Արման Ավետյանի մտածող քաղաքն ու գիտական պայքարը - Mediamax.am

exclusive
3225 դիտում

Արման Ավետյանի մտածող քաղաքն ու գիտական պայքարը


Արման Ավետյանը
Արման Ավետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ավետյանը
Արման Ավետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ավետյանը
Արման Ավետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ավետյանը
Արման Ավետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ավետյանը
Արման Ավետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Անընդհատ փնտրելու, ուսումնասիրելու և հարցերի պատասխաններ գտնելու բնավորությունը Արման Ավետյանի մոտ սկսել է զարգանալ, երբ դեռ ընդամենը 2-րդ դասարանում էր սովորում և չէր կարողանում կտրվել հանրագիտարաններից։ Հետո արդեն այդ ամենին միացել է սերը մաթեմատիկայի, հայոց լեզվի եւ հայոց պատմության հանդեպ ու ճանապարհ բացել դեպի գիտությունը։

«Համալսարան ընդունվելու կարգը այսպես էր՝ պարապում ես երեք առարկա՝ հայերեն, անգլերեն, մաթեմատիկա, եւ քննություն ես հանձնում: Իսկ ես չէի սիրում եւ հիմա էլ չեմ սիրում հեշտ ճանապարհներ. այս շարքին ավելացրի նաեւ ռուսերենը եւ ընդունվեցի Հայ-ռուսական համալսարան»,- ասում է տնտեսագետ Արման Ավետյանը:

Մուտքը դեպի գիտություն ու լսարան

Արմանը սկսել է հոդվածներ գրել դեռեւս 11-12-րդ դասարաններում, հիմնականում՝ հասարակագիտական թեմաներով: Արմանի գիտական գործունեությունը սկսվել է համալսարանում սովորելու տարիներին՝ տարբեր գիտաժողովների մասնակցելով։

«Սկսեցի հասկանալ, որ ստացվում է, ու պետք է ավելի խորանալ գիտության մեջ: 3-րդ կուրսում էլ հանդիպեցի կյանքիս համար շատ կարեւոր անձնավորության՝ պրոֆեսոր Արզիկ Սուվարյանին, ով կառավարման ոլորտի լավագույն մասնագետներից էր եւ ինձ անընդհատ էներգիա էր հաղորդում, երբ թեւաթափ էի լինում»,- ասում է Արմանը։

Սիրելի դասախոսի խորհրդով եւ ղեկավարմամբ էլ հետագա տարիներին սկսել է դասավանդել համալսարանում: Այդպես է գտա նաեւ երկրորդ սիրուն՝ դասավանդելը․ «Դա շատ կարեւոր է, որովհետեւ առանց կրթության չկա գիտություն, իսկ առանց գիտության էլ՝ կրթություն»։

«2021 թվականին պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս: Այդ տարիներին համավարակը ու պատերազմը հասկացրին ինձ, որ պետք է մեր երկրի համար ինչ-որ բան անել գիտական ասպարեզում: Այս ժամանակ ես արդեն ուսումնասիրում էի Երեւանը ու իմ առջեւ պայման էի դրել, որ պետք է Երեւանի համար ինչ-որ բան ստանայի»,- ասում է երիտասարդ տնտեսագետը, ով նաև ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գիտնական-վերլուծաբան է:

Արման Ավետյանը Արման Ավետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հաջորդ նպատակս դոցենտի կոչում ստանալն էր, որին հասա 2022-ին: Իմ ուսումնասիրություններով դեռեւս առաջին մարդն եմ, ով մեկ տարում կարողացել է ստանալ թե՛ թեկնածուի աստիճան, թե՛ դոցենտի կոչում: Արզիկ Սուվարյանը սիրում էր միշտ կատակով ասել, թե այս ամենը հերիք չէր, դրա հետ մեկտեղ նաեւ ամուսնացավ ու տղա ունեցավ»,- ժպտում է նա:

«Խելացի» կամ «մտածող» քաղաքը

«Խելացի քաղաք» ծրագիրը, որն Արմանի ատենախոսության թեման է և որով նա շարունակում է զբաղվել, Երեւանի խելացիացման հայեցակարգ է: «Խելացի քաղաքով» Արմանն առաջարկում է տրանսպորտային համակարգի բարեփոխում:

«Ի՞նչ է հիմա կատարվում՝ նոր ավտոբուսները նման են մի հիվանդի, ում հագցնում են գեղեցիկ հագուստ, տալիս են ամենանոր սմարթֆոնը, ցանկանում առողջություն ու կարծում, որ այդպես հիվանդը կբուժվի: Այնինչ՝ Երեւանի տրանսպորտային համակարգը լրիվ այլ խորքային խնդիրներ ունի: Քաղաքը նախկինում զարգացել է այլ տրամաբանությամբ: ԽՍՀՄ տարիներին մենք ունեցել ենք խոշոր գործարաններ՝ քաղաքի տարբեր ծայրամասերում, եւ թե՛ տրանսպորտային համակարգը, թե՛ բնակֆոնդը զարգացել են այդ ուղղվածություններով: Այսօր այլեւս այդ գործարանները չկան, բացվել են նորերը, փոխվել է թե՛ պետության, թե՛ քաղաքի տնտեսական կառուցվածքը: Եթե առաջ Երեւանը արդյունաբերական քաղաք էր, ապա այսօր մասնագիտացած է ծառայությունների ոլորտում: Չնայած ներկայում կատարված փոփոխություններին՝ այսօր էլ շարունակում են գործել նախկին ճանապարհային գծերը: Տրամաբանությունը նույն է մնացել, իսկ այդպես չի կարելի»,- ասում է Արման Ավետյանը:

Հետագայում հասկացել է, որ ծրագիրը պետք է կոչել ոչ թե «խելացի», այլ ավելի շատ «Մտածող քաղաք», որը պետք է ոչ թե ստիպողաբար, այլ բնազդաբար մտածի։

«Տրանսպորտային խնդիրը պետք է լուծվի՝ սկսած կանգառների դիրքից: Ոչ մի կանգառ այս տարիների ընթացքում չի ավելացել եւ դիրքով չի փոխվել: Իսկ քաղաքում ամեն ինչ է փոխվում, որովհետեւ քաղաքը շատ արագ, դինամիկ զարգացող էկոհամակարգ է»,- ասում է տնտեսագետը:

Խնդիրը, ըստ Արմանի այն է, որ մինչ օրս արդիականացման բոլոր ծրագրերում մտածում են միայն ավտոբուսները փոխելու մասին, բայց լուծումը պետք է բազմակողմ բնույթ ունենա: «Խելացի քաղաք»-ում, ինչպես երիտասարդ գիտաշխատողն է ասում, հենց այդ կոմպլեքսայնությունն է ցույց տվել:
Արման Ավետյանը Արման Ավետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Խնդրի լուծումը սկսվում է ոչ միայն կանգառներից, այլեւ դիտահորերից, ճանապարհային նշաններից, կայանատեղերի ավելացումից կամ պակասեցումից եւ այլն: Առաջարկում էի նաեւ կառավարման կենտրոն ստեղծել, որը կհամակարգի այս ամենը: Այսօր փորձում են հասարակական տրանսպորտին առանձին գծեր տրամադրել եւ բնակչությանը համոզել ու ապացուցել, որ  հասարակական տրանսպորտը ավելի հարմարավետ եւ ճիշտ փոխադրամիջոց է: Ճիշտ է, սա արդիական մոտեցում է, եւ միջազգային փորձը ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ միակ արդյունավետ տարբերակը դա է: Բայց մեդալն ունի նաեւ հակառակ կողմ։ Եթե, օրինակ, հատկացվի առանձին տրանսպորտային գիծ կամ ինչ-որ վայրում արգելվի մեքենաների կայանումը, այդ դեպքում մարդիկ որտե՞ղ պետք է կայանեն իրենց մեքենաները: Եվ ես միշտ առաջին անգամ լսարան մտնելիս իմ ուսանողներին հարցնում եմ ՝ մտածե՞լ եք արդյոք՝ որքան ժամանակ է մեզնից խլում Երեւանը: Մենք այդ ժամանակը կորցնում ենք խցանումներում, համայնքային ծառայություն ստանալիս եւ այլն»,- ասում է Արման Ավետյանը:

Այս խնդիրներին շաղկապված՝ ծրագրում անդրադառնում է մանկապարտեզների, աղբահանության, շրջակա միջավայրի խնդիրներին, անբարեկարգ վիճակում գտնվող պոլիկլինիկաներին, մայթերի բացակայությանը եւ այլ խնդիրների, ու դրանց լուծումներ առաջարկում։

«Քաղաքն այդ ամենը պետք է հաշվի առնի, մտածի, վերափոխի, պոլիկլինիկայի մատչելիությունը բարձրացնի եւ այլն: Մեր առաջարկած հայեցակարգի համաձայն՝ նոր թաղամաս կառուցելիս քաղաքը արդեն նախօրոք պետք է իմանա դրա մասին: Նոր թաղամասի կառուցման թույլտվությունը ստանալուց հետո մյուս գերատեսչություններին նույնպես պետք է տեղեկացնեն, որ այսինչ տարածքում կառուցվում է նոր թաղամաս: Օրինակ՝ տրանսպորտի վարչությունը պետք է սկսի զբաղվել այդտեղ կանգառների, տրանսպորտային գծերի եւ այլնի ավելացմամբ, բարեկարգման վարչությունը գետնանցումների կառուցման լոգիկան պետք է մտածի, կրթության վարչությունը պետք է մտածի այդտեղ մանկապարտեզ, դպրոց կառուցելու մասին: Բոլոր գերատեսչությունները՝ բնակչության հետ համագործակցելով, պետք է իրականացնեն այս գործընթացը: Հիշում եմ՝ այդ համագործակցությունը ապահովելու նպատակով մագիստրատուրայում սովորելու տարիներին առաջարկել էի «I Yerevan» լուծումը, որի դեպքում հավելվածի միջոցով երեւանցիները կարող էին իրենց կարծիքը արտահայտել տարբեր ծրագրերի վերաբերյալ: Այսօր արդեն կա «Ակտիվ քաղաքացի» ծրագիրը, որը բնակչությանը տալիս է այդ հնարավորությունը»,- ասում է Արման Ավետյանը:

Արման Ավետյանը նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, և, մյուս գիտական աշխատանքը, որով զբաղվում է, վերաբերում է համայնքային ծառայությանը։

Տնտեսագիտության զարգացումն ու արհեստական բանականությունը

«Այսօր տնտեսագիտությունը Հայաստանում ամենապահանջված մասնագիտություններից մեկն է։ Վերջերս մի վիճակագրություն էի նայում, որտեղ Հայաստանում ընդունելությունների ցանկում առաջին տեղում բուժական գործն էր, երկրորդ տեղում՝ տնտեսագիտությունը»,- ասում է Արման Ավետյանը։
Արման Ավետյանը Արման Ավետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըստ Արման Ավետյանի՝ կառավարումը՝ որպես գիտաճյուղ, շատ կարեւոր մեթոդաբանական հարցի առաջ է կանգնած՝ թվայնացումը հանգեցնելու է նրան, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կուլ տա՞ն կառավարումը, թե՞ հակառակն է լինելու։

«Այլ ոլորտների ներկայացուցիչները կասեն, որ կառավարումը դառնալու է կիբեռնետիկային սպասարկող ճյուղ, բայց իրականում լրիվ հակառակն է լինելու։ Կառավարումն է պատվեր տալու թվային ոլորտին, որ, օրինակ, այսինչ հարցը պետք է թվային ձեւով լուծես։ Մյուս ոլորտները նույնպես առանց ծրագրային կառավարման ոչինչ չեն կարող անել։ Ո՞ւր է գնալու արհեստական բանականության (ԱԲ) պայմաններում կառավարումը։ Լինելո՞ւ է ԱԲ, որը օգտագործում է կառավարումը, թե՞ լինելու է կառավարում, որն օգտագործում է ԱԲ-ն՝ իր խնդիրների լուծման համար։ Իմ մասնագիտությունը հաշվի առնելով՝ ես փորձում եմ ապացուցել վերջին տարբերակը։ Երբ ԱԲ-ն հասնի իր զարգացման գագաթնակետին , միեւնույնն է, այն չի կարողանալու ամբողջությամբ կուլ տալ կառավարումը։ Կառավարումն ու մարդը մնալու են, փոխվելու է միայն կառավարման պարադիգման։ Եթե նախկինում մարդը կառավարում էր մարդուն, հետո մեքենային եւ այլն, այսօր մարդը կառավարելու է ԱԲ-ին»,- ասում է Արման Ավետյանը:

Երիտասարդ գիտաշխատողի խնդիրներն ու պայքարը

Արման Ավետյանը համագործակցում է մի շարք եվրոպացի գիտաշխատողների հետ: Նրա մեծագույն երազանքն է տնտեսագիտության լաբորատորիա ստեղծելը, որտեղ հնարավոր կլինի իրականացնել մոդելավորում եւ կանխատեսել այս կամ այն խնդիրը, օրինակ՝ քաղաքային տնտեսությունում։

«Երբ ասում ենք տնտեսագիտության լաբորատորիա, շատ դժվարությամբ ենք այն պատկերացնում, որովհետեւ լաբորատորիա ասելիս միշտ պատկերացնում ենք գործիքներ, փորձանմուշներ: Իսկ ի՞նչ պետք է լինի տնտեսագիտության լաբորատորիայում՝ փո՞ղը երեւի։ Տնտեսագիտության լաբորատորիայում պետք է լինեն արդիական համակարգիչներ, որոնցով կկարողանանք ստեղծել քաղաքի միջավայրը՝ 3D մոդելավորմամբ»,- ասում է Արման Ավետյանը։

Գիտաշխատողի համար կարեւորը երիտասարդներին խթանելն ու մոտիվացնելն է, որովհետեւ նրանք են ապահովում գիտության շարունակականությունը։

«Ես՝ որպես գիտնական, եթե չունենամ իմ ներքին մոտիվացիան, չեմ մտածի գիտական գործունեության մասին։ Պետության առաքելությունը նաեւ գիտնականին գիտության մեջ պահելն է։ Կարեւոր է նաեւ գիտության կիրառելիությունը։ Չպետք է լինի այնպես, որ էնտուզիաստ, էներգիայով լեցուն գիտնականը կորցնի իր էներգիան։ Իսկ էներգիան ստացվում է, երբ տեսնում ես ծրագրերիդ իրագործումը։ Ես այսօր անընդհատ պայքարում եմ, ցույց եմ տալիս ծրագրերս, որոնք մեկ անգամ լսում, բայց ավելի շատ անտեսում են։ Այդ անտեսմամբ պայմանավորված՝ վաղ թե ուշ էներգիան մարելու է։ Ցավալի է, բայց բոլորի մոտ է մարում։ Ես իմ արդյունքները պետք է ներդնեմ ինչ-որ մի տեղ, թեկուզ ինչ-որ փոքր թաղամասում։ Շատերը բողոքում են անտեսվածությունից, բայց ինձ համար ավելի շատ խնդիր է չմոտիվացվելը։ Մոտիվացնել չի նշանակում միայն ֆինանսավորել. մասնագետը պետք է զգա, թե որքանով է նա արժեքավոր պետության համար»,- ասում է Արման Ավետյանը։
Արման Ավետյանը Արման Ավետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արմանի առջև դրված խնդիրներից է նաեւ ուսանողներին ցույց տալը, որ գիտությամբ զբաղվելը ոչ միայն մոդայիկ է, այլեւ հնարավոր է դրա շնորհիվ բարեկեցիկ կյանքով ապրել եւ նպաստել հայրենիքի զարգացմանը:

«Մենք դասախոսներով փորձում ենք ուսանողներին սեփական օրինակով պահել, մոտիվացնել։ Սակայն նրանց մեծ մասը առաջին կուրսից սկսած աշխատում են ինչ-որ մասնավոր տեղերում, եւ դու չես կարողանում նրանց հետաքրքրել գիտությամբ, մանավանդ որ նրանց մեջ տարածված է ծեր, աղքատ գիտնականի կարծրատիպը»,- ասում է Արման Ավետյանը։

Ըստ Արմանի՝ կրթվելը ամենադժվար եւ երկարաժամկետ գործընթացն է, որովհետեւ կրթության արդյունքները տեսնում ենք երկար տարիներ հետո:

«Այսօր «life long learning» սկզբունքով պետք է շարժվել: Երևի, Լենինը մի բան գիտեր, երբ ասում էր՝ սովորել, սովորել Ու եւս մեկ անգամ սովորել: Ես իմ բոլոր ուսանողներին ասում եմ՝ ցանկացած պահի, անգամ արձակուրդներին, կարող եք գալ համալսարան եւ օգտվել գրականությունից: Կրթության բլոկը միշտ պետք է լինի, կարեւոր չէ ավարտել ես համալսարանը, թե ոչ: Պետք է միշտ շարունակել կրթվել»-, ասում է Արման Ավետյանը:

Երջանիկ Հարությունյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին