Խելացի զինակոչիկները պատրաստ են գիտելիքով զինել բանակը - Mediamax.am

exclusive
9267 դիտում

Խելացի զինակոչիկները պատրաստ են գիտելիքով զինել բանակը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նշան Փոթիկյանը
Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վազգեն Միքայելյանը
Վազգեն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Սարկիսյանը
Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«1991 ստորաբաժանման» նախապատրաստական առաջին դասընթացն ավարտել է աշխատանքը՝ «ստանալով գերազանց գնահատական»։ 2020թ․ հունվարի վերջին մեկնարկած դասերը, ավելի քան երկու ամիս, անցկացվել են լսարանային պայմաններում, իսկ մարտի կեսից՝ կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, տեղափոխվել առցանց տիրույթ։ COVID-19-ի բերած մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելով՝ դասընթացը կարողացել է պահպանել իր առջեւ դրված բարձր նշաձողն ու որակյալ կրթություն ապահովել մասնակիցների համար։

2020թ․-ին հուլիսին մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ՝ առցանց դասընթացը։

Մեդիամաքսը «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի կազմակերպիչների հետ ամփոփում է առաջին դասընթացն ու պատմում երկրորդում արված նորամուծությունների մասին։



Առաջին դասընթացի հաջողությունները

FAST-ի հեռանկարային հետազոտական նախաձեռնությունների գծով փոխնախագահ Դավիդ Սարկիսյանը՝ հիմնվելով մասնակիցներից ստացած արձագանքների եւ նրանց ավարտական նախագծերի վրա, ասում է, որ դասընթացը հրաշալի կատարել է իր առջեւ դրված խնդիրներն ու գերազանց արդյունքներ գրանցել։

«Շատ տպավորված ենք, թե ինչպես մասնակիցները կարողացան սերտ ժամկետներում սերտել իրական արժեք ներկայացնող ալգորիթմներ, որոնք հղկվելուց եւ կոնկրետ պահանջներին համապատասխանեցվելուց հետո գործնական կիրառություն կարող են ունենալ զինված ուժերում։ Մենք շատ գոհ ենք առաջին փուլի արդյունքներից։ Չնայած, COVID-19-ը բավական մեծ փորձություն էր բոլորիս համար, եւ անցումն առցանց ձեւաչափի որոշակի փոփոխություններ պարտադրեց, ուրախ ենք, որ մասնակիցների մեծամասնությունը պահեց հետաքրքրությունը մինչեւ դասընթացի ավարտը»,- ասում է Դավիդ Սարկիսյանը։ 

Դավիդ Սարկիսյանը Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա նշում է, որ դասընթացի վերաբերյալ առաջին շրջանավարտների արձագանքները շատ ոգեշնչող են, իսկ հաջորդ փուլում ծրագիրն ավելի ուժեղացնելու, թույլ կողմերը շտկելու, բարելավելու համար նախատեսում են մասնակիցների շրջանում հարցում անցկացնել։

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի դասախոս, FAST-ի AI ծրագրավորող Նշան Փոթիկյանը դասընթացի 6 ամսվա ընթացքում իր ուսանողների մոտ մեծ առաջադիմություն է արձանագրել։

«Մեր ունեցած հիմնական մտահոգությունն այն էր, որ դպրոցականների համար բարդ կլինի ամբողջությամբ յուրացնել դասընթացի նյութը, բայց այդպես չեղավ, նրանք մեծ հաջողություններ գրանցեցին։ Ուսանողներ կային, որոնք լավ ծանոթ չէին ծրագրավորման Python լեզվին, բայց դասընթացի ավարտին նկատելի էր, թե որքան են հմտացել, նույնը կարելի է ասել մյուս առարկաների մասով։ Հատկապես մեծ էր ուսանողների՝ խորը ուսուցման ալգորիթմներով հետաքրքրվածությունը»,- ասում է Նշան Փոթիկյանը։


Մասնակիցները՝ իրենց ավարտական նախագծերով, կարողացել են արդարացնել դասախոսի սպասումները. «Սա հույս է տալիս, որ մեր սկսած գործն ինչ-որ ժամանակ անց իր նպատակին կծառայի»։
Նշան Փոթիկյանը Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի մաթեմատիկայի դասախոս, ԵՊՀ ասպիրանտ, Krisp ընկերության մեքենայական ուսուցման ավագ մասնագետ Վազգեն Միքայելյանը նկատում է, որ թեեւ դասընթացի ընթացքում մատուցած մաթեմատիկայի նյութը բակալավրիատի կուրսերի ծրագիր է, բայց այն անցնելիս հատկապես ակտիվ են եղել դպրոցականները։


«Շատ ակտիվ հարցեր էին տալիս, քննարկումներ անում եւ խորությամբ ընկալում նյութը, ինչը ինձ համար մի քիչ անսպասելի էր, քանի որ մտածում էի, թե ակադեմիական կուրսը յուրացնելը նրանց համար համեմատաբար դժվար է լինելու»,- ասում է Վազգեն Միքայելյանը։

Դասախոսի խոսքով՝ նախապատրաստական դասընթացը, բացի գիտելիքներ տալը, նաեւ մաթեմատիկական մտածելակերպ է ձեւավորել ուսանողների մոտ, ինչը պիտանի կլինի ողջ կյանքի ընթացքում։

Վերջնական քննությունից հետո մասնակիցներին՝ ավարտական, իսկ լավագույններին նաեւ գերազանցության սերտիֆիկատներ կշնորհվեն։ Իսկ «1991 ստորաբաժանումում» ծառայության անցնելու համար նախապատրաստական առաջին դասընթացի շրջանավարտները պետք է հաղթահարեն ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթը:

Երկրորդ դասընթացի նորամուծությունները

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացը կազմակերպելիս FAST-ում հաշվի են առել առաջին դասընթացի փորձն ու քաղված դասերը։

Կարեւոր նորամուծությունը տեւողության փոփոխությունն է։ Այս տարի դասընթացը կանցկացվի երկու հոսքով՝ 6-ամյսա եւ 12-ամյսա ժամկետով։ 2021թ. ձմեռային զորակոչին ենթակա մասնակիցները կանցնեն 6-ամսյա դասընթացը, որպեսզի կարողանան ավարտել այն ու դիմել «1991 ստորաբաժանումում» ծառայության անցնելու մրցույթին։

Լուսանկարը` Մեդիամաքս


«12-ամյսա դասընթացը հնարավորություն կտա ավելի երկար ժամկետում պատրաստել ավելի մեծ թվով ուսանողներ։ Ի սկզբանե պլանավորել էինք դասընթացն ընդլայնել՝ ժամկետը հասցնելով մինչեւ 2 տարի, ինչպես օրինակ, Իսրայելում է։ Դա էլ ավելի կավելացնի մասնակիցների թիվը, որոնք կկարողանան ընդունվել դասընթացին, իսկ դրանից հետո էլ՝ մասնակցել «1991 ստորաբաժանումում» ծառայության անցնելու մրցույթին»,- ասում է Դավիդ Սարկիսյանը։

Երկրորդ դասընթացի մասնակիցներն իրենց ավարտական նախագծերի պատրաստման համար կունենան ոչ թե 3 շաբաթ, այլ 3 ամիս։

«Որոշել ենք ավելի մեծ ժամանակ տալ, որպեսզի ավելի հզոր նախագծեր կարողանան առաջարկել, մշակել եւ ավարտուն տեքսով ներկայացնել»,- ասում է Դավիթ Սարկիսյանը։
Դավիդ Սարկիսյանը Դավիդ Սարկիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դասընթացն ավելի մեծ ուշադրություն է դարձնելու մեքենայական ուսուցման ալգորիթմների՝ դասական մեքենայական ուսուցման եւ խորը ուսուցման թեմաների վրա։

Նշան Փոթիկյանն ասում է, որ երկրորդ դասընթացի թեմաները կազմելիս առաջնորդվելու են առաջին շրջանավարտներից ստացած արձագանքի եւ կարծիքների վրա։

«Առաջին դասընթացի ժամանակ ինքս էլ հասկացել եմ, թե ինչը կարելի է բարելավել, ինչի վրա է հարկավոր ավելի շատ կենտրոնանալ։ Կարծում եմ, որ բովանդակային առումով եւս կկարողանանք կատարելագործել մեր ծրագիրը»,- ասում է նա։
Վազգեն Միքայելյանը Վազգեն Միքայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վազգեն Միքայելյանը նկատում է, որ առաջին դասընթացի կուրսը կազմելը մի փոքր բարդ էր, քանի որ լավ չէր պատկերացնում լսարանի մակարդակը, իսկ երկրորդ դասընթացի դեպքում այդ գործը շատ ավելի հեշտ է։

«Արդեն շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ լսարանի հետ եմ աշխատելու եւ, ըստ այդմ, ինձ համար շատ ավելի պատկերավոր է, թե ինչ կուրս եմ անցնելու։ Մաթեմատիկայի տեսական մասով, կարելի է ասել, ոչինչ չի փոխվելու առաջին դասընթացի կուրսի համեմատ։ Ինչ վերաբերում է Մեքենայական ուսուցմանը, ապա այն անընդհատ զարգանում է, նոր գիտական հոդվածներ են հրապարակվում, ուստի կուրսի նյութը փոփոխությունների է ենթարկվում»,- ասում է Վազգեն Միքայելյանը։

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական երկրորդ դասընթացին ավելի քան 400 հայտ է ստացվել եւ մրցակցությունը շատ բարձր է եղել։ Ընտրության փուլերն այս անգամ առցանց են անցկացվել։ Նախապատրաստական երկրորդ դասընթացը 9 մասնակից ունի Հայաստանի մարզերից։ Ընտրված մասնակիցներից 60-ը տղա է, 5-ը՝ աղջիկ։

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Տեսանյութը՝ Գայանե Ենոքյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին