«Խարազ»-ի հիշատակին - Mediamax.am

«Խարազ»-ի հիշատակին
6963 դիտում

«Խարազ»-ի հիշատակին


Այս նկարն ինձ հետ է մանկությունից: Նկարիչ Էդուարդ Խարազյանը հորաքրոջս մտերիմ ընկերուհու ամուսինն էր եւ մեր ընտանիքի ընկերը:



Գեղանկար չէ՝ թատերական ներկայացումներից մեկի համար արված էսքիզներից է: Հին բնակարանում կախված էր ծնողներիս ննջարանում, իսկ երբ 9 տարի առաջ տեղափոխվեցինք նոր բնակարան, նկարն իր տեղը գտավ հյուրասենյակում:

Էդուարդ Խարազյանը հեռացել է կյանքից՝ 85 տարեկան հասակում:

Կան մարդիկ, որոնք մեր կյանք են մտնում մանկությունում եւ թվում է, որ հավերժ մնալու են մեզ հետ: Այդպիսի մարդ էր դյադ՛ Էդիկը: Չեմ կարող ասել, որ նրա հետ շատ եմ շփվել, բայց ինքը միշտ կար իմ կյանքում եւ դա այնքան լավ էր:

Մանկությանս flashback-երից մեկն է՝ 1985 թվականն է, ես 9 տարեկան եմ, մերոնց հետ գնում եմ Նկարիչների միություն, Էդուարդ Խարազյանի առաջին մեծ անհատական ցուցահանդեսի բացմանը: Շատ-շատ մարդիկ կային ու հազիվ կարողացանք մոտենալ դյադ՛ Էդիկին: Անցել է չորս տասնամյակ, բայց այդ օրը շատ հստակ եմ հիշում:

Մանկությունից «Խարազ»-ի (այդպես էին նրան անվանում ընկերները) հետ կապված մի հիշողություն էլ ունեմ: Եթե ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան անցնում եք Ազգային Ժողովի շենքի կենտրոնական մուտքի մոտով, կտեսնեք, որ այն լուսավորվում է՝ շատ ավելի վառ, քան Բաղրամյան պողոտայի ընդհանուր լուսավորությունն է: Այդպես էր լուսավորվում նաեւ խորհրդային տարիներին, երբ շենքը Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նստավայրն էր: Մի օր հորաքույրս, ընկերուհին եւ Էդուարդ Խարազյանը ուշ երեկոյան քայլում են այդտեղով եւ կանայք ուշադրություն են դարձնում վառ լույսին, «Խարազ»-ն էլ արձագանքում է. «Այստեղ միշտ էլ հատուկ միկրոկլիմա է»: Չգիտեմ ինչու, բայց այդ դիպվածը եւս ամուր դաջվել է հիշողությանս մեջ:

Էդուարդ Խարազյանը եւ նրա գործընկերուհի (եթե այս բառը կիրառելի է նկարիչների համար) Հասմիկ Սեւոյանը 1997 թվականին ինձ ծանոթացրեցին գրող Վրեժ Իսրայելյանի հետ: Այդ ծանոթության շնորհիվ ոչ միայն պարտադիր զինվորական ծառայությունս անցա պարոն Իսրայելյանի ղեկավարած «Հայ Զինվոր» թերթում, այլեւ կյանքի կարեւոր դասեր ստացա նրանից: Առանց «Խարազ»-ի դա չէր լինի, կյանքս էլ հաստատ այլ կերպ կդասավորվեր:



Էդուարդ Խարազյանը ծնվել էր Թբիլիսիում եւ Հայաստան էր տեղափոխվել 18 տարեկանում: Միշտ ամաչում էր, որ հայերեն լավ չի խոսում: Այսօր գտա իր ասած այս բառերը, որոնք այնքան շատ բան են ասում.

«Իմ բաժին ժամանակն էնպես ապրեցի, որ նկարչությունը կյանք դարձավ, ու կյանքը նկարչություն:

Ու էդ նվազագույնի մեջ հաստատ մի բան մնաց՝ իմ գտած Հայաստան երկիրը, իմ մեջ շիվ տված, 70 տարում ծառ դարձած հայկականը: Ու մեկ էլ մնաց էն վստահությունը, որ մի բան կարծես եղել եմ, հնարավորինս եղել եմ կյանքի ու նկարչության մեջ: Եղել եմ ծնողներիս արձագանքը էս հավիտենական սարերի ու ձորերի մեջ:

Փառք Աստծո, նկարչությունը բերեց-բերեց ու ինձ հայ դարձրեց»:

Այն, որ Էդուարդ Խարազյանը «մի բան եղել է», վկայում են իր գործերը, օրինակ, 1972 թվականին արված այս կտավը՝ «Նազարստանը»:



Գնաս բարով, դյադ՛ Էդիկ: Քեզ միշտ հիշելու եմ, նկարդ էլ միշտ մեր տանն է լինելու:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին