիական ավիացիայի բարեփոխումները, որոնք ի վերջո, կբերեն ԵՄ-ի հետ ավիացիոն համաձայնագրի կնքմանը:

 

7. Ինչպե՞ս են փաստաթղթում կարգավորվում ՀԱԷԿ-ի եւ միջուկային էներգիայի վերաբերյալ հարցերը:

 

Փաստաթղթում ասվում է, որ քանի դեռ երկրում էներգիայի անհրաժեշտ քանակի ապահովման համար օգտագործվում է միջուկային էներգիան, միջուկային անվտանգության բարձր մակարդակի ապահովումն անհրաժեշտություն է, ինչի համար հիմք կծառայեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) ստանդարտներն ու ԵՄ չափանիշները եւ պրակտիկան:

 

«Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) փակումն ու շահագործման անվտանգ դադարեցումը եւ ճանապարհային քարտեզի/գործողությունների պլանի ավելի վաղ ընդունումը պետք է մնան առանցքային նպատակ, միեւնույն ժամանակ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ կայուն զարգացման պայմանների ապահովման համար անհրաժեշտ է այն փոխարինել նոր հնարավորություններով»,- ասված է փաստաթղթում:

 

8. Ինչպե՞ս են կարգավորվելու միգրացիոն հոսքերը:

 

Միգրացիոն հոսքերի կառավարման հիմքում կլինի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը:

 

ԵՄ-ն ճանաչում է Հայաստանի դերը Սիրիայից փախստականների վերաբնակեցման գործում, որով Հայաստանն իրավասու է դառնում ստանալու աջակցություն Սիրիայի ճգնաժամին արձագանքման ԵՄ տարածաշրջանային հիմնադրամի կողմից:

 

Պատրաստել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին