Ավստրիացի տիեզերագնացների ու հայկական ծիրանի առաքելությունը Մարսի վրա - Mediamax.am

exclusive
3915 դիտում

Ավստրիացի տիեզերագնացների ու հայկական ծիրանի առաքելությունը Մարսի վրա


Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` OeWF

Լուսանկարը` OeWF

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` OeWF

Լուսանկարը` OeWF

Լուսանկարը` Մեդիամաքս


2024թ. մարտին Մարսի անալոգային հետազոտական ծրագրի («AMADEE-24») շրջանակում Հայաստանում էին մի խումբ տիեզերագնացներ: Արարատի մարզում տեղակայված սիմուլյատորում նրանք մոտ մեկ ամիս փորձեր են իրականացրել տարբեր մարսագնացների եւ ռոբոտատեխնիկայի միջոցով՝ պատրաստվելով Մարսի ապագա հետախուզական առաքելություններին:

Առաքելության համար շատ կարեւոր են ճիշտ սննդակարգն ու ֆիզիկական պատրաստվածությունը: Տիեզերագնացներին լավագույնս մարզելու եւ օրգանիզմի արագ վերականգնման համար համապատասխան սննդակարգի պատասխանատուն սպորտային սննդագետ եւ անհատական մարզիչ Հովհաննես Ավագյանն էր:

Մեդիամաքսը Հովհաննեսի հետ զրուցել է նրա հեղինակած սննդակարգ սահմանող հատուկ հավելվածի եւ ծիրանից ստացված սննդային բատոնների մասին:

Մի շարք այլ երկրներից հետո Հայաստանում իրենց փորձարարական առաքելությունն անցկացրած տիեզերագնացները դեռ երկար կհիշեն հայկական ծիրանի համը: Տիեզերական սննդակարգը թեեւ պետք է ճշգրիտ բալանսավորված լինի, բայց միեւնույն ժամանակ կարող է եւ շատ համեղ լինել Հովհաննեսի մշակած միջուտեստների՝ մրգային բատոնների շնորհիվ:

Լուսանկարը` OeWF


«Ծիրանը ինձ համար ամենահամեղ միրգն է, իսկ երբ այն համադրում ենք ընդեղենի հետ, ֆանտաստիկ համ ենք ստանում: Մենք կարողացանք ստանալ ծիրանի, ընդեղենի, բուսական ծագման սպիտակուցների (սնկեր),  խաղողի կորիզի յուղի, ծիրանի կորիզի յուղի եւ այլ բաղադրիչների կատարյալ համադրություն: Մեր ստեղծած բատոնը ունի բոլոր հնարավորությունները մի օր NASA-ում եւս կիրառվելու»,- ասում է Հովհաննեսը:

Հատուկ տիեզերագնացների համար բատոնի չորս համ են ստացել՝ ծիրանի, դեղձի, սալորի եւ երեքի միքս տարբերակը: Մեկ այլ միջուտեստ էր հայկական մրգային խյուսերը՝ կրկին մշակված Հովհաննեսի կողմից:


«Տիեզերագնացները շատ հավանեցին թե´ համը, թե´ բատոնի որակական հատկանիշները: Այն քիմքին չի կպնում, թքի հետ լավ է շաղախվում եւ հեշտությամբ կուլ է գնում: Շատ սննդային բատոններ այդ խնդիրներն ունենում են, ուստի մերը մշակել էինք բոլոր մրցակիցների թերությունները հաշվի առնելով»,- պատմում է Հովհաննեսը:

Չնայած որ բատոնները կատարյալ էին «մարսային» հետազոտության ծանր ֆիզիկական աշխատանքի համար, Հովհաննեսի կողմից բաղադրատոմսը մշակվել էր շատ ավելի վաղ՝ նախքան AMADEE-24-ը Հայաստանում իրականացնելու որոշումը:

Լուսանկարը` OeWF


Հովհաննես Ավագյանը երկար տարիներ աշխատում է «Օրանժ ֆիթնես»-ում՝ որպես անհատական մարզիչ: 2021 թվականից հիմնադրել է նաեւ «Գո Ֆիթ» մարզասրահը: Ճիշտ սննդակարգը սկզբնական շրջանում Հովհաննեսին հետաքրքրել է անձնական սպորտային կարիերայի առաջխաղացման նպատակով: Սկսել է ուսումնասիրել գիտական մակարդակով, տարբեր փորձեր անել: Նրա հեղինակած բատոններն առաջին անգամ սպորտում փորձարկել է մարմնամարզության աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սկզբում փորձում էի Արթուրի համար այնպիսի մի բան մշակել, որ մրցույթների ժամանակ անհրաժեշտ քանակի սպիտակուցներ, ճարպեր ու ածխաջրեր ստանա եւ օրգանիզմի կենսագործունեությունը նորմալ ընթանա: Հետո հասկացա, որ այն, ինչ ստանում ենք, բարձր տեխնոլոգիական մթերք է եւ կարող է օգտագործվել ոչ միայն պրոֆեսիոնալ սպորտում, այլ նաեւ տիեզերագնացների համար»,- հիշում է Հովհաննեսը:

Չենթադրելով անգամ, որ Հայաստանում կարող է տիեզերական նման խոշոր ծրագիր լինել, 2021 թվականից Հովհաննեսն արդեն ուներ տիեզերագնացների համար նախատեսված բատոնների առաջին օրինակները: Շուտով «Հայկական տիեզերական ֆորում»-ի ղեկավար Հայկ Ասլանյանի առաջարկությամբ Հովհաննեսը դարձավ AMADEE-24-ի շրջանակում տիեզերագնացների սննդակարգի եւ մարզումների պատասխանատուն, որի համար 2024թ. հունվարին Ավստրիա մեկնեց՝ ծանոթանալու պարապմունքների ծրագրին:

Լուսանկարը` OeWF


Այժմ Հովհաննեսի մշակած բատոններին սպասվում է սերտիֆիկացման փուլը, որից հետո դրանք կկարողանան մրցել միջազգային շուկայի առաջատարների հետ՝ որպես պրոֆեսիոնալների համար նախատեսված օրգանիզմը վերականգնող բատոններ:

Սրան զուգահեռ Հովհաննեսն աշխատում էր արհեստական բանականության միջոցով սննդակարգի սահմանման հավելվածի գաղափարի ուղղությամբ: AMADEE-24-ի տիեզերագնացների սննդակարգի մշակման համար Հայկ Ասլանյանի օգնությամբ ստեղծվեց հավելվածի պարզ տարբերակը:

Լուսանկարը` OeWF


«Անհրաժեշտ են անհատական տվյալները՝ քաշ, հասակ, տարիք, սեռ, ֆիզիկական վիճակ, սննդային նախասիրություններ, ալերգիաներ եւ այլն: Նաեւ աշխարհագրական դիրքն է կարեւոր, որովհետեւ մարդն իր տարածաշրջանի մթերքներն ավելի լավ է մարսում: Հավելվածի պարզ տարբերակը կիրառեցինք ծրագրի շրջանակում, սակայն շուտով այն կկատարելագործենք այնպես, որ յուրաքանչյուր մարդ կարողանա ստանալ իրեն համապատասխանող սննդակարգը»,- պատմում է Հովհաննեսը:

Նրա խոսքով՝ առաքելության շրջանակում կիրառված հավելվածը հաշվի էր առնում նաեւ տվյալ տիեզերագնացի ծանրաբեռնվածությունը՝ ըստ տվյալ օրվա օրակարգի: Օրինակ՝ եթե տվյալ տիեզերագնացն այդ օրը պետք է դուրս գար քայլելու ու հագներ 50 կգ կշռող սկաֆանդրը, արհեստական բանականությունը հաշվում էր, թե տվյալ աշխատանքով մարդը որքան էներգիա է ծախսելու եւ ինչ սնունդով է պետք այն լրացնել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թեեւ ծրագրի Հայաստանյան փուլն ավարտվել է, Հովհաննեսը մեծ ոգեւորությամբ սպասում է 2028 թվականին կայանալիք AMADEE-ի եզրափակիչ համաշխարհային փորձարկմանը, որին հայաստանյան փորձագիտական թիմը եւս կմասնակցի:

«Քանի որ Հայաստանը օգտակար հանածոներով այդքան էլ հարուստ չէ, մենք պետք է կենտրոնանանք «փոքր», բայց արժեքավոր արտադրության ուղղությամբ»,- ասում է Հովհաննեսը: Նա խորհուրդ է տալիս ջանք ու եռանդ չխնայել սեփական երազանքները նպատակ դարձելու ու դրանց հասնելու ճանապարհին.

«Պետք է հավատալ նրան, ինչ անում ես, որովհետեւ եթե մի գործի մեջ ժամանակ ես ներդնում, այն վաղ թե ուշ արդյունք կբերի, ինչպես ասում են ամերիկացիները՝ hard work pays off»:

Գայանե Ենոքյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին