10 դրվագ Փաշինյանի եւ Լուկաշենկոյի հարաբերությունների ոդիսականից - Mediamax.am

exclusive
3557 դիտում

10 դրվագ Փաշինյանի եւ Լուկաշենկոյի հարաբերությունների ոդիսականից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


2024 թվականի հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կոշտ քննադատությամբ: Նա, մասնավորապես, ասաց, որ «այլեւս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն»: Ակնարկելով Լուկաշենկոյին՝ Փաշինյանը շեշտեց, որ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը» հայտարարել էր, որ սատարել է Ադրբեջանին 2020 թվականի պատերազմի ժամանակ:

Նիկոլ Փաշինյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել, սակայն երբեմն դրանցում կարճատեւ «ջերմացումներ» են գրանցվել:

Ներկայացնում ենք նրանց հարաբերությունների ոդիսականը:

ՆԱԽՔԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

1․ Ի՞նչ «փոխհրաձգություն» էր ծավալվել Լուկաշենկոյի եւ Փաշինյանի միջեւ 2018 թվականին։

2018 թվականի նոյեմբերին Բելառուսի նախագահը Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, եւ դա շատ մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար։

«Սակայն դա չի նշանակում, որ մենք ճնշել ենք Հայաստանին, որ ինչ-որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել: Փաշինյանը պետք է կառավարությունում պարզապես հասկանա իրավիճակը: Արդյո՞ք կկարողանա Հայաստանը», - ասել էր Լուկաշենկոն:

ՀՀ ԱԳՆ-ն այս հայտարարությունը որակել էր ոչ կոռեկտ՝ նշելով. «Սա ի ցույց  է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու»։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր, որ բացատրություններ է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ նրա արած հայտարարության առնչությամբ եւ ասել, որ «որեւէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ»։

Բելառուսի ԱԳՆ-ն կոշտ պատասխան էր տվել Փաշինյանի հայտարարությանը․ «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի»։

2․ Ի՞նչ գործարք էր դատապարտել Փաշինյանը։   

2018 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «մենք դատապարտում ենք Բելառուսի եւ Ադրբեջանի գործարքը զինտեխնիկայի մատակարարման մասին»:

Նա ավելացրել էր, որ այդ գործարքը «ուղղված է ընդդեմ Հայաստանի շահերի եւ խաթարում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) էությունը»:

3․ Ի՞նչ «մեղադրանք» էր ուղղել Լուկաշենկոն Փաշինյանին։   

2018 թվականի դեկտեմբերին Բելառուսի նախագահն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում Ռուսաստանի առաջ:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


«Ցավոք, պարոն Լուկաշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը եւ չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից»,- Բելառուսի նախագահի հայտարարությանն այսպես էր արձագանքել Հայաստանի վարչապետի խոսնակը։

4․ Ինչո՞ւ էր Փաշինյանն առաջարկում, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար «հավերժ» լինի Բելառուսի ներկայացուցիչը:   

2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել էր ՀԱՊԿ-ի խնդիրների մասին:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը սառցասարի գագաթն է: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել էր Փաշինյանը:

5․ Ո՞ր հարցում էին համակարծիք Լուկաշենկոն եւ Փաշինյանը։

2020 թվականի ապրիլին 4-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ԵԱՏՄ երկրները հայտնվել են ճգնաժամի մեջ՝ ունենալով էներգետիկ ռեսուրսների գնի չլուծված խնդիրը:

Իսկ ապրիլի 7-ին Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Ռուսաստանից ներկրվող գազի գնի հարցը՝ արձանագրելով, որ այն գերագնահատված է:

2020 թվականի հուլիսի 17-ին էլ՝ Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ ասել էր․ «Եվրասիական տնտեսական միությունում, սկզբունքորեն, մենք եւ դուք նույն խնդիրներն ունենք»:

6․ Ինչպե՞ս էին Լուկաշենկոն եւ Փաշինյանը շնորհավորում միմյանց:

2019 թվականի հունվարի 14-ին՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ էր հղել Նիկոլ Փաշինյանին։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Բելառուսի եւ Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա եւ կնպաստի մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- ասել էր նա։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


2020թ․ օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես ասված էր. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունը եւ ընդլայնել մեր երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների եւ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»:

Բելառուսի նախագահին շնորհավորելու որոշումը միանշանակ չէր ընդունվել Հայաստանում՝ հաշվի առնելով այն, որ Բելառուսում բողոքի ակցիաներ էին ընթանում, որոնց մասնակիցները պնդում են, որ 26 տարի երկիրը ղեկավարած Լուկաշենկոյի վարչակազմը կեղծել է ընտրությունների արդյունքները:

2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ

7․ Արդյո՞ք Բելառուսը պատերազմի ժամանակ զենք էր մատակարարում Ադրբեջանին:

2020 թվականի հոկտեմբեր 4-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ իր երկիրը վեց ամիս զենք չի մատակարարել Ադրբեջանին եւ Հայաստանին:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


Սակայն հինգ օր անց, հոկտեմբեր 9-ին, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը հայտնել էր, որ Բելառուսը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին:

«Հավաստի տեղեկություն ունեմ, որ Բելառուսը Ադրբեջանին է մատակարարել «Պոլոնեզ» հրթիռների խմբաքանակ: Բելառուսական ինքնաթիռը բեռը Մինսկից տեղափոխել է Տիգիրդաղ քաղաք, որտեղից այն երկու ադրբեջանական Իլ-76 ինքնաթիռներով  բերվել է Բաքու», - ասել էր փորձագետը:

8․ Արդյո՞ք Հայաստանը «փախչելու» տեղ ունի:

2022 թվականի փետրվար 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Բելառուսի նախագահի ձեւակերպումները «ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ որեւէ առնչություն չունեն»:

Նա անդրադարձել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե «Հայաստանը փախչելու տեղ չունի, ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


«Ալեքսանդր Գրիգորեւիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ մեր երկրում: Մեր խորին համոզմամբ՝ այդ ձեւակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը»,- ասել էր նախարարը:

Փետրվար 16-ին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել էր, որ Հայաստանում «չափից շատ զգայուն ուշադրություն է դարձվել» Լուկաշենկոյի վերջին հարցազրույցին:

9․ Ինչ էր ասել Լուկաշենկոն Փաշինյանի փորձի մասին:

2023 թվականի հունիսի 1-ին Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ` վստահություն հայտնելով, որ Հայաստանը հաջողությամբ կդիմանա մարտահրավերներին։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը կօգնեն հաջողությամբ դիմակայել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել բոլոր նպատակներին՝ ի շահ հայ ժողովրդի», - ասված էր Լուկաշենկոյի ուղերձում։

10․ Ո՞ր հարցերում էր Լուկաշենկոն աջակցում Փաշինյանին:

2023 թվականի հունիսի 8-ին Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին»։

Նա նշել էր, որ նախորդ տարիներին մեծ ջանքեր է ներդրվել կողմերի միջեւ հակամարտությունը կարգավորելու համար՝ փորձելով փոխգործակցություն հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն


«Հիմա ամենը բարդացել է։ Այս պարագայում, իհարկե, ես աջակցում եմ Նիկոլ Վովաեւիչին՝ գիտակցելով, որ այդ բոլոր թերություններն ընկել են այս իշխանության, նրա վրա»,- ասել էր Բելառուսի ղեկավարը։

Երկու շաբաթ անց, 2023 թվականի հունիսի 20-ին Լուկաշենկոն «արդարացված» էր որակել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից։

«Ղրղըզստանը խնդրում է մեզ, պահանջում, որ ինչ-որ կերպ օգնենք Տաջիկստանի հետ սահմանին հակամարտության կարգավորմանը։ Երբեմն Հայաստանն է ներկայացնում շատ արդարացված պահանջներ, դա միանշանակ է։ Խնդիրներ կան։ Եվ շատ լուրջ խնդիրներ։ Եթե մենք չլուծենք այս խնդիրները, միշտ կհանդիմանանք միմյանց, դժգոհություն կհայտնենք ամբողջ կազմակերպության գործունեության վերաբերյալ։ Խնդիրները լուծելու համար են։ Ուստի, անկախ նրանից, թե ինչպես պտտվենք, մենք պետք է ընկղմվենք այն խնդիրների մեջ, որոնք այսօր լուծում են ՀԱՊԿ անդամ Հայաստանը եւ ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանն ու Տաջիկստանը»,- ասել էր Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը։

Արա Թադեւոսյան, Մարի Թարյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին