Հրայր Ազիզբեկյան. Կիրառական արդյունքը գիտական հզորության ստվերն է - Mediamax.am

exclusive
26854 դիտում

Հրայր Ազիզբեկյան. Կիրառական արդյունքը գիտական հզորության ստվերն է


Հրայր Ազիզբեկյանը
Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրայր Ազիզբեկյանը
Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրայր Ազիզբեկյանը
Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրայր Ազիզբեկյանը
Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրայր Ազիզբեկյանը
Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրայր Ազիզբեկյանը
Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրայր Ազիզբեկյանը
Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրայր Ազիզբեկյանը
Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրայր Ազիզբեկյանը
Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ:

 

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտավանում մեծացած Հրայր Ազիզբեկյանին ֆիզիկայի հանդեպ սերը դեռ մանկուց էր շրջապատում: Ֆիզիկոս ծնողների ուղին շարունակելու որոշումն էլ կայացրել էր արդեն հինգերորդ դասարանում: Գիտության կարեւորության գիտակցման ու վճռականության արդյունքում ընդունած որոշումը դարձավ աշխարհն ընկալելու ձեւ, որով էլ Հրայրն առաջնորդվում է մինչ օրս:

 

Ֆիզմաթ գիտությունների թեկնածուն ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մի քանի ուղղությամբ է աշխատում՝ տեսականից մինչեւ փորձարարական ֆիզիկա եւ առեւտրայնացվող կիրառություններ: Նյութական ալիքների ֆիզիկայի լաբորատորիայում աշխատում են տարբեր վիճակների միջեւ արդյունավետ անցման ճշգրիտ նկարագրման միջոցների մշակմամբ: Այս ուսումնասիրությունների կիրառությունները բազմազան են՝ աստղաֆիզիկայից մինչեւ քվանտային ֆիզիկա, տնտեսագիտություն եւ հասարակագիտություն: Օրինակ՝ մի վիճակից մեկ այլ վիճակի անցնելիս առավել շատ, առավել արագ կամ նվազագույն տատանումներով անցնելու խնդիրն է լուծվում: Մշակված մեթոդը գոյություն ունեցողներից որակապես շատ ավելի բարդ դեպքերի խմբեր է նկարագրում: Բացի այդ՝ նա գլխավորում է ինստիտուտի ինժեներական խումբը, որի շրջանակում մշակում է փորձարարական համակարգեր եւ առեւտրայնացվող մշակումների նախագծեր: Այժմ մասնակցում է բացարձակ մագնիսական դաշտի տվիչի, նանոմասնիկային ջեռուցիչի եւ մատնահետքի դյուրադիր զտիչի մշակման ծրագրերին:

Հրայր Ազիզբեկյանը Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասարակությանը պետք է գիտության եւ մշակույթի առաջնագիծը

 

Փոքրուց զգացել ու հասկացել եմ ֆիզիկոս լինելու եւ ընդհանրապես գիտության հմայքը: Երբ դասարանցիներիս ասացի, որ ֆիզիկոս եմ դառնալու, զարմանքով ընդունեցին: Հարցրեցին՝ ուզում ես դառնալ ուսուցիչ: Ես դեռ այդ ժամանակ հասկացա, որ հանրության մեջ չկա պատկերացում գիտության վերաբերյալ, չգիտեն, թե դա ինչ է, ինչի համար է: Այնինչ, ես տեսնում էի դրա անհրաժեշտությունը մեր հասարակության համար եւ թե ինչ օգուտներ, կյանքի որակի ինչպիսի բարելավում է բերում:

 

Ուսման տարիներին շատ լավ արդյունքներ ունեի ծրագրավորումից, ծրագրավորման օլիմպիադաներում լավագույններից էի, բայց որեւէ պահ չեմ վարանել հիմնարար գիտության ուղին ընտրելիս՝ գիտակցելով, թե ինչ կարող եմ ստանալ ֆիզիկայի յուրացումից: Դա ոչ միայն չխանգարեց, այլեւ գիտական հայացք տվեց ծրագրավորման խնդիրները լուծելիս, ինչը պարզվեց, որ շատ պահանջված է կիրառական ոլորտներում:

 

Ֆիզիկան, աշխարհի հիմնարար երեւույթները նկարագրող գիտություն է, այն զարգացնում է գիտական մտածելակերպ եւ աշխարհընկալում:  Բոլոր ոլորտներն էլ այս կամ այն կերպ փորձում են թիրախավորել այդ խնդիրը, սակայն վերջին երկու հարյուր տարում գիտությունը շատ բարձր արդյունավետություն է ցուցաբերում, այդ պատճառով հիմնարար գիտություն տիրապետելը անկախության կարեւոր գրավական է: Գիտության ձեռքբերումներն աշխարհում գնալով ինտենսիվանում են: Դեռեւս չի երեւում այն հատակը, որտեղ կսպառվեն գիտական արդյունքները եւ դրանցից ստացվող նորամուծությունները: Ես ակնկալում եմ, որ գոնե 50-100 տարվա ընթացքում գիտական նորամուծությունները կյանքի նոր որակ են բերելու: Այս ամենից անմաս մնալն անհեռատեսություն եմ համարում եւ կարծում եմ, որ ցանկացած հասարակության համար անթույլատրելի է պարզապես կողքից հետեւելը: Եթե հասարակությունը ցանկանում է ունենալ առավել ազատություններ, կյանքից օգտվելու առավել հնարավորություններ, պետք է լինի գիտության եւ մշակույթի առաջնագծում: 

Հրայր Ազիզբեկյանը Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես տեսնում եմ, որ Հայաստանում ֆիզիկայով զբաղվելն ու ֆիզիկական ենթակառուցվածքը պահելն ու զարգացնելը շատ կարեւոր աշխատանք է, որը պետք է մեր երկրին: Ես փորձում եմ ամեն կերպ նպաստել դրան: Այլ կերպ ասած, ինձ պետք է երկիր, որը առաջատար գիտության ունենալու նպատակ ունի: Որեւէ պետություն դա բացահայտ չի դնում որպես նպատակ, այնինչ դա մեր պես փոքր երկրի համար կարող է մրցակցային գաղափարախոսություն դառնալ: Մեր երկրում կան դա գիտակցող մարդիկ եւ հասարակությունը, հույս ունեմ, կարող է դա ընդունել. դա, երեւի, ամենակարեւոր բանն է, որ ինձ հիմա պահում է Հայաստանում:

 

Գիտական մշակույթ

 

Հայաստանը, միշտ լինելով խնդիրների կիզակետում, այդ թվում՝ կրոնական, ստիպված է եղել անել նորարարություններ՝ սեփական տեղն արեւի տակ պահելու համար: Նորարարություններից մեկը հայ գրերի կամային ներմուծումն էր՝ լեզվաբանական նորարարություն էր: Դա Հայաստանին երկար դարեր տվեց ինքնագիտակցություն: Առաջին նախադասությունը, որը գրվեց հայերեն, բիբլիական՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», պատահական չեր կարող լինել, անշուշտ շատ երկար մտորումների արդյունքում է այն ընտրվել եւ շատ մեծ սեր եւ կյանք է ներդրվել դրա մեջ, ինչպես եւ կամայական առաջնեկի մեջ է ներդրվում: Այն իր մեջ ուղերձ է պարունակում՝ պատգամ:

 

Իմ համոզմամբ մեր դարի հանճարը գիտությունն է: Կարեւոր խրատներից մեկը գիտության ճանաչումն ու յուրացումն է: Գիտությունը չեմ ընդունում միայն որպես միջոց, որը շատ օգուտներ է բերում հասարակությանը, այդ առումով, գուցե, տնտեսագիտությունն ավելի արագ կսովորեցնի գումար հայթայթել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտությունը ենթադրում է նաեւ գիտական մշակույթի զարգացում, ինչը պարտադիր է բարձր գիտական նվաճումների համար: Սա ենթադրում է մի շարք կանոններ, որոնց պետք է հետեւել որպես անաչառ հետազոտող: Այդ կանոններից են ակադեմիական ազնվության, անաչառության, գրագիտության,  դասակարգման, փաստերի հավաքագրման, դրանց հետ հաշվի նստելու արվեստը եւ գիտական մեթոդի պահպանման մշակույթը, որը դեռեւս բերում է բեկումնային արդյունքների: 

 

Երկրում գիտական մշակույթը պահպանելն ու զարգացնելը մի քանի սյուների վրա է հիմնվում: Շատ կարեւոր դեր ունեն լրատվամիջոցները, ինչը ենթադրում է գիտության ուղղությամբ բարձր մասնագիտացման դպրոցի կայացում:

 

Իմ համոզմամբ, մաշտոցյան անդրանիկ ուղերձը նույնքան արդի է, եւ իր մեջ պարունակում է ինքնության պահպանման համար փիլիսոփայության, գիտության եւ մշակույթի ընկալման անհրաժեշտության գաղափարը, որը հաղորդվում է սերունդներին, այսինքն՝ դա մեր ինքնության պահպանման սահմանված բանաձեւերից էր, որը պատգամվել է մեզ չորրորդ դարից, ծովից ծով Հայաստանից եւ կրոնական վերաիմաստավորմամբ անցած հասարակությունից:  Հիմա, ցավոք, Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում հետեւողականորեն հեռանում ենք այդ ուղենիշից: Ցուցամոլությունը, բարեկեցությունը, դասալքությունը եւ հարմարվողականությունը ջանասիրաբար արմատավորվում են հասարակության մեջ:

Հրայր Ազիզբեկյանը Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետությունը գիտությանն ուղղահայաց է քայլում

 

Գիտության կարեւորությունը պետք է գիտակցվի պետության կողմից, որը ցավոք, չենք տեսնում, ընդհակառակը, տպավորություն է, որ պետությունը գիտությանը պատերազմ է հայտարարել: Եթե չասենք պատերազմ, ապա առնվազն ուղղահայաց է գիտությանը: Բոլոր այն առաջարկները, որոնք տարիների ընթացքում տարբեր խմբերով փորձում էինք հասցնել կառավարությանը, փաստորեն դարձան առոչինչ: Նույնիսկ մեծ դժվարությամբ անցկացված օրենքները կարող են մեկ ակնթարթում անտեսվել, գրվել նորերը: Աճպարարությամբ է զբաղվում համակարգը: Հիմա մենք ոչ միայն չենք տեսնում բարեփոխում, այլ նույնիսկ հետընթաց կա: Եթե գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ում պակաս է  1%-ից, ապա գիտությանը փաստացի հայտարարված է պատերազմ: 2010-ին գիտության զարգացման ռազմավարությամբ ծրագրված էր ՀՀ գիտահետազոտական շրջանառությունը հասցնել միջին եվրոպականին՝ 2% ՀՆԱ: Հաջորդ տարի հնգամյա ծրագրով նախատեսվել էր աշխատավարձերը հասցնել միջին եվրոպականի: Փաստացի հիմա ունենք տասն անգամ փոքր ցուցանիշ: Ընդ որում՝ եթե 2010 թ-ին այն 0,3%-ի կարգի էր, ապա հիմա դառնում է 0,2%: Օրենք էր մտցվել, որ գիտության ֆինանսավորման մասնաբաժինը չպետք է նվազի, այս տարի խոսակցություն կա, որ դա էլ են ուզում վերանայել, ավելին, փաստացի որոշված է կտրուկ նվազեցնել՝ ուղղելով հիմնարար գիտության վրա հատկացված իրական ծախսերը՝ դեռեւս հիպոթետիկ, բայց սիրուն նպատակի՝ առեւտրայնացմանը: Գիտության երիտասարդացման գեղեցիկ, հեռանկարային նպատակով մտցվում են տարիքային սահմանափակումներ, որը փաստացի նշանակում է առկա հայտերի մրցունակության անկման ապահովում: Այսինքն՝ կա նպատակային «հարձակում»: Տպավորություն է, որ համակարգային, պետական մոտեցում է, որ ուղղակի չեն ուզում ֆինանսավորել, ավելին՝ դրված է հնարավորինս մեղմ կերպով, գունեղ երազներով գիտության դանդաղ վերացման հարցը: Առկա համակարգին գիտություն պետք չէ: Այնինչ հանրության մրցունակության առումով դա կարեւորագույն խնդիր է:

 

Հասարակության եւ գիտության միջեւ կապի խորացման լավագույն մեխանիզմը կարող է առաջարկել պետությունը: Պետք է դրան միտված պետական ծրագրեր լինեն: Կան ինչ-որ ծրագրեր, որոնք, իհարկե, լավ է, որ գոյություն ունեն, բայց նման է աչքակապության, այնքան է, որ բողոքը նվազագույնի հասցվի, դրանք աճ կամ կայունություն չեն կարող ապահովել: Պետք է մեծ գումարներ ուղղել գիտության զարգացման, համակարգի կատարելագործման, հանրայնացնելուն, տարածմանը, միջդիսցիպլինար ծրագրերին, ճարտարագիտության հետ ինտեգրմանը: Վախենամ, որ դրա միակ պատվիրատուն հանրությունն է, դա իր կենսական խնդիրն է եւ որեւէ պատրանք պետական համակարգի նկատմամբ պետք չէ ունենալ:

Հրայր Ազիզբեկյանը Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտությունը պետք է մտնի դպրոց

 

Կրթական համակարգից եւս անմաս մնալ չէի կարող: Ուսանելու տարիներին մեծ աջակցություն եմ ստացել գիտական համայնքի կողմից եւ հիմա էլ, գնահատելով այդ ներդրումները, փորձում եմ մասամբ փոխանցել նոր սերնդին:  Այժմ դասավանդում եմ համալսարանում, դասավանդել եմ նաեւ դպրոցներում:  Կրթական համակարգը լուրջ խնդիրներ ունի: Հատկապես հանրակրթության ոլորտում: Կրթության մեջ հարկավոր են խոշոր համարձակ ծրագրեր: Դասատուն եւ դասախոսը պետք է չափազանց գնահատված լինեն հանրության եւ պետության կողմից: Բոլոր մակարդակներում պետք է ձեւավորել միություններ, որոնք կպայքարեն դպրոցական եւ ակադեմիական մակարդակներում հիմնարար գիտելիքի եւ հմտությունների սերմանման համար:

 

Հանրության կարեւորագույն խնդիրներից է նոր սերնդին գիտությանը մոտեցնելը: Անհրաժեշտ է դպրոցում թիրախային ծրագրերի իրականացումը, ճարտարագիտական խմբակների հիանալի օրինակով գիտական ակումբների ստեղծումը: Պետք է ստեղծել հանրակրթության վերահսկման մեխանիզմներ: Օրհասական է նաեւ համալսարանական կրթության վիճակը: Եթե անհապաղ լուրջ ֆինանսներ չներդրվեն, ապա մոտ հինգ տարի հետո գիտական դպրոցների լուրջ կորուստ է լինելու:

 

Երրորդ դասարանում սովորել եմ գյուղական դպրոցում: Մեծ քաղաքի դպրոցներում երեխան հայտնվում է մամլիչների արանքում, որտեղ իրենից պտուտակ են ձեւ, իսկ գյուղական դպրոցներում մարդը շրջանցում է հզոր համակարգերի ձեռք բերովի բարդույթները: Այնտեղ գիտությունը մաքուր էր, մակարդակը բարձր: Այս դպրոցները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ բոլոր միջոցներով: Գյուղական դպրոցներին ծրագրեր են պետք: Մենք՝ ԳԱԱ երիտասարդ գիտնականներս, ժամանակին ծրագիր արեցինք, այցելում էինք գյուղեր, սեմինարներ էինք անցկացնում: Երեխաներին ցույց էինք տալիս, որ Հայաստանում կա գիտություն եւ կան երիտասարդներ, ովքեր դրանով հետաքրքրված են, ինչը ենթադրում է, որ աշակերտներն իրենց ապագայում կարող են տեսնել այդ ոլորտում:

 

Դպրոցներում այսօր շատ քիչ են մնացել բարձր մակարդակի ուսուցիչները, եթե ֆինանսավորումը բարձրացնեն, ապա համակարգը կինքնամաքրվի:

Հրայր Ազիզբեկյանը Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միայն կիրառականի վրա շեշտադրումը՝ գիտական մշակույթի ոտնահարում

 

Իմ նպատակներից մեկն է աջակցել գիտության եւ կիրառությունների միջեւ կապին, որը մեծ աշխատանք է ենթադրում, այդ թվում՝ պատկան մարմինների կողմից:

 

Հիմնարար եւ կիրառական գիտությունների տարանջատումը եւ միայն կիրառականի վրա շեշտադրումը գիտական մշակույթի կոպիտ ոտնահարում է: Դա նշանակում է, որ մարդն ուղղակի չի տիրապետում գիտության էությանը, բացարձակ չի հասկանում, թե ինչի հետ գործ ունի: Գիտության հետ այդպես չեն վարվում: Կոշիկներով այդ այգի չեն մտնում: Դա նման է ծառը կտրելով պտուղ քաղելուն:

Հրայր Ազիզբեկյանը Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտությունն ավելի շատ ինֆրաստուրկտուրային նշանակության բան է, եւ կիրառական արդյունքներն ընդամենը ստվերն են քո գիտական հզորության: Եթե ուզում ես ունենալ լավ կիրառական գիտություն, պետք է շատ լուրջ ֆինանսավորես հիմնարարը: Կիրառականն ինքն իրեն էլ ճանապարհ կհարթի, որովհետեւ դա կապված է եկամուտի հետ: Եթե հիմա շեշտը դրվի կիրառական գիտելիքի ստացմանը, ապա հիմնարար գիտությունը, որն արդեն ճգնաժամի առջեւ է, կմահանա: Սա բոլորովին հեշտ խնդիր չէ, պետությունները երկար տարիներ ուղիներ են մշակում՝ գիտության եւ տեխնոլոգիաների միջեւ սահուն անցումն ապահովելու համար: Ամբողջ աշխարհում կա անդունդ գիտական արդյունքների եւ առեւտրայնացման միջեւ: Այդ անդունդը լցնելու համար լուրջ մեխանիզմներ են պետք: Հատուկ ինստիտուտներ, միություններ, մեխանիզմներ: Առանց այդ ամենի, լավագույնը, ինչ կարելի կլինի ստանալ, դա եղած գիտելիքի փշրանքներով մի ընկերություն կլինի, որն ինչ-որ եկամուտներ կբերի:

Հրայր Ազիզբեկյանը Հրայր Ազիզբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերունդների միջեւ կապի խզումը կարող է կործանարար լինել

 

Մեր ինստիտուտում տարիքային երկու կուտակումներ ունենք: Մեկը 60-ն անց տարիքն է, գիտական լուրջ դպրոցների կրողներ են, այն մարդիկ են, ովքեր նոր սերունդներ են դաստիարակում: Երկրորդ կուտակումը 27-ի շուրջ է, այն մարդիկ են, ովքեր գալիս են ինստիտուտներ դիսերտացիան պաշտպանելու համար: Մեր ինստիտուտ հիմնականում գալիս են մագիստրոսական կամ ասպիրանտական տարիքում, պաշտպանելուց հետո շատ շուտ դուրս են գալիս ինստիտուտից, պարզ պատճառով՝ չկա նորմալ մարդու համար ընդունելի ֆինանսավորում: Եթե դա լինի, երիտասարդները կարող են զարգացնել դպրոցը, ստեղծել նոր հնարավորություններ, նոր մեթոդներ ուսանողներին կրթելու համար, մեծացնել գիտելիքի տարածման ծավալը: Մեղադրելի չեն այն մարդիկ, ովքեր թողնում են գիտությունը: Բայց այսօր այն բացառապես էնտուզիաստների եւ վերջին մոհիկանների ուսերին է: Այն մարդիկ, ովքեր մնացել են գիտության մեջ կարող են, արտասահմանում նույն աշխատանքով զբաղվելով, առնվազն տասնապատկել իրենց եկամուտները, շատերը նույնիսկ քսանապատկել, եւ այն, ինչ անում են այստեղ, հիմնականում այն գիտակցության արդյունքն է, որ գիտությունը պետք է պահել: Արտասահմանում սովորող հայ ուսանողներին եւս պետք է ներգրավել գիտության մեջ, որի համար փոխանակման, աջակցման ծրագրեր են հարկավոր:

 

Հայաստանում գիտության լավ ապագա ապահովելը գիտական ծրագրերի ներդրման միջոցով կարող է լինել: Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի գիտությունը կարողանա շարունակական ապրել, տրամաբանական աշխատավարձ սահմանել երիտասարդ սերնդին եւ պատվարժան հատուցում ավագներին: Եթե սերունդների միջեւ կապը խզվի, դա կարող է կործանարար լինել: Պետք է աշխատել բոլոր ուղղություններով: Պետք է ոչ միայն տեղական ռեսուրսներով բավարարվել, այլեւ ստեղծել գրավիչ պայմաններ՝ արտասահմանից տարբեր գիտական ծրագրերի ներդրման համար: Հայկական գիտական դպրոցը ստեղծվել է արտերկրից եկած ուղեղների շնորհիվ՝ Ալիխանյան եղբայրներ, Օրբելի եղբայրներ, Համբարձումյան, Մերգելյան եւ բազում այլոք, որոնք հավատում էին երկրի ապագային. այն ուղեղներն են, որոնք իրենց գիտելիքները բերել եւ ներդրել են հայաստանյան գիտության մեջ: Նման պայմաններ պետք է կարողանալ նորից ստեղծել: Հակառակ դեպքում՝ որեւէ մեկը չի ցանկանա անդունդում շենք կառուցել: Որպեսզի մարդիկ վստահեն պետությանը, պետք է տեսնեն, որ այդ պետությունը ճիշտ եւ ամուր հիմքեր է դնում, ունի գաղափարախոսություն: Տնտեսական զարգացումը գաղափարախոսություն չէ, միջոց է, իսկ իմաստուն եւ հանճարեղ երկիր ունենալը գաղափար, եթե ուզում եք՝ «բրենդ»: Ես կարծում եմ, որ արժանի գաղափարախոսություն է այնպիսի հասարակության կերտումը, որտեղ ճանաչված են իմաստությունն ու խրատը եւ իմացված է հանճարների բանը:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին