Շվեդիան կողմ է «ՀՀ-ԵՄ հավակնոտ համաձայնագրի» կնքմանը - Mediamax.am

6726 դիտում

Շվեդիան կողմ է «ՀՀ-ԵՄ հավակնոտ համաձայնագրի» կնքմանը


Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն այսօր հայտարարել է՝ Ստոկհոլմը ցանկանում է, որ Հայաստանն ու Եվրամիությունն ապագայում ստորագրեն «հավակնոտ համաձայնագիր»:

Այս մասին Մարգոտ Վալստրյոմն ասել է Երեւանում՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման եւ խորացման հեռանկարները, անդրադարձել տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, բարեփոխումների հարցերին, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

 

Մարգոտ Վալստրյոմն ասել է, որ Շվեդիան՝ որպես «Արեւելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնող երկրներից մեկը, սատարում է արեւելյան գործընկերների նկատմամբ ԵՄ-ի կողմից անհատական, տարբերակված մոտեցման դրսեւորմանը:

 

«Մենք շարունակելու ենք սատարել եւ առաջ տանել այս նախաձեռնությունը, եւ ջանքեր ենք գործադրելու, որպեսզի այն շարունակի մնալ ԵՄ օրակարգում: Մենք խրախուսում ենք «ավելին ավելիի դիմաց» մոտեցումը»,- հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարարը:

 

Անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացին՝ Մարգոտ Վալստրյոմը նկատել է, որ այս այցի նպատակներից մեկն է հասկանալ Հայաստանի մոտեցումները եւ ակնկալիքները:

 

«Մենք համոզված ենք, որ ԼՂ հիմնախնդիրը չունի ռազմական լուծում, եւ պետք է ամեն ինչ անել ոչ թե լարվածությունն ավելացնելու, այլ այն նվազեցնելու ուղղությամբ: Մենք խրախուսում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հասնելու հարցի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին