Մի քանի ամիս տեւած ակտիվ նախապատրաստումից հետո Հայաստանում մեկնարկել է Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) AMADEE-24 Մարսյան առաքելությունը:
AMADEE-24-ն իրականացվում է Հայաստանի տիեզերական գործակալության հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, Ավստրիայի ղեկավարությամբ միջազգային առաքելության աշխատանքներում ներգրավված է ավելի քան 200 հետազոտող 25 երկրից:

Լուսանկարը` OeWF
Հայաստանի Արարատի մարզում հատուկ սարքավորված վայրում վեց բարձր որակավորում ունեցող մասնագետներից կազմված անձնակազմը փորձեր կանցկացնի մարդու գործունեության, երկրաբանության եւ ռոբոտաշինության ոլորտներում՝ նախապատրաստվելով Մարսի հետազոտման ապագա առաքելությունները:

Լուսանկարը` OeWF
Անձնակազմի անդամներն են. արհեստական բանականության փորձագետ Կարմեն Քելերը (Գերմանիա), աստղաֆիզիկոս Ինիգո Մունյոզ Էլորսան (Իսպանիա), օդատիեզերական ինժեներ Սիմոնե Պատերնոստրոն (Իտալիա), աստղաֆիզիկոս Թոմաս Վիյենը (Նիդեռլանդներ): Խումբը ղեկավարում է առողջապահության փորձագետ Անիկա Մեհլիսը (Գերմանիա), իսկ նրա տեղակալը ֆիզիկոս Ռոբերտ Ուայլդն է (Ավստրիա)։

Լուսանկարը` OeWF
Տիեզերագնացները մոտ մեկ ամիս կապրեն եւ կաշխատեն հատուկ կահավորված տարածքում եւ կկարողանան լքել այն միայն կրելով OeWF սկաֆանդրի նախատիպը:
Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրեմերը նշել է, որ «մեր առաքելությունները մեծ ճշտությամբ նմանակում են Կարմիր մոլորակի հետախուզությունը՝ խնդիրներ եւ սխալները Երկրի վրա գտնելու համար»:

Լուսանկարը` OeWF
«Երբ 30 տարի անց մարդկանց ուղարկենք Մարս, ամեն ինչ պետք է անթերի աշխատի, քանի որ Մարսից մոտակա հիվանդանոց թռչելու համար 6 ամիս կպահանջվի»,- ընդգծել է նա։

Լուսանկարը` OeWF
«Մենք աշխարհի հինգ կազմակերպություններից մեկն ենք, որոնք նախագծել եւ կառուցել են սկաֆանդրի նախատիպը, որը մեր տիեզերագնացները կկրեն «բաց տիեզերք դուրս գալիս»: Մեր նախատիպի քաշը 50 կգ է, եւ այն սարքավորված է բժշկական տելեմետրիայով։ Հետազոտություններ կատարելով՝ մենք թույլ կողմեր ենք փնտրում։ Այս մեթոդի շնորհիվ կարող ենք ավելի հեշտ հասկանալ այլ մոլորակներ ապագա առաքելությունների առավելությունները եւ սահմանափակումները», - ավելացրել է Գերնոտ Գրեմերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: