Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը
- Վերջին օրերին մի շարք պնդումներ եղան այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն «մոռացության» են մատնել Սանահինի վանական համալիրը եւ որեւէ միջոցներ չեն ձեռնարկել այն նորոգելու համար:
- Դեռ չորս տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մտահոգված Սանահինի վանական համալիրի վիճակով, քայլեր ձեռնարկեց, որպեսզի անհրաժեշտ միջոցներ հայթայթի վանքի վերանորոգության համար: Այս առիթով Վեհափառ Հայրապետը «Հայաստանի էլ. ցանցեր» ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Գլադունչիկի հետ այցելեց Սանահինի վանք, ուր պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպության աջակցությամբ կատարել անհրաժեշտ նորոգման աշխատանքները:
Դրանից հետո Մայր Աթոռի եւ «Հայաստանի էլ. ցանցեր»-ի ներկայացուցիչները ձեռնամուխ եղան նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանն ու վերականգնման նախագծի ձեռքբերմանը: Դիմում կատարվեց ՀՀ Մշակույթի նախարարությանը կից Հուշարձանների պահպանության գործակալություն` տեղյակ լինելով, որ խորհրդային տարիներին այդպիսի նախագիծ պատրաստվել էր:
Գործակալությունն իր հերթին տեղեկացրեց, որ հարկ է դիմել պատրաստված նախագծի հեղինակին: Ցավոք, ճարտարապետը դեռեւս խորհրդային տարիներին պատրաստած իր նախագծի դիմաց, ըստ «Հայաստանի էլ. ցանցեր»-ի ներկայացուցչի, պահանջեց իրեն վճարել 150.000 ԱՄՆ դոլար, ինչը պատճառ հանդիսացավ, որ գործընթացն առժամանակ կասեցվի: Հետագային «Հայաստանի էլ. ցանցեր» գործադիր տնօրենի փոփոխությամբ հնարավոր չեղավ իրականացնել ծրագիրը:
Կարծում ենք, որ սա բազում պատասխաններ տալիս է այսօրվա վիճակի առնչությամբ:
- Առհասարակ, ինչպե՞ս է Մայթ Աթոռի հետ համակարգվում է եկեղեցիների եւ վանքերի վերանորոգման աշխատանքը:
- Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ վանքերի եւ եկեղեցիների վիճակի առնչությամբ Մայր Աթոռը պարբերաբար տեղեկատվություն է ստանում թեմերից եւ ծխերից, կարիքներից ելնելով` հնարավոր միջոցներ գործադրում դրանց վերականգման, նորոգության եւ պահպանության համար:
Ինչպես բազմիցս նշել ենք, Մայր Աթոռը բավարար միջոցներ չունի միաժամանակ նորոգելու բոլոր վանքերը, սակայն վերականգնողական աշխատանքներ իրականացնում է` առաջնահերթության սկզբունքից ելնելով:
Անհատ բարերարներից եւ ազգային տարբեր կառույցներից ապահովելով անհրաժեշտ միջոցներ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նորոգվել եւ նորոգվում են բազում սրբավայրեր: Միեւնույն ժամանակ հստակ է, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին միայնակ, առանց պետական աջակցության չի կարող հոգալ բազմահազար մեր սրբավայրերի պահպանությունը: Այս կապակցությամբ, սակայն, պետք է տեղեկացնենք հետեւյալը, որ ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմա-մշակութային կարեւորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները եւ փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ցավոք, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, եւ որեւէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել:
- Վերջին օրերին եկեղեցու ու նրա առաջնորդի դեմ ուղղված քննադատությունը կարծես թե անցավ պարկեշտության սահմանները: Ինչ կասե՞ք այս առնչությամբ:
- «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կատարած հայտարարության եւ սոցիալական ցանցերում տեղ գտած քննարկումների առնչությամբ ցավ ենք ապրում: Չիմանալով, թե որոնք են իրական դրդապատճառները Եկեղեցու դեմ անարդար եւ անպարկեշտ այս արշավի, անշուշտ պիտի ցանկանայինք, որ դրսեւորվող այդ «նախանձախնդրությունը» եւ «հայրենասեր ոգին» փոխակերպվեին եւ ուղղորդվեին, օրինակ, նույն Սանահին վանքի եւ տարբեր այլ սրբավայրերի մաքրման, նորոգման եւ պահպանության գործնական աշխատանքներին, ինչպես կատարում են նրանց պես երիտասարդներով համալրված Հայ Եկեղեցու տարբեր երիտասարդական միություններ:
Պիտի ուղղակի տեղեկացնեմ թե' նախաձեռնության մասնակիցներին եւ թե' ողջ հասարակությանը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից վերջին տարիների ընթացքում նորոգվել եւ այժմ էլ վերանորոգման ընթացքի մեջ են հարյուրից ավելի պատմական վանքեր եւ եկեղեցիներ:
Կարդացեք նաեւ. Քաղաքացիներ եւ սպառողներ