Կարեն Ռաֆայելյան. Առանձնահատուկը նմանների մեջ - Mediamax.am

2118 դիտում

Կարեն Ռաֆայելյան. Առանձնահատուկը նմանների մեջ


Կարեն Ռաֆայելյան
Կարեն Ռաֆայելյան

Չեմպիոնների լիգան սովորաբար իր լավագույն պատառները թողնում է փլեյ-օֆֆի համար, և դրանցից մեկն էլ «Շախտյոր» - «Բորուսիա» հանդիպումն է: Այս երկու թիմերը նույնանման համեղ պատառների «բաղադրամասեր» էին դեռ խմբային փուլում` ընդգրկվելով ամենաուժեղ խմբերում և հաղթահարելով դրանք: Հենց դրանում է թիմերի առաջին ընդհանրությունը` նրանցից սպասում էին հետաքրքիր ու դիտարժան խաղ, իսկ նրանք ապահովեցին նաև արդյունք: Եվ ընդհանրապես, այս դիմակայության գլխավոր գրավչությունը թաքնված է հենց թիմերի «հրեշավոր» նմանության մեջ: «Շախտյորը» և «Բորուսիան» իրենց առաջնությունների չեմպիոններն են, մասնագիտացված են երիտասարդ աստղեր «թողարկելու» և ֆուտբոլային աշխարհ ճանապարհելու գործում, իսկ գլխավոր ընդհանրությունը, իհարկե, թիմերի պատանեկան խանդավառությունն է ու ցուցադրած կոմբինացիոն ֆուտբոլը: Սա յուրահատուկ փայլ է հաղորդում նաև մարզիչների մենամարտին. ինչ հաղթաթուղթ գտնել այն ֆուտբոլի դեմ, որը ինքդ ես խաղում: Բարդագույն խնդիր, որի լուծումը ավելի հավանական է` գտնվի առաջատար ֆուտբոլիստների, քան թե մարզիչների մոտ: Իսկ հնարամիտ ֆուտբոլիստներ կան երկու թիմերում էլ` Գյոտցեն, Ռոյսը, Լեվանդովսկին` «Բորուսիայում», Սրնան, Տեյշեյրան և իհարկե` Մխիթարյանը «Շախտյորում»:

«Բորուսիան» խաղը սկսում է խոհեմ զգուշությամբ, իսկ «Շախտյորին» էլ կարծես տրիբունաների ճնշումն է հրում առաջ: Անսպասելիության ախտանիշը նկատվում է երկու թիմերի մոտ էլ, և հետախուզական մեկնարկը անխուսափելի է: «Հանքափորները» առաջինն են «որսում» ինքնավստահությունն ու սկսում գրոհել: Գերմանացիների պաշտպանությունում հերթապահում է Հումմելսը, իսկ դարպասապահ Վայդենֆելլերը սպառնում է դառնալ «չփորվող հանքապար» հանքափորների ճանապարհին: Հարվածել հաջողվում է հազվադեպ, սակայն Վայդենֆելլերը անկասելի է Ադրիանոյի և Տեյշեյրայի հարվածներից հետո: Գյոտցեն երբեմն ստանում է գնդակը ու արագ տեղափոխում այն առաջ, սակայն տանտերերը պաշտպանությունում աչալուրջ են: Առաջին կեսը ավարտվում է առանց խփված գնդակի և բարդ գլուխկոտրուկ դառնում Լուչեսկուի համար: Ի՞նչ անել երկրորդ կեսում` խփել, թե՞ չընդունել:

Ռումինացի մասնագետը ակնհայտորեն գտել էր դիպուկ խոսքեր` ոգևորելու իր սաներին հանդերձարանում: Լուծումը միակն է` կարճ փոխանցումներով ճեղքեր գտնել գերմանացիների պաշտպանությունում: Մխիթարյանը ստանձնում է կենտրոնում թիմի փոխանցումների «բաշխիչ կենտրոնի» դերը: Նրա մի քանի փոխանցումները խաղընկերներին հանում են նպաստավոր դիրքեր, սակայն գոլը ուշանում է: Գուցե ինքդ փորձես, Հենրիխ: Ֆերնանդինյոյի հետ խաղարկած պատի արդյունքում Մխիթարյանը աջից մտնում է տուգանային ու հարմար պահ գտնելով` հարվածում: Վայդենֆելլերը մի կերպ հետ է մղում գնդակը, սակայն վրա հասած Ադրիանոն հասցնում է գնդակը ցանցին: Կա խփած գնդակ, որը պետք է միակը լինի: Լուչեսկուն իր մոտ է կանչում Մխիթարյանին, որից րոպեներ անց նա դիրքավորվում է հենակետային գոտում ու մարզչի ցուցումները փոխանցում խաղընկերներին: Այո, պետք է քրտինք և արյուն թափել մինչև խաղի ավարտը, քանի որ առջևում դեռ Դորտմունդում հանդիպում կա:

Այդ արյունն ու քրտինքը թափվում է, և մրցավարի սուլիչից հետո պարզ է դառնում` ոչ իզուր: «Շախտյորը» դժվարին տնային հաղթանակ է տանում «Բորուսիայի» դեմ, իսկ Մխիթարյանը դառնում է այն «առանձնահատկությունը», որը տարբերում է «Շախտյորին» «Բորուսիայից», և միաժամանակ այն առանձնահատկությունը, որ տարբերում է ինձ «Դոնբաս Արենա» եկած 52000 հանդիսականներից:




Մեր ընտրանին