ԱՆԱՀԻՏԻՍ՝ առաջնեկիս ու միակիս ծննդյան օրվանից մինչև հիմա, երբ ինքն իր մի շարք հատկանիշներով, թերևս, ավելի հասուն է ու մեծ ինձնից, իմ ու իմ դստեր, իմ ու իմ աղջկա երկխոսության առանցքն այս նախադասությունն է.
- Պապային ինչքա՞ն ես սիրում…
- Շաաա՜տ …
(Սույն պատասխանը, արձագանքը դիտել ու չափել Անահիտի տարիքային վեցուկեսամյա շրջափուլերում՝ բառացի, ժեստով, ձեռքերը տարածելով, քնահարամ, անհավես, սրտանց, հեռախոսի ընկալուչի այս ու այն կողմերից, տարածության վրա, թե ներսաաշխարհագրապես մերձ, մի խոսքով՝ կենսառիթմերով տարազան և այլն):
Մեր երկխոսության այս պարտադիր տուրևառումը դարձել է հայրադուստրական սիրո, կապվածության, նվիրումի, չբառակերպվող գաղափարախոսության հենք ու արտահայտում:
- Պապային ինչքա՞ն ես սիրում…
- Շաաա՜տ …
Ու, թերևս, այդ է բնական ու տրամաբանականը: Բայց նաև սրտառուչն ու աստվածայինը: Որովհետև ամենայն ինչ պետք է մեկնակետվի սիրով ու երկխոսությամբ, կամ սիրալիր զրույցով, սիրահենք փոխհարաբերումի դիպվածով: Այլապես առաջանում է ընտանեկան, ծնողական ու միջանձնային խզում, որի հետևանքների մասին չեմ էլ ուզում խոսել: Ավելի լավ է խոսենք միմյանց հետ, խոսենք սիրով ու սիրո մասին, այդպես չէ՞.
- Պապային ինչքա՞ն ես սիրում…
- Շաաա՜տ …
Անահիտն, ասացի արդեն, որ իմ առաջնեկն է, և ուրեմն, իմ առաջին ու վերջին երազանքն ու նպակադրումները կապված են հենց նրա անհոգ մանկության ու հետայդու կենսափուլերի բնականոն զարգացման հետ:
Անահիտի բանաստեղծ հայրը (համեստ տողերիս անհամեստ հեղինակը) իսկական անահիտերենով անահիտաշար է սեպել, որովհետև իմ Անահիտն ու բոլոր Անահիտները, առհասարակ, բոլոր երեխաներն առանձին ճակատագիր են ու առանձնահատուկ վերաբերմունքի են արժանի ծնողական հանձնառություններից մինչև անկենցաղ դրսևորումներ, արվեստաբանական պատկերումներ, ցոլացումներ, գրարարումներ և այլն:
Ես որ ընտրել եմ Անահիտի հետ զրուցելու չափածո ժանրը՝ արտահայտելով իր նկատմամբ իմ անչափ սիրո առհավատչյան:
- Նամակ Աստծուն…
Ես չգիտեմ, Աստված,
Գուցե այլևս քեզ չեն հասնում նամակներս,
Որ դողացող… լռությամբ եմ գրում… իմ ներսում:
Ես չգիտեմ, գուցե ձեռագիրս է փոխվել,
Ու չես պատասխանում…
Ես հիշում եմ ամենավերջին նամակը Քո…որ դուստրն է իմ…
Ես չգիտեմ, Աստված,
Գուցե սպառել եմ թանաքն ու …լռությունդ եմ վատնել արարչական:
(Աստված մի արասցե)
Թե՞ փոխել եմ տանս հասցեն:
…Ես չգիտեմ, Աստված…
Մեր գերվռազ օրվա, աշխատանքային ու այլազան վազքում մենք մոռանում ենք ինքներս մեզ, դա մեր իրավունքն է, որպես սոցիալական սուբյեկտի, բայց մենք պարտավոր ենք չմոռանալ նրանց մասին, որոնք մեր զրույցի, հորդորի, դաստիարակության կարիքն ունեն: Հոգ չէ, թե ինքներս որքան սովորելու տեղ ունենք:
Մենք պարտավոր ենք Անահիտներին լսել ու զրուցել նրանց հետ, որպեսզի նրանք հասկանան, որ իրենք փոքր չեն, որ իրենք մեծանում են, որ իրենք կարևոր են ու առանց իրենց ոչինչ չի լինում.
Անահիտը հագնում է
Հողաթափերս,
Որով ես իջնում եմ…երկնքից…
Դառնում եմ արայահոտ ամուսին, հայր, որդի…
Նա չի ուզում շուտ մեծանալ,
Ցանկանում է, որ ես փոքր մնամ…
Եվ հողաթափերս դրանից
ծանրանում են առավել:
Երևի սկսեմ
բոբիկ
քայլել…
Շատ ու չչափվող սիրով պիտի ասենք Անահիտին ու մյուս երեխաներին, որ, թեպետ, իրենց նախահանգրվանը Մայրիկն է, բայց իրենք շարունակվող ես –ն ենք ու ՄԵՆՔ-ը: Որովհետև առանց Նրանց էլ Հայրն ու Մայրը, փոքրումեծ ընտանիքները չեն գոյելու, չեն շարունակվելու: Եվ ուրեմն, ամենայն ինչ ներդաշնակ՝ աստվածային համազորության մեջ է: Սիրո մեջ է ու անպայման սիրո, որը փրկում է մեզ ու Փրկչին իսկ: Սերը կփրկի աշխարհն ու մեզ, իսկ մենք ե՞րբ և ու՞մ միջոցով ենք փրկելու սերն ու մեզ, եթե ոչ սիրով ու միմյանցով: Ինձ չեք հավատում, Անահիտին հարցրեք…Ես, որ հաստատ հարցրել ու շարունակելու եմ հավատալ.
- Պապային ինչքա՞ն ես սիրում…
-Շաաաա՜տ…
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: