Աննա Սիմոնյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից - Mediamax.am

1523 դիտում

Աննա Սիմոնյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից


Աննա Սիմոնյան
Աննա Սիմոնյան

Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ: Երեկ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացավ բոլորիս կողմից շատ սպասված «Շախտյոր»-«Բորուսիա» հանդիպումը:

Կասկածում եմ, որ բառերը կբավականացնեն` նկարագրելու այս հանդիպումը, բայց այնուամենայնիվ փորձեմ…

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ խաղն ընթանում էր հավասար. գնդակին տիրելու հարաբերակցությունը 60%-ը 40%-ի դիմաց հօգուտ դաշտի տերերի, սակայն գլխավոր վկաները ֆուտբոլում, իհարկե, գոլերն են, իսկ գոլերը, որոնք այս խաղում 3-ն էին, վկայում են «Շախտյորի» օգտին:

«Բորուսիացիները» դեռ երկար կհիշեն, այն «սառը ցնցուղը», որն ընդունեցին Դոնեցկում` պարտվելով «հանքափորներին» 3:0 հաշվով: Մի՞թե սա` դեռևս շաբաթներ առաջ, նույն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ հաղթանակ տարած և գերմանական ֆուտբոլի վերջին տարիների անվիճելի  առաջատար «Բորուսիան» էր: Ու՞մ մտքով կանցներ, որ իրադարձությունները նման ընթացք կստանան: Ինչևէ, սա ֆուտբոլ է…!! և հենց նրա անկանխատեսելիության մեջ է նրա գեղեցկությունը:  Բոլոր նրանց, ովքեր չեն հետևել հանդիպմանը` ասեմ, որ դուք բաց եք թողել իսկական ֆուտբոլային ներկայացում:

Առաջին խաղակեսի վերջնամասում, երբ բոլորը համակերպվել էի, որ թիմերը կլքեն մարզադաշտը հավասար հաշվով, Լուչեսկոյի սաները ցույց տվեցին, որ իրենք այլ պլաններ ունեն: Հանդիպման 44-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը  «Բորուսիայի» պաշտպանները կարողացան կասեցնել միայն խաղի կանոնների խախտման գնով: Հանդիպման գլխավոր մրցավար Հովարդ Վեբի  կողմից այս դրվագն աննկատ չմնաց և նա տուգանային հարված նշանակեց «բորուսիացիների» դարպասին: Գնդակին մոտեցավ հենց տուժողը` Հենրիխ Մխիթարյանը: Լսվեց մրցավարի սուլիչը,  Մխիթարյանը հարվածեց գնդակին և… և «Դոնբաս Արենան» կարծես պայթեց ուրախությունից: Հարվածն անվրեպ էր և  Վայդենֆելլեռը հասցրեց միայն հայացքով ուղեկցել դարպասը սլացող գնդակին 1:0:

2-րդ խաղակեսում զգալիորեն ակտիվ էին գործում դաշտի տերերը, իսկ «դեղնասևերի» գործողություններում սկսեց անվստահություն նկատվել: Պաշտպանները գործում էին անհամաձայնեցված, իսկ «Շախտյորի» հարձակվողները միայն ողջունում էին մրցակցի նման խաղը` պատժելով գոլերով: 62-րդ րոպեին վերոհիշյալ իրավիճակից օգտվեց  Ֆերնանդինիոն` գնդակը հուժկու հարվածով փոխանցելով առաջ ընթացող  Էդուարդոյին, որն էլ արագությամբ գերազանցեց պաշտպանին, շրջանցեց նրան և գնդակը դարպասապահի գլխավերևով ուղղարկեց դարպասը. 2:0: Այս գոլից հետո Յուրգեն Կլոպի սաներին ոչինչ չէր մնում, քան միայն գրոհել, սակայն դա ևս չփրկեց «բորուսիացիներին». դեռ մի բան էլ դրանից  օգտվեցին «Շախտյորի» ֆուտբոլիստները: «Դեղնասևերի» գրոհներից մեկն ավարտվեց նրանով, որ գնդակը բաժին հասավ Պյատովին և հենց այստեղից էլ սկսվեց «Շախտյորի» հակագրոհը: Պյատովը գնդակ ուղղարկեց առաջ, որին տերեց Դարիո Սռնան գրոհին միացավ նաև Մխիթարյան,ով վերջին պահին փոխանցում ստացավ Սռնայից և եզրափակեց գրոհը գոլով` դնելով այս հանդիպման վերջակետը` 3:0

Հովարդ Վեբի հաղթական սուլիչը հնչեց, և «Դոնբաս Արենան» կարծես պայթեց ծափերի և ցնծության տեղատարափից: Աննկարագրելի ցնծություն էր տիրում տրիբունաներում գտնվող ֆուտբոլասերների մոտ: Վստահաբար կարող եմ ասել, քանի որ անձամբ ներկա էի այդ խաղին, որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Մեդիամաքս»-ին, հատկապես նրա տնօրեն պրն. Արա Թադևոսյանին:

Այսքանը այս հիշարժան հանդիպման մասին, և մենք սրտատրոփ կսպասենք «Սիգնալ Իդունա Պարկում» կայանալիք պատասխան ճակատամարտին, նկատի ունեի հանդիպմանը:




Մեր ընտրանին