Թերլեմեզյանի քոլեջից՝ PicsArt եւ Կորեա. Անի Մանուկյանի «ուղեւորությունը» - Mediamax.am

exclusive
4976 դիտում

Թերլեմեզյանի քոլեջից՝ PicsArt եւ Կորեա. Անի Մանուկյանի «ուղեւորությունը»


Անի Մանուկյանը
Անի Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Մանուկյանի աշխատանքները
Անի Մանուկյանի աշխատանքները

Լուսանկարը` Անի Մանուկյանի արխիվից

Անի Մանուկյանի աշխատանքը
Անի Մանուկյանի աշխատանքը

Լուսանկարը` Անի Մանուկյանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Մանուկյանի աշխատանքները
Անի Մանուկյանի աշխատանքները

Լուսանկարը` Անի Մանուկյանի արխիվից


Մեզնից շատերը կարող են հիշել, թե մանկության տարիներին ինչքան տարբեր խմբակներ են հաճախել՝ երաժշտություն, պար, նկարչություն: Թեեւ հետագայում կյանքը մեզ այլ ուղղությամբ է տարել, միեւնույն է, արվեստի կրթությունը շարունակում է ուղեկցել մեզ կյանքի ամենատարբեր իրավիճակներում՝ մշտապես հիշեցնելով իր կարեւորության մասին:

Մեդիամաքսի այս հրապարակման արվեստասեր հերոսը 26-ամյա Անի Մանուկյանն է, որ երկար տարիներ զբաղվում է գեղանկարչությամբ: Հետագայում նա ընտրել է դիզայների մասնագիտությունն ու հմտացել դրանում, սակայն գեղանկարչությունը շարունակում է կարեւոր տեղ զբաղեցնել Անիի կյանքում:

9 տարին դեռ բավարար չէ

Նկարչությամբ զբաղվել եմ դեռեւս 3 տարեկանից: 15 տարի Ռուսաստանում եմ ապրել, որտեղ տարբեր նկարչական խմբակներ եմ հաճախել:

Երբ վերադարձա Հայաստան, ընդունվեցի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժին:

Քոլեջում սովորելու տարիներն ինձ համար խենթ ժամանակաշրջան էին: Շատ էինք աշխատում, մինչեւ երեկոյան 6-ը մնում էինք քոլեջում ու նկարում: Այնտեղ մեզ բավականին շատ էին ազատ ստեղծագործելու ժամեր թողնում եւ դա հրաշալի էր: Շատ շնորհակալ եմ իմ դասախոս Դավիթ Խաչատրյանին եւ քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանին, քանի որ այն ինչի հասել եմ այսօր, նաեւ նրանց շնորհիվ է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սովորելու տարիներին հետաքրքիր ճանապարհորդություններ եմ ունեցել եվրոպական տարբեր երկրներ՝ Ֆրանսիա, Չեխիա, Իսպանիա, Ավստրիա, Գերմանիա: Դա հրաշալի փորձառություն էր ինձ համար:

Քոլեջն ավարտելուց հետո անվճար հիմունքով ընդունվեցի Սանկտ-Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի ռեստավրացիայի բաժինը, սակայն այս ուղղությունն այդքան էլ իմը չէր: Այնտեղ սովորելուն զուգահեռ մեկ այլ ակադեմիայում ինձ թույլատրեցին մասնակցել գեղանկարչության դասերին, մյուս ուսանողների հետ ես էլ էի նկարում:
Անի Մանուկյանի աշխատանքները Անի Մանուկյանի աշխատանքները

Լուսանկարը` Անի Մանուկյանի արխիվից


Պետերբուրգից վերադառնալուց հետո ընդունվեցի Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա՝ շարունակելու գեղանկարչական կրթությունս: Կարծում եմ, որ նկարչությամբ զբաղվելու համար ուսում ստանալը շատ կարեւոր է, պետք է նաեւ որոշակի ճանապարհ անցնես: 9 տարի սովորել եմ, բայց դեռ շարունակում եմ փնտրել կրթվելու այլ հնարավորություններ:

«Հաստատ լավ դիզայներ չէի լինի, եթե...»

Դեռեւս քոլեջում սովորելու տարիներին, երբ 19 տարեկան էի, աշխատանքի անցա PicsArt-ում որպես դիզայներ: Սկզբում ավելի շատ սովորում էի, պրակտիկայում սովորելը հեշտ էր ստացվում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե չգնայի գեղանկարչության ուղղությամբ, հաստատ լավ դիզայներ չէի լինի: Ինձ այն շատ է օգնել ճաշակի ձեւավորման հարցում: Կարելի է ասել, որ դիզայներական կրթության հիմքը ստացել եմ հենց նկարչությունից: Իհարկե, դիզայներ դառնալու համար եւս պետք է սովորել, որովհետեւ դա այլ արվեստ է, ունի իր նրբությունները:

Ասիական մշակույթի գրավչությունը

Նախորդ տարիներին երկու անգամ Կորեայի Հանրապետությունում լինելու հնարավորություն ունեցա: Այդ այցերը մեծապես նպաստեցին մասնագիտական աճիս: Քաղաքով շրջելուց նկատում էիր, որ արվեստով ես շրջապատված՝ բազմաթիվ պոստերներ, նկարչության նմուշներ, ժամանակակից արվեստի շատ կենտրոններ: 
Անի Մանուկյանի աշխատանքը Անի Մանուկյանի աշխատանքը

Լուսանկարը` Անի Մանուկյանի արխիվից


Սեուլում տարբեր հայտնի դիզայներների ստուդիաներում ենք եղել, մեզ տարբեր պոստերներ են նվիրել, որոնք մինչեւ հիմա պահում եմ: Այնտեղ դիզայներներն իսկապես շատ են աշխատում՝ օրական 10-12 ժամ, դրա համար էլ իրենց մոտ ամեն ինչ զարգացած է:

Այժմ շատ հետաքրքրված եմ անիմեով ու առհասարակ ասիական մշակույթը շատ եմ սիրում: Այն ինձ համար ոգեշնչանքի աղբյուր է:

Առաջիկայում ծրագրում եմ կրկին այցելել Սեուլ:

Երկու տարբեր աշխարհներ

Վերջին ժամանակներում գեղանկարչության առումով ինձ մոտ առավել պասիվ շրջան էր, սակայն կրկին ցանկանում եմ ավելի շատ զբաղվել դրանով, արվեստանոց հիմնել: Երկու ուղղությամբ միաժամանակ զբաղվելուց դիզայնը չի տուժում, սակայն գեղանկարչությանն անհրաժեշտ ժամանակը պակասում է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատերը դիզայնն ու նկարչությունը նույնացնում են, մինչդեռ ինձ համար դրանք տարբեր աշխարհներ են: Ես այլ մարդ եմ նկարչությունում, եւ բոլորովին այլ՝ դիզայնում:

Դիզայնում ավելի կոմերցիոն եմ մտածում, փորձում հասկանալ՝ պատվիրատուին ինչ է պետք, մինչդեռ գեղանկարչությունում վարվում եմ այնպես, ինչպես ինքս եմ զգում: 
Անի Մանուկյանի աշխատանքները Անի Մանուկյանի աշխատանքները

Լուսանկարը` Անի Մանուկյանի արխիվից


Նկարելիս կարծես հանգստանում եմ: Եթե մարդիկ կան, որ օրինակ, սուրճի պահանջ են զգում, ես նկարելու պահանջ եմ զգում: Ինձ համար նկարչությունն ավելի խորն է ու մնայուն, մինչդեռ դիզայնում առաջնորդվում ես թրենդներով, որոնք անընդհատ փոխվում են:

Գեղանկարչությունը նաեւ փոխում է աշխարհի նկատմամբ ընկալումդ, ճաշակ է ձեւավորում ու օգնում, որ սիրուն նայես կյանքին:

2019թ. հոկտեմբերից Հայաստանում գործում է Բրիտանական խորհրդի «Արարելով ապագան» (Crafting Futures) եռամյա ծրագիրը: «Crafting Futures»-ի նախագծերն ուղղված են Միջին մասնագիտական կրթական ոլորտի զարգացմանը, ավանդական մասնագիտությունների արդիականացմանը եւ ստեղծարար ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը` հետազոտությունների, համագործակցության եւ կրթական միջոցառումների ճանապարհով։

Գայանե Ենոքյան

Լուսանկարահանումը կատարվել է Peacock Art Cafe-ում




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին