Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական շրջաններում եւ դրանց շուրջ ականանետների եւ ծանր զինատեսակների օգտագործման վերաբերյալ:
Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում:
«Նման զինատեսակների կիրառումը հանգեցնում է միայն հակամարտության անթույլատրելի սրման: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Մենք խստիվ հորդորում ենք կողմերին՝ խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից: Կողմերը Ժնեւյան կոնվենցիաներով պարտավորություններ են ստանձնել՝ պաշտպանելու ոչ զինվորականների անվտանգությունը»,- նշել են համանախագահները:
Միջնորդներն ափսոսանք են հայտնել, որ այս միջադեպերը տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Նյու Յորքում ծրագրված հանդիպման նախօրեին:
«Մենք ակնկալում ենք նախարարներից ծավալել լուրջ քննարկումներ բանակցային գործընթացի, ինչպես նաեւ հակամարտության սրման միջադեպերի վերաբերյալ: Քանի դեռ մենք չենք կարող հստակ որոշել, թե ինչպես են սկսվել այդ միջադեպերը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին, հակամարտության կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ-ի կողմից հետաքննություն անցկացնելու մեխանիզմի ներդրման ուղղությամբ, ինչպես դա քննարկվել էր նախագահների կողմից»,- ասել են միջնորդները:
Համանախագահները հայտարարել են, որ շարունակելու են բարձր մակարդակով աշխատանքը կողմերի հետ՝ լարվածությունը թուլացնելու եւ հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանը հասնելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: