Յուրաքանչյուր երաժշտական գործիք նման է իր արարչին՝ թե բնավորությամբ, թե արտաքինով: Գործիքներ պատրաստող բոլոր վարպետները մի հարցում միաձայն են`գործիքներն իրենց զավակներն են, որ մի քանի ամիս ընթացող աշխատանքից հետո ծնվում ու կենդանանում են:
Վինագործ Մարտին Երիցյանն իր պատրաստած ջութակների նման սլացիկ կազմվածք ունի, նրա արխայիկ բնակարանն էլ մոտ հինգ դար պատմություն ունեցող գործիքի պատյան է հիշեցնում: Կարծես այստեղ հաճախ հյուրընկալվել են ջութակի վարպետներ Անտոնիո Ստրադիվարին ու Անդրեա Ամատին:
Վարպետ Մանուկի արվեստանոցում երաժշտասեր են նույնիսկ շունը՝ Նիկն ու այգում բնակվող առնետները, որ առաջին հնչյունները լսելիս աչքիդ առաջ դուրս են գալիս անցքերից ու «ունկնդրում համերգը»:
Արմեն Բլբուլյանի բնակարանում վերադառնում ես սովետական մանկություն`հին ռադիոընդունիչ, կոճակներով հեռուստացույց, թերթեր: Իսկ բնակարանի օդում ճախրում են ջազային ֆյուժնի ելեւէջները: Վարպետն էլ իր կիթառների նման սոլիդ ու դասական է, համեմված հումորային ու ինտելեկտուալ իմպրովիզներով:
Վարպետ Ալբերտի արվեստանոց առանց նախապես զգուշացնելու գնացինք: Մեզ չէր ճանաչում, բայց իր պատրաստած թառի ու քանոնի նման հնչեղ ձայնով ողջունեց մեզ, ներս հրավիրեց ու ազգային ավանդույթների համաձայն հյուրասիրեց:
Այս անգամ «Մարդապատում» հատուկ նախագծի հեղինակներ Մարիամ Լորեցյանն ու Լենա Գեւորգյանը «ծնողական ժողովի» են հրավիրել երաժշտական գործիքների վարպետներին ու զրուցել նրանց հետ իրենց «զավակների» մասին:
Կիթառագործ Արմեն Բլբուլյան
Լուսանկարը` Մեդիամաքս:
Մասնագիտությամբ բանասեր եմ, բայց ողջ կյանքս նկարել ու նվագել եմ: Կիթառագործությունն այն մասնագիտությունն է, որն ընդգրկում է նկարչություն, քանդակագործություն, փայտագործություն: Բայց նախ՝ պետք է նվագել իմանաս, որ հասկանաս, թե ինչ ես սարքում:
Վեց տարեկան էի, երբ փոքրիկ կիթառի մոդել սարքեցի: Սիրահարվեցի փայտին ու հասկացա՝ կիթառ պատրաստելն իմ կոչումն է: Դպրոցական նստարանիս կիթառներ էի նկարում՝ շաբաթօրյակների ընթացքում ստիպված լինելով մաքրել սեփական «ստեղծագործություններս» մանուշակագույն, անդուր ու սուր հոտով մածուկով:
Մարդը գնում է խանութ, փորձում է հագուստները, հետո դիմում է դերձակին, որ իր մարմնի առանձնահատկությունները հաշվի առնելով հագուստ կարի: Նույնն էլ կիթառն է՝ միլիոնավոր կիթառներ տեսնելով` պատվիրատուն դիմում է վարպետին: Պետք է երկար զրուցես նրա հետ, որ հասկանաս, ի՞նչ է ուզում: Այլապես վարպետի իմաստը կորում է:
Ընկերներս արդեն գիտեն, եթե հին, կամ բացառիկ տեսակի փայտ է լինում, միանգամից զանգահարում են ինձ: Այդպես մութ ու ցուրտ տարիներին զանգահարեցին ու ասացին, որ եթե տաս րոպեից չհասնեմ, մի տատիկ 200 տարվա պատմություն ունեցող ֆրանսիական պահարանը, որպես փայտ կօգտագործի ու կվառի: Փրկեցի ու այդ պահարանը հետագայում կիսաակուստիկ կիթառի վերածվեց: Այդ առումով բնակարանս «խորդանոցի» եմ վերածել՝ ձեռքս չի գնում որեւէ հին բան դեն նետեմ:
Այդ նույն մութ ու ցուրտ տարիներին աշխատելը շատ դժվար էր՝ հենց որ լույսը տալիս էին, հասցնում էի սոսնձել կիթառը, հետո փաթաթում ու մահճակալիս էի դնում: Իմ փոխարեն նա էր քնում:
Անհնար է առանց հավեսի ու սիրո որեւէ բան սարքել՝ կարեւորը իմ անկախությունն ու սերն է գործիքի հանդեպ: Իմ մասնիկն եմ թողնում յուրաքանչյուր կիթառում՝ մեջն ես, մայրիկս, եղբայրս, հարազատներս, ընկերներս իրենց ստորագրությունն են թողնում: Դա կարծես դրական էմոցիաներով լիցքավորված էլեմենտ լինի:
Այն վարպետը, որ գործիք պատրաստելիս գումարի մասին է մտածում՝ երբեք հաջողություն չի ունենա: Պատահում է, որ պատրաստի գործիքը չեմ վաճառում պատվիրատուին կամ ետ եմ գնում: Ինձ համար կարեւոր է` հետագայում ով է նվագելու այդ կիթառով:
Հոգիս ցավում է կիթառներիս համար՝ անտարբեր չես չէ՞ երեխաներիդ ապագա ճակատագրի համար: Նույնն է՝ կինը 9 ամիս երեխա է կրում սրտի տակ, կիթառն էլ մի քանի ամսում փայտի կտորներից է ծնվում, շունչ առնում ու սկսում ապրել: Ինքս իմ առաջին պատվիրատուն ու քննադատն եմ:
Վարպետ Մանուկ Հարությունյան
Լուսանկարը` Մեդիամաքս:
Ինքս ինձ նվագարանների մասնագետ եմ համարում, ոչ թե վարպետ: Նպատակս ոչ թե քանակ, այլ որակ ստեղծելն է: Հայկական ժողովրդական գործիքների հավաքածու ունեմ ու հին նվագարաններ եմ վերականգնում: Ինքս կատարող եմ, ներկայացնում եմ մեր հնագույն ազգային երաժշտությունը սեփական հեղինակած գործիքներով` ոչ թե զարմացնելու, այլ հուզելու համար:
Մարդու ծնունդը 50 տոկոսով կանխորոշված է: Հայրս ուզում էր, որ բժիշկ դառնամ: Չորս տարեկանից երգել եմ, 6-ից ակորդեոնի գնացել, հետո` թավջութակի: Արդյունքում, երևի, պետք է սկսեի նաեւ երաժշտական գործիքներ սարքել: Ամեն գործիք, որ աշխարհ է գալիս, եւս կանխորոշված ճակատագիր ունի:
Մարդիկ հենց այնպես ոչինչ չեն ստեղծում, ոգեշնչվածությունը պարտադիր է: Մանջութը իմ ստեղծած գործիքն է` ջութակի, թավջութակի, քյամանչայի, ալտի հնչյունների ու տեմբրային հարստության փունջն է: Այս գործիքը լավագույն վարպետներից Հրանտ Շտիկյանի հետ եմ պատրաստել: Յուրաքանչյուր երաժշտական գործիք իր համն ու հոտը ունի, ես էլ համեմունքների փունջ հավաքեցի ու ավելացրեցի մեր ազգի տեմբրը `մեղրի համն ու ծիրանի գույնը:
Մանջութ նշանակում է Մանուկի ջութը: Յուրաքանչյուր մարդ եզակի է իր տեսակով, նույնն էլ գործիքս է, մեկն է իր տեսակով: Կնոջ մարմնի նման կատարյալ է: Մյուս տարի Մանջութը 30 տարեկան կդառնա: Գործիքի ետեւի մասը տանձենու փայտից է, որն ի սկզբանե, միս կոտրելու համար էր նախատեսված: Դիմացի մասը մոտ երկու հարյուր տարեկան եղեւնուց է: Նաեւ իսկական ջութ ու թավթջութ եմ պատրաստել, որոնք հնագույն գործիքի ճշգրիտ կրկօրինակն են:
Ութ քառակուսի մետրանոց արվեստանոցում եմ աշխատում, բակը, որտեղ աշխատում եմ` Վանից եկած պապիկինս էր: Այս փոքրիկ վայրը իմ Երեւանն է Երեւանում:
Վարպետ Ռուբիկ
Լուսանկարը` Մեդիամաքս:
Մասնագիտությամբ ավտոմեխանիկ եմ: Մերգելյանի ինստիտուտում որպես փականագործ էի աշխատում, երբ կոմպոզիտոր Երվանդ Սահարունու նվագախումբն ընդունվեցի: Շվի էի նվագում: Կոնդի Հարութ կար, պետք ա տանեի իր մոտ, որ գործիքը լարեր: Ես էլ մտածեցի` «Բա որ էդքան փող տամ, բերեմ ու ճիշտ ձայն չունենա»: Որոշեցի, որ ինքս պիտի սկսեմ պատրաստել: Սկզբում գործիքը օկտավաների տարբերություն էր տալիս: Մի տարի համառորեն մոտ 30 շվի սարքեցի ու գտա գաղտնիքը:
Հետաքրքիր էր, երբ փորձեցի պկու, զուռնա, պարկապզուկ, դուդուկ, բլուլ պատրաստել: Այս գործիքներից ամեն մեկը իրենց «ընտանիքն» ունեն: Օրինակ շվին` ութ «ընտանիքի անդամ ունի»: Բոլորն էլ պատրաստում եմ: Արդեն 52 տարի է երաժշտական գործիքներ եմ պատրաստում: Մեկ օր էլ ինձ ասացին` «Վարպետ», ես էլ պատասխանեցի` «Համե՞»:
Էսքան տարի ա էս գործի մեջ եմ, երբեւէ երաժշտական գործիքներ պատրաստող կին չեմ հանդիպել: Կին ժամագործ էլ չկա, դրա համար էլ գործիքագործ էլ չեն կարող դառնալ: Ո՞նց կարող ա տենց բան լինել: Կնոջ ուղեղի կիսագնդերի դիրքն այլ է:
Փորձել եմ միացնել զուռնայի ու հոբոյի միջին ձայնն ու նոր գործիք եմ ստեղծել: Այն դեռ անուն չունի, որովհետեւ յուրաքանչյուր գործիքի անվան հնչողությունը պետք է համապատասխանի արտաբերած ձայնին: Մի հատ գործիք էլ եմ ստեղծել` բազմափողն է: Յուրաքանչյուր փող մեկ գործիքի ձայն է հանում: Բայց ոչ ոք չի ուզում փորձի նվագել, նորամուծություն անի, կյանք մտցնի: Արտասահմանից երաժիշտներ կան, խնդրում են, որ վաճառեմ, ես էլ մտածում եմ, որ մենք դեռ չենք նվագել, ո՞նց նրանց վաճառեմ:
Էս գործը մենակ ձեռքերով սարքելու հմտությունը չի: Նախ` պետք ա տեմբրի ճաշակ ունենաս, լսողություն, ինքդ տիրապետես գործիքին, որ հասկանաս: Էդ բոլոր գործիքները նվագում եմ: Բա եթե չնվագեմ, ո՞նց կիմանամ ինչ եմ սարքում: Էս իմ արվեստն ու արհեստն ա: Հիմա ես էդ ամեն ինչը ո՞նց սովորեցնեմ: Սովորելու լավագույն ձեւը` նայելը, ուշադիր հետեւելն ու լիքը հարցեր տալն ա: Իմ միակ աշակերտը թոռնիկս ա: Տեսնենք մի բան դուրս կգա՞:
Էս տաղանդը իմ մեջ բացվեց, երբ Լենինգրադում Էրմիտաժ գնացի: Տեսա, թե մարդկային ձեռքերը ինչեր կարող են պատրաստել: Դրանից հետո երազում էի ձեռքովս այնպիսի բան պատրաստեմ, որ բոլորը հավանեն: Հենց էնպես չես կարող նստել ու գործիք սարքել, պետք ա մուսան ու հավեսը գան:
Վարպետ Ալբերտ
Լուսանկարը` Մեդիամաքս:
Մասնագիտությամբ ինժեներ եմ: Հայրս կահույքագործ էր, մանկուց իր հետ փայտից իրեր ենք պատրաստել: Այժմյան ԳՈՒՄ-ի շուկայի մսի պասաժից մինչեւ Թոխմախ գյոլ սեւ շուկան էր, այնտեղ հայրիկիս պատրաստած կահույքն էինք վաճառում: Մի օր մեկը թառ էր բերել ու նվագում: Երկար կանգնած լսում էի, նույնիսկ չնկատեցի, որ մթնեց: Հայրս զգաց, որ հավանել եմ գործիքն ու գնեց այն ինձ համար: Պարզվեց այդ օրը մեր կահույքը վաճառվել էր: Գիշերը թառով քնեցի, հաջորդ օրն էլ գնացի Կուլտուրայի տուն ու ընդունվեցի թառի բաժին:
Սկզբում միայն սադաֆապատում էի թառերը, պատյաններ էի պատրաստում, իսկ 1964 թվականին առաջին թառը սարքեցի: Մի անշնորհք բան էր ստացվել, բայց լավ ձայն էր հանում: Մի վարպետի մոտ տարա, որ գնահատի ու խորհուրդ տա: Ասաց, որ ուրիշի պատրաստած գործիք չի նայում: Կատաղեցի, ուրագը վերցրի ու կոտրեցի գործիքս: Հիմա սարքում եմ թառ, ուդ, քյամանչա, սանթուր, քանոն, քյամանի:
Մի նոր գործիք եմ պատրաստել ու անվանել եմ այն բաս-քանոն: Արտաքին տեսքով ու կառուցվածքով շատ նման է քանոնին, բայց դիապազոնով` շատ տարբեր են: Այս գործիքը ստեղծվեց, երբ ինձ մոտ եկավ մեր սիրելի երաժիշտ Արա Գեւորգյանը: Քանոնի վրա նվագելու փորձ էր արել ու զգացել, որ բասերը չեն բավարարում: Համակարգչով նա քանոնի սովորական ձայնը մեկ օկտավայով իջեցրեց ու ստացավ հենց այն հնչողությունը, որ փնտրում է: Ութ ամսից ծնվեց «Ալվարդը»` այսպես ենք անվանել այս գործիքը: Հարսիս անունն է, Արան էլ Ալվարդ անունով հարազատ ունի: Երկու «Ալվարդ» կա, մեկը ինձ մոտ է, մյուսը` Արայի:
Ամեն թառի վրա մոտ 480 հազար անգամ հարվածում եմ: Հետո ութ ամիս սպասում ես, որ փայտը հանգստանա ու թառ դառնա: Անկախ ցանկությունիցս, բնավորությունս եմ թողնում յուրաքանչյուր գործի մեջ:
Վինագործ Մարտին Երիցյան
Լուսանկարը` Մեդիամաքս:
Հայրս` Շահեն Երիցյանը, 1925 թվականին Երեւան վերադարձած հայրենադարձերից է: Նա երաժշտական վարպետների արվեստանոց հիմնադրեց, ինքն էլ վնագործ էր, Հայաստանում առաջին ջութակն ինքն է պատրաստել: Հայրս ասաց, որ մինչեւ ջութակահար չդառնամ, թույլ չի տա գործիք պատրաստեմ:
Սարքում եմ բոլոր աղեղով նվագող լարային գործիքները: 37 թավջութակ եմ պատրաստել, դա հազվադեպ երեւույթ է: Ինքս այլեւս չեմ նվագում, բայց երբ գործիքը պատրաստ է, անպայման փորձում եմ հնչողությունը: Հայկական ազգային գործիքների տեսակ եմ ստեղծել: Մարսելում այժմ նվագում են այդ գործիքներով: Վիոլադագամբա գործիքի հեղինակն եմ: Շուտով կներկայացնեմ տավիղի ունիկալ մի տեսակ, որը ստեղծել եմ: Ցավոք, նորությունները մեր հայ երաժիշտներին չեն հետաքրքրում, բայց ամենն իր ժամանակն ունի:
Եթե հոգի չդնես գործիքի մեջ, ոչինչ չի ստացվի: Ես միշտ ոգեշնչված եմ, նույնիսկ այս պահին: Յուրաքանչյուր գործիք պատրաստելիս շատ ես տառապում, բայց հաճույքով ես հանձնում այն երաժշտի ձեռքերը: Կտավ չէ, որ պատից կախես: Հենց դա է իմաստը, որ քո աշխատանքով երջանկացնես դիմացինիդ: Ամենից մեծ նվերը ոչ թե գումարն է, որ ստանում ես, այլ այն ծափահարությունները, որ հնչում են բեմից հենց գործիքիդ համար: Երբ երաժիշտը ներկայացնում է գործիքդ բեմից, դրանից մեծ հուզմունք չկա: Մի անգամ ինձ պատմեցին, որ երաժիշտներից մեկը իմ պատրաստած ջութակը համբուրում, նոր է դնում պատյանի մեջ: Դա իմ երջանկությունն է:
Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)
Լենա Գեւորգյան (տեքստ)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: