«Թուրքը թուրքից բացի այլ բարեկամ չունի»
Քեմալ Աթաթուրք
Թուրքերը հակասություններ եւ տարաձայնություններ ունեն համարյա բոլոր պետությունների եւ ազգերի հետ, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, ըստ քաղաքական նպատակահարմարության: Ներքին եւ արտաքին թշնամիների փնտրտուքը, իսկ հարկ եղած դեպքում նաեւ ստեղծումը, եղել է թուրքական պետությունը «անջատողականության վտանգից պահպանելու» հիմնական քաղաքականությունը:
Թուրքիայի մշտական այլադավան թշնամիների շարքում շարունակում են մնալ հայերը, հույները եւ հրեաները: Կան նաեւ մահմեդական թշնամիներ` քրդերը: Վերջին տարիներին քուրդ ժողովրդի ազգային զարթոնքը նրանց դարձրեց գլխավոր թշնամի` թե երկրի ներսում, թե` դրսում: Հիմնականում քրդաբնակ Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո լսվեցին հայտարարություններ, որ պետության չլուծած հարցը կլուծի բնությունը: Վերոհիշյալ արձագանքներն ինչքան էլ դատապարտվեցին հասարակության առաջադեմ շրջանակների կողմից, մի անգամ եւս բացահայտվեց թուրքի ատելությունը քրդի նկատմամբ: Հրեաներին մեղադրելով սիոնիզմի մեջ, հույներին չներելով Առաջին համաշխարհային պատերազմում պարտության համար, պարսիկներին` իսլամական կրոնապետության արտահանման ջանքերի համար, չհասկանալով քրդերի տառապանքը եւ ազատության ձգտումը, սակայն թուրքերի համար բացարձակ թշնամի շարունակում է մնալ հայը:
Թուրքիայի հիմնական հակառակորդները լինելով Հայաստանից շատ ավելի հզոր, երբեք չկարողացան «վայելել» Հայաստանի եւ հայերի նկատմամբ դրսեւորված թշնամական վերաբերմունքը: Թուրքիան երբեք սահման չփակեց այլ երկրների հետ, անգամ քաղաքական ամենասուր ճգնաժամերի ժամանակ, երբ նույնիսկ թվում էր, թե պատերազմի վտանգն այլեւս անխուսափելի է: Հունաստանի հետ ունենալով բարդ քաղաքական հակասություններ, որոնք արտահայտվեցին նույնիսկ ռազմական ընդհարումներով, երբեք դիվանագիտական հարաբերությունները չխզեց այդ երկրի հետ: Բուլղարիայի իշխանությունների կողմից էթնիկապես թուրք բուլղարացիների բռնաճնշումներից հետո, երբ նրանք ապաստան գտան Թուրքիայում, Բուլղարիայի հետ սահմանը չփակվեց եւ դիվանագիտական հարաբերությունները չխզվեցին: Իսրայելի հետ ունեցած հակասությունների արդյունքում սպանվեցին Թուրքիայի քաղաքացիներ, սակայն նույնիսկ այդ ժամանակ սահմանափակվեցին միայն իսրայելական ապրանքների բոյկոտի կոչերով: Թուրքիայում գտնվում են տարբեր ազգերի հարյուր հազարավոր ապօրինի միգրանտներ, եւ դրանցից շատերը ոչ թե ՀՀ քաղաքացիների նման միայն ապօրինի կացությամբ եւ աշխատանքով են խախտում թուրքական օրենքները, այլեւ ընդգրկված են թրաֆիքինգի ու այլ քրեական ազգային հանցախմբերում, սակայն կառավարությունը երբեք նրանց երկրից վտարելու սպառնալիքների չի դիմում:
Օսմանյան կայսրության հետեւորդ թուրքական պետականության պատմությունը նույնպես հարուստ է դավադրությունների եւ սպանությունների օրինակներով: Թուրքիայում սպանվել են իշխող վարչակազմի հակառակորդներ, իշխանամետներ, քաղաքական գործիչներ, տարբեր դավանանքի հոգեւորականներ, մասոններ, զինվորականներ, լրագրողներ, գրողներ, խոշոր գործարարներ, համասեռամոլներ, մարմնավաճառներ, որոնք քաղաքական հայացքներով եղել են ձախակողմյան, աջակողմյան, իսլամիստ, քեմալիստ, լիբերալ, կոմունիստ, հավատացյալ եւ աթեիստ: Նրանք եղել են էթնիկապես թուրքեր, քրդեր, հայեր, հույներ, լազեր, հրեաներ, չերքեզներ, ասորիներ:
Թուրքիայում պետությունը լինելով կառավարությունից անկախ եւ վեր, այն ինչ ներկայում անվանում են «ներքին կամ խորքային պետություն», ժամանակ առ ժամանակ հայտնաբերել է մարդասպաններին, կամ սպանության բացահայտումը թողել է «մթության» մեջ, սակայն երբեք հանրապետական Թուրքիայի պատմության մեջ չի հերոսացվել կոնկրետ մարդասպանը: Նույնիսկ Հռոմի պապի վրա մահափորձ իրականացրած հանցագործը իր պատիժը շարունակելով կրել արդեն թուրքական բանտում եւ արժանանալով Պապի ներմանը, չարժանացավ այն վերաբերմունքին, ինչ դրսեւորվեց Հ. Դինքի մարդասպան Օ. Սամաստի նկատմամբ:
2009թ. որոշ թուրքերի կողմից Հ. Դինքի հայ լինելու համար սպանությունը դատապարտելու համար օրերով բողոքի միտինգներ ու ցույցեր կազմակերպելուց բացի, այլ դրական քայլեր չարվեցին: Ձերբակալված մարդասպանը ու կազմակերպիչների մի մասը դատապարտվեցին, սակայն բազմաթիվ մութ կետեր դեռ չեն լուսաբանվել: Կառավարությունը բավարարվեց միայն ձգանը քաշող անչափահասին դատապարտելով, չփորձելով հասնել սպանության կազմակերպման ակունքներին, վախենալով որ դրանք կբացահայտեն նաեւ պետության «խորքային արմատները»: Ոճրագործը ձերբակալվելուց հետո ոստիկանության շենքում. թուրքական դրոշի ներքո լուսանկարվեց թուրք ոստիկանների հետ, որոնց դեմքերը հպարտություն էին ճառագում: Սպանությանը որոշակի առնչություն ունեցող թուրքական ոստիկանության, հատուկ ծառայությունների աշխատակիցները պատժվելու փոխարեն, պաշտոնի առաջխաղացում ունեցան, լիովին բացահայտելով պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Հրանտի սպանությանը հաջորդեց թուրքական բանակի զինվոր Սեւակ Բալըքչիի սպանությունը 2010թ. ապրիլի 24-ին: Բանակային «ընկերոջ» հետ իբր «կատակ քաշքշուկի» բռնված Սեւակի սպանությունը առաջին իսկ պահից ներկայացվեց որպես անզգուշության հետեւանք, սակայն կասկածելի թվաց այն հանգամանքը, որ երկար ժամանակ չէր բացահայտվում «անզգույշ ընկերոջ» անունը: Այս դատավարությունը շարունակվում է մինչեւ օրս, ստացել է բավական քաղաքական հնչեղություն, սակայն «անզգույշ ընկերը» նույնիսկ չի կալանվել:
Թուրքական հասարակության մեջ հայ պատժելու ցանկությունը, սպանողին հերոսացնելը եւ պետության կողմից դրա հովանավորությունը եւ պարգեւատրումը վկայում է, որ թուրքի համար հայից վտանգավոր թշնամի չկա: Իսկ պետության կողմից դիվանագիտական կապեր չհաստատելը եւ սահմանի փակ պահելը եւս վկայում է Հայաստանի առանձնահատուկ վտանգավորության մասին:
Հատկանշական է, որ հայ-թուրքական հարաբերությունների քննարկման ժամանակ շեշտվում է, որ Հայաստանը Թուրքիայի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շարքում չէ, սակայն քաղաքական կյանքում չհիշատակվող «հայը» առօրյա կյանքում դառնում է հայհոյանք: Սովորաբար թույլ թշնամին գլխավոր սարսափի չի վերածվում, առօրյա կյանքում իր անունը հայհոյանք չի դառնում, ամեն պատահած դեպք նրանով չի բացատրվում, ավելին` հոգեբանական վախի չի վերափոխվում: Այսօր Թուրքիայում հայկական արմատներ ունենալու մասին խոսակցությունն ընկալվում է որպես մեղադրանք, ոչ միայն պետական ու հասարակական գործիչների, այլեւ փողոցում խաղացող երեխայի համար:
Այս նույն թաքնված հոգեբանական վախը փոխանցվել է նաեւ ադրբեջանցիներին: Թուրքական դաստիարակություն ստացած եւ իր բոլոր «հաջողությունների» համար իրեն Թուրքիային պարտական համարող Ռամիլ Սաֆարովի հերոսացումը եւս պայմանավորված է թուրքական հասարակության մեջ հայատյացության զարգացումներով: Չնայած Թուրքիայի պաշտոնական հավաստիացումներին, որ Սաֆարովի արտահանձման հետ որեւէ առնչություն չի ունեցել, սակայն Թուրքիայում հայասպան ոճրագործների եւ նրանց հովանավորների նկատմամբ դրսեւորված բարեհաճ վերաբերմունքը պայմանավորեց նաեւ Ադրբեջանում Սաֆարովի հերոսացումը:
Ալին Օզինյանը հետազոտող-լրագրող է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: