Կարեն Կարապետյան. Իմ աղջիկն ու Ախպորի Ձոձեն - Mediamax.am

4830 դիտում

Կարեն Կարապետյան. Իմ աղջիկն ու Ախպորի Ձոձեն


Լուսանկարը`


Ընտանիքս բաղկացած է յոթ հոգուց: Ես եմ, կինս, աղջիկս, մայրս, տատս, մեր ոզնին, որը հիմա քնած է եւ Ախպորի Ձոձեն: Ախպորի Ձոձեն աղջկաս մտերիմ ընկերն է: Մարդ է դա, թե ինչ-որ մի երեւակայական էակ, հայտնի չի, քանի որ ոչ մեկս նրան չի տեսնում, բայց նա ապրում է մեզ հետ: Աղջիկս շատ հաճախ նրա հետ զրուցում է, հարցեր տալիս ու հավանաբար ստանում պատասխաններ, քանի որ ցանկացած հարցին հետեւում է մեկ այլ հարց: Հաճախ մորը խնդրում է պատմել Ախպորի Ձոձեյի մասին, ու կինս սկսում է մի պատմություն, որի ավարտը չի երեւում:

 

Երբեմն ես ու աղջիկս թավալվում ենք գորգի վրա ու սկսում տարբեր խաղեր հնարել, բայց մեկ էլ տեսար, խաղի ամենաթեժ պահին, աղջիկս ասում է, պապ, կլի՞նի Ախպորի Ձոձեն էլ խաղա մեզ հետ: Բնականաբար, ես ուրախությամբ եմ համաձայնվում, քանի որ դա ինձ հնարավորություն է տալիս ծանոթանալու աղջկաս մտերիմ ընկերոջ հետ: Բայց ցավոք նա կամ չի ուզում ինձ հետ նույնպես մտերմանալ, կամ էլ միամիտ է Բուրիդանի իշուկի պես, քանի որ երբ աղջկաս հետ միաժամանակ ես նույնպես նրան որեւէ հարց եմ տալիս, ապա նա լռում է ու չի պատասխանում ոչ ինձ, ոչ էլ աղջկաս, հավանաբար չկողմոնորշվելով ում պատասխանի: Ես դա կռահում եմ աղջկաս խորամանկ ժպիտից, քանի որ նման դեպքերում աղջիկս ժպտում է ու դադարում Ախպորի Ձոձեին որեւէ հարց տալուց:

 

Ես շատ կցանկանայի մտերմանալ նրա հետ: Ախր Ախպորի Ձոձեն իմ աղջկա ներաշխարհն է, նրա հեքիաթային ամրոցը, որտեղ կարծես ես մուտք չունեմ: Ախր Ախպորի Ձոձեն իմ երկրորդ աղջիկն է, միայն անտեսանելի, միայն երեւութական, բայց միեւնույն ժամանակ բավական իրական: Ախր գուցե Ախպորի Ձոձեի աշխարհը շատ ավելի պայծառ է ու լուսավոր, շատ ավելի մաքուր է ու ջինջ, որտեղ մարդ մեկ անգամ ոտք դնելուց հետո, ուզում է հավերժ մնալ այնտեղ: Գուցե նա աստվածային այն հրեշտակն է, որի միջոցով Աստված ստանում է մանկան կերպար, քանի որ ցանկացած մանկան մեջ ապրում է աստվածային բարությունն ու ջերմությունը, սերն ու ներողամտությունը:

 

Երբեմն աղջիկս ամուր գրկում է վիզս ու հավաստում, որ ինձ շատ է սիրում: Այդ պահին ես մոռանում եմ աշխարհը, մոռանում բոլորին ու ամեն ինչ: Մնում ենք միայն ես ու աղջիկս: Մեկ էլ…մեկ էլ Ախպորի Ձոձեն, քանի որ աղջկաս հաջորդ ասածն այն է լինում, որ շատ է սիրուն նաեւ Ախպորի Ձոձեին: Նման դեպքերում, մեղքս ինչ թաքցնեմ, փոքր-ինչ խանդում եմ:

 

Բայց այս վերջերս խիստ անհանգիստ եմ: Աղջիկս գնալով ավելի քիչ է տալիս Ախպորի Ձոձեի անունը: Ի՞նչ է պատահել նրան: Ու՞ր է հեռանում մեր ընտանիքի յոթերորդ անդամը: Ունեմ եւ ուրախության, եւ կորստի զգացում: Աղջիկս օր օրի մեծանում է ու դա ինձ բերկրանք է պատճառում: Բայց յուրաքանչյուր օրվա հետ Ախպորի Ձոձեն հեռանում է մեզանից: Աղջիկս մեծանում է, ու մենք Ձոձեին կորցնում ենք անդարձ:

 

Գնաս բարով, Ախպորի Ձոձե:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին