Հուլիսի 7-ին պատմել էինք Գագիկ Պողոսյանի մասին, որը դարձել է Զեմֆիրայի երեւանյան համերգի գլխավոր «հերոսը»։
«Երբ հաստատ որոշեցի, որ պիտի բեմ բարձրանամ, սկսեցի առաջանալ: Բավական դժվար էր այդքան մարդու միջով առաջ շարժվել: Բայց մի լավ կին կար, ինքն ինձ շատ օգնեց: Ձեռքս բռնեց ու սկսեց ճանապարհ հարթել: Բոլորովին անծանոթ տյոտյա էր: Այդպես ինձ բերեց հասցրեց առաջին շարքը», - պատմել էր Գագիկը:
«Բոլորովին անծանոթ տյոտյային» գտանք Կրասնոդարում. Օքսանա Պոնոմարենկոն Երեւան էր եկել հատուկ Զեմֆիրայի համերգի համար։

Լուսանկարը` անձնական արխիվ
«Համերգը ցնցող էր։ Ես նրա տարբեր համերգների եմ եղել, վերջին անգամ՝ Վրաստանում, բայց Երեւանինը անկասկած լավագույններից էր», - պատմել է Օքսանան Մեդիամաքսին։
Ինչպե՞ս ու ե՞րբ հանդիպեց Գագիկին եւ որոշեց օգնել նրան։
«Մի տղայի տեսա, որը շատ էմոցիոնալ էր ձայնակցում Զեմֆիրային։ Շատ զարմացա, որ այդ տարիքի տղան այդպես արձագանքում է։ Նախկինում այդ տարիքի երեխաների Զեմֆիրայի համերգներին չէի հանդիպել։ Նույնիսկ դեռահասները այսօր նրան շատ չեն լսում։ Նա կանգնած էր բեմից բավականին հեռու, եզրին, երկաթե պարիսպի մոտ։ Մոտեցա նրան եւ հարցրեցի. ուզո՞ւմ ես բեմ բարձրանալ։ Տղան պատասխանեց, որ այո՛, դա իր երազանքն է», - պատմում է Օքսանան։
Նախ կինը որոշեց բանակցել անվտանգության աշխատակիցների հետ։
«Շատ զվարճալի ստացվեց. պարսպի վրայով այն կողմ անցա՝ նրանց հետ խոսելու համար, իսկ նրանք գործընկերներին օգնության կանչեցին։ Մոտ 5-6 հոգի էին։ Շատ քաղաքավարի եւ նրբանկատ կերպով բացատրեցին, որ բեմ բարձրանալ հնարավոր չէ, խիստ կանոնակարգ ունենք։ Սկսեցի բացատրել, որ ինձ համար չէի խնդրում, այլ այդ հրաշալի տղայի համար։ Դա էլ չազդեց։ Վերջում մի փոքր ջղայնացա եւ անվտանգության աշխատակիցներից մեկին ասացի. «Այ, կտեսնե՛ս, այդ տղան միեւնույն է բեմ է բարձրանալու», - ծիծաղելով հիշում է Օքսանան։
«Վերադարձա Գագիկի մոտ եւ ասացի. արի քեզ օգնեմ ամբոխի միջով բեմին մոտենաս, հետո՝ կերեւա։ Այնտեղ հասնելու համար երկար ժամանակ պահանջվեց։ Ես սիրում եմ համերգների ժամանակ ֆան գոտիներում լինել, բայց ինքս ամենաթեժ հատված երբեք չեմ մտնում։ Այս դեպքում ստիպված էի, եւ դա շատ դժվար էր (ծիծաղում է - խմբ.)։ Ի վերջո հասանք պարսպին, եւ ես Գագիկին ասացի. բարձրացի՛ր ուսերիս եւ թռի՛ր։ Եվ նա՝ հրաշալի՛ տղան, ասաց. ոչ, շա՛տ շնորհակալ եմ, բայց ինքս կգործեմ։ Դե, ասացի, խոստացիր, որ անպայման բեմ կհասես եւ վերադարձա ընկերներիս մոտ։ Թե ինչ եղավ հետո, բոլորդ տեսաք։
Գագիկի ֆան գոտի վերադառնալուց հետո, գտա այն անվտանգության աշխատակցին եւ հաղթականորեն ասացի. «Տեսա՞ք, ասում էի, չէ»։ Բայց նա էլ ինձանից պակաս ուրախ չէր, եւ մենք անգամ գրկախառնվեցինք», - հիշում է Օքսանան։

Լուսանկարը` անձնական արխիվ
Զրույցի վերջում համաձայնում ենք, որ Զեմֆիրայի երեւանյան համերգին յուրահատուկ կախարդանք կար, որն էլ իրեն ու Գագիկին մղեց դեպի բեմը։
Շնորհակալություն Հայկ Զալիբեկյանին եւ Ալիպատ Սուլթանբեգովային օգնության համար։
Կարդացեք նաեւ.
Հայաստանի «ուղն ու ծուծ» Գագիկն ու Զեմֆիրայի «անգին բացահայտումը»
Спасибо, Земфира
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: