ԱՄՆ դիվանագետներ. Սարգսյանն ու Ալիեւը հեռու չեն խնդրի լուծումից - Mediamax.am

8323 դիտում

ԱՄՆ դիվանագետներ. Սարգսյանն ու Ալիեւը հեռու չեն խնդրի լուծումից


ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը մասնակցում են Մոսկվայում 2015 թ. դեկտեմբերի 15-ին կայացած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը մասնակցում են Մոսկվայում 2015 թ. դեկտեմբերի 15-ին կայացած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկացի դիվանագետները համարում են, որ իրականում Հայաստանն ու Ադրբեջանը այդքան էլ հեռու չեն ԼՂ հակամարտության կարգավորումից, ինչպես կարող է թվալ:

Մայիսի 16-ին ամերիկացի դիվանագետները լրագրողների համար Վիեննայում ճեպազրույց էին անցկացրել՝ մինչ ԱՄՆ, ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մեկնարկը:

 

Դիվանագետների անունները ճեպազրույցի վերծանման մեջ չեն նշվում, նրանք նշվում են որպես «Պետդեպարտամենտի ավագ պաշտոնյա 1» եւ «Պետդեպարտամենտի ավագ պաշտոնյա 2»: Կարելի է ենթադրել, որ ճեպազրույցի խոսնակներն են եղել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

Ներկայացնում ենք հատվածներ ամերիկացի դիվանագետների ելույթից:

 

***

 

Բանակցությունների մասին

 

Մենք ցանկանում ենք տեսնել բանակցային գործընթացի շարունակությունը, որ կողմերը պարտավորվեն հանդիպել հակամարտության համապարփակ կարգավորման համար: Երկու կողմն էլ համաձայնել են, որ ստատուս-քվոի պահպանումը անընդունելի է, սակայն դեպի կարգավորում շարժվելու համար անհրաժեշտ է գործընթաց: Այդ պատճառով պետքարտուղար Քերին մտադրված է կոչ անել նախագահներին հանդիպել մոտ ապագայում՝ համապարփակ կարգավորման շուրջ աշխատելու համար:

 

Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկի մասին

 

Դժվար է ասել, թե ինչպես եւ ինչու դա սկսվեց: Վերջին տարվա ընթացքում ակնհայտ էր, որ կողմերը ստուգում էին միմյանց պաշտպանական հնարավորությունները: Ամենամտահոգիչը ծանր զինատեսակները կիրառումն էր:

 

Ռուսաստանի հետ համագործակցության մասին

 

Այս խնդրի լուծման հարցում մենք եւ ռուսները միակարծիք ենք: Մենք տարաձայնություններ չունենք: Տվյալ պահին ունենք երկու նպատակ. հրադադարի պահպանմամբ կրճատել բռնության կիրառման դեպքերը եւ անհապաղ սկսել համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունները: Ռուսները կիսում են այդ երկու նպատակները:

 

Կարգավորման սկզբունքների մասին

 

Համապարփակ կարգավորման բոլոր սկզբունքներն ու տարրերը բավականին երկար ժամանակ քննարկվում են: Մենք այսօր կուզենայինք կողմերից ստանալ այդ տարրերին եւ սկզբունքներին իրենց հավատարմության վերահաստատումը, ինչպես նաեւ դրանց ճանաչումը՝ որպես համապարփակ կարգավորմանը հասնելու հիմք:

 

Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն ռազմական ճանապարհով: Սակայն մենք չենք կարծում, որ նախագահներից որեւէ մեկը այդպես է մտածում: Նրանք ցանկանում են համաձայնության գալ բանակցությունների արդյունքում, եւ անցյալում արդեն մոտ էին դրան: Նրանք հիմա էլ այդքան էլ հեռու չեն դրանից:

 

Վիսկիի շշի մասին

 

Կարեւոր է այն, որ նրանք ունակ են խոսել միմյանց հետ: Այսօր հանդիպման այլ ձեւաչափ ունենք, բայց անցյալում մենք նրանց հնարավորություն ենք տվել երկար ժամանակ խոսել դեմ առ դեմ: Սեղանին մի շիշ սկոչ ենք դնում եւ նրանց հնարավորություն տալիս քննարկելու բոլոր հարցերը:

 

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին

 

Հարցերից մեկը, որը պետք է լուծենք, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Երկու նախագահներն էլ համաձայն են, որ ԼՂ կարգավիճակի որոշման համար որոշակի փուլում պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի բնակչության կամարտահայտումը: Իհարկե, հայերը ցանկանում են, որ ժամկետը ֆիքսվի ու

հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացվի: Մենք պատասխանում ենք, որ դա միակ հարցը չէ, եւ երբ խոսում ենք համապարփակ կարգավորման մասին, պետք է քննարկենք նաեւ այլ տարրերն ու սկզբունքները:

 

Վերափոխված ԵԱՀԿ դիտորդական առաքելության մասին

 

Մենք ցանկանում ենք տեսնել ավելի ուժեղ ԵԱՀԿ դիտորդական առաքելություն եւ վստահության ամրապնդման այլ միջոցներ, որոնք կօգնեն նվազեցնել բռնությունը:

 

Ներկա պահին առաքելությունն ունի միայն 6 աշխատակից, եւ դա թույլ չի տալիս շփման գծում դիտարկում անցկացնել ամսական երկու կամ երեք անգամից հաճախ: Դա բավարար չէ: Մենք ցանկանում ենք ունենալ ավելի շատ դիտորդական առաքելություններ ավելի մեծ թվով աշխարհագրական վայրերում: Եթե կողմերը պայմանավորվեն այդ մասին, դա շատ օգտակար կլինի:

 

Ադրբեջանը դեմ էր ԵԱՀԿ դիտորդական առաքելության անձնակազմի ընդլայնմանը: Նրանք դեմ էին վստահության ամրապնդման ցանկացած միջոցներին, պնդելով, որ դրանք նպաստում են ստատուս-քվոի պահմանմանը: Մենք ցանկանում ենք կիրառել այդ միջոցները: Տեսնենք, արդյո՞ք Ադրբեջանը այս երեկո կհամաձայնի դրանցից մի քանիսին:

 

Ապրիլյան պատերազմի արդյունքների մասին

 

Ադրբեջանցիները գրավել են որոշակի տարածքներ, որոնք, ըստ իրենց, մարտավարական նշանակություն ունեն:

 

Կողմերից յուրաքանչյուրը դեպքերը յուրովի է մեկնաբանում: Ադրբեջանցիները հայտարարել են սեփական նշանակալից ռազմական հաղթանակի մասին: Հայերը այլ կերպ են մտածում: Նրանք ասում են, որ խոսքը գնում է մի քանի հարյուր մետրի մասին, որը առանձնահատուկ նշանակություն չունի, եւ որի համար Ադրբեջանը չափազանց թանկ գին է վճարել:

 

Հակամարտության կարգավորման հեռանկարների մասին

 

Սա լուծվող հակամարտություն է: Կան հակամարտություններ, որոնք կարելի է միայն կառավարել: Այս հակամարտությունը կարելի է լուծել, եւ դրա համար անհրաժեշտ է նախագահների քաղաքական կամքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին