Հայաստանի «ուղն ու ծուծ» Գագիկն ու Զեմֆիրայի «անգին բացահայտումը» - Mediamax.am

8157 դիտում

Հայաստանի «ուղն ու ծուծ» Գագիկն ու Զեմֆիրայի «անգին բացահայտումը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Պողոսյանը
Գագիկ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Պողոսյանը
Գագիկ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Պողոսյանը
Գագիկ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում ներկա էիք Զեմֆիրայի համերգին, հավանաբար, չեք կարողացել զսպել ձեր արցունքները, երբ մի փոքր տղա վազելով

բեմ բարձրացավ, գրկեց երգչուհուն ու սկսվեց արտասվել:

 

 

Զեմֆիրան հուլիսի 7-ին սոցցանցերում գրառում է արել համերգի մասին, որտեղ այսպիսի տողեր կան. 

 

«Գագիկը երեկոյի անվիճելի հերոսն է՝ քաջ ու զգացմունքային: Հայաստանի ուղն ու ծուծն է»:

 

Այդ գրառումը կարդալուց ժամեր անց «Հայաստանի ուղն ու ծուծը» մեր խմբագրությունում էր: Եկել էր ավագ եղբոր՝ Հենրիկի ուղեկցությամբ: 13-ամյա Գագիկ Պողոսյանը Զեմֆիրայի համերգին գնացել էր եղբոր, ընկերոջ եւ ընկերուհու հետ:

Գագիկ Պողոսյանը Գագիկ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Զեմֆիրային սիրել է ծնողների շնորհիվ՝ լսում է 9 տարեկանից: Այն ժամանակ երգերի ոչ բոլոր բառերն էր հասկանում, բայց հավանում էր երաժշտությունն ու Զեմֆիրայի ձայնը: «Հիմա, իհարկե, նաեւ բառերն եմ շատ ավելի լավ հասկանում», - վստահեցնում է Գագիկը:

 

Այն մասին, որ Զեմֆիրան Երեւանում համերգ է ունենալու, իմացել է ապրիլին եւ հենց այն ժամանակ էլ առաջին անգամ մտածել է, որ ուզում է բեմ բարձրանալ եւ գրկել սիրելի երգչուհուն: 

 

Ենթադրում եմ, որ համերգի գնացել էր բոլորից շուտ, որպեսզի բեմին հնարավորինս մոտ կանգնի: Պարզվում է՝ ոչ: Գագիկն ու ընկերները մարզադաշտ են եկել ժամը 18:30-ին միայն եւ համերգի առաջին մասում բեմից բավական հեռու են եղել:

 

«Երբ հաստատ որոշեցի, որ պիտի բեմ բարձրանամ, սկսեցի առաջանալ: Բավական դժվար էր այդքան մարդու միջով առաջ շարժվել: Բայց մի լավ կին կար, ինքն ինձ շատ օգնեց: Ձեռքս բռնեց ու սկսեց ճանապարհ հարթել: Բոլորովին անծանոթ տյոտյա էր: Այդպես ինձ բերեց հասցրեց առաջին շարքը», - պատմում է Գագիկը:

 

Երբ Զեմֆիրան ավարտեց հերթական երգը եւ դադար եղավ, Գագիկը բարձրացավ ցանկապատի վրա, շրջանցեց անվտանգության աշխատակցին եւ վազեց երգչուհու մոտ:

 

«Ինքը մեջքով նստած ջուր էր խմում, երբ վազելով մոտեցա ու գրկեցի: Սկզբում ընդհանրապես բան չասեց, հետո էլ ինքը ինձ գրկեց: Երբ միասին վեր կացանք, անվտանգության աշխատակիցը մոտեցավ, որ ինձ տանի, բայց Զեմֆիրան թույլ չտվեց», - հանգիստ պատմում է Գագիկը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ հարցնում եմ, թե ո՞րն էր բեմ բարձրանալու նպատակը, մի փոքր զարմանում է. 

 

«Իմ բոլոր սիրած արտիստներին պետք է գրկեմ՝ Զեմֆիրային, Սերժ Թանգյանին, Տարոն Մալաքյանին: Որովհետեւ ես իրանց շատ-շատ եմ սիրում»:

 

 

«Ճիշտն ասած, առաջին անգամ աչքերս լցվեցին, երբ մարդկանց մեջ կանգնած «Искала» երգն էի լսում: Իսկ որ արդեն բեմում էի, էլ արցունքներս չպահեցի», - ասում է Գագիկը: Միգուցե հիմա մի քիչ ամաչո՞ւմ է իր արցունքների համար: Նորից զարմանում է. 

 

«Չէ, ինչու պիտի ամաչեմ: Շատ անկեղծ եմ եղել ու շատ երջանիկ եմ ինձ զգացել»:

 

«Хочешь» երգից հետո, որը Զեմֆիրան կատարում էր Գագիկի ձեռքը բռնած՝ նրանք միասին հեռացան ետնաբեմ: Երբ վերադարձան, Գագիկին օգնեցին իջնել բեմից, Զեմֆիրան էլ ասաց. «Գագիկի հետ ամեն ինչ լավ ա, մենք խոսեցինք»: 

 

 

Ինչի՞ մասին՝ եթե գաղտնիք չէ: «Չէ, գաղտնիք չի: Նախ համոզվեց, որ հանգստացել եմ: Հետո էլ ասեց՝ դե լավ, հիմա կօգնենք, որ ծնողներիդ գտնես: Մի քիչ զարմացավ, որ ծնողներիս հետ չեմ եկել»:

 

Երգչուհին, որին նայում էր հեռվից եւ այն Զեմֆիրան, ում հետ մի քանի րոպե անցկացրեց բեմում, տարբե՞ր են. «Չէ, լրիվ նույնն էր: Ինքը շատ ազատ ու անկեղծ է»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Որոշ հայ եւ ռուս օգտատերեր համերգից հետո մեկնաբանություններում գրում էին, որ Գագիկի բեմ բարձրանալը եւ Զեմֆիրայի հետ գրկախառնվելը նախօրոք ծրագրված «բեմադրություն էր»: Դա Գագիկին ընդհանրապես չի անհանգստացնում. 

 

«Իմ համար կարեւորն այն էմոցիաներն են, որ ապրեցի այդ օրը, իսկ թե ուրիշները ինչ կմտածեն՝ ընդհանրապես կարեւոր չէ»:

 

Գագիկը ոչ միայն սովորում է Չարենցի անվան դպրոցում, այլեւ աշխատում է՝ գրաֆիկ դիզայներ է «AI քեզ բան» թիմում:

 

«Մեր նպատակն է հինգ տարվա ընթացքում մեկ միլիոն հայ կրթել ու արհեստական բանականության գործիքներին տիրապետող դարձնել։ Արհեստական բանականությունը մարդկանց կարող է 10 անգամ ավելի արագ ու արդյունավետ դարձնել», - ասում է Գագիկը:

Գագիկ Պողոսյանը Գագիկ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արհեստական բանականությունից այսօր շատերն են զգուշանում՝ վախենալով, որ մեքենաները «կլանելու» են մարդկանց: Չգիտեմ՝ ինչ կլինի հինգ տարի հետո, բայց այսօր մեր կողքին ապրում է Գագիկը, որը արհեստական բանականությամբ տարված լինելով՝ շատ ազատ ու շատ երջանիկ է: 

 

Վերջում էլ՝ եւս մեկ մեջբերում Զեմֆիրայի գրառումից.

 

«Երեւանն ինձ ապշեցրեց՝ այնքա՛ն ջերմություն: Երեք օր շարունակ՝ բոլորի կողմից, ամեն տեղից: Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ: Երեք օր գլխումս այս հարցն էր պտտվում. «Ինչպե՞ս ստացվեց, որ նախկինում այստեղ երբեք չէի եղել»: Իմ տարիքում նման «բացահայտումներ» անելն անգին է: Սրտիս մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»:

 

Կարդացեք նաեւ. Спасибо, Земфира

 

Արա Թադեւոսյան

 

Շնորհակալություն Սոնա Միրզոյանին՝ այս հրապարակումը հնարավոր դարձնելու համար:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին