Հարություն Ծատրյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից - Mediamax.am

1905 դիտում

Հարություն Ծատրյան. Ռեպորտաժ Դոնբաս-Արենայից


Հարություն Ծատրյան
Հարություն Ծատրյան

Լսո՞ւմ եք, սիրելի՛ ֆուտբոլասերներ, թե ինչպես է շնչում «Դոնբաս-Արենա» մարզադաշտը: Այսօր այն վերածվել է կենդանի օրգանիզմի. այստեղ այնպիսի մթնոլորտ է, որն ուղղակի կոտրում է ձմեռային ցուրտ եղանակը: Ավելի քան 50 հազար երկրպագուներ եկել են հենց մարզադաշտից տեսնելու երկու հսկաների առաջին մենամարտը «Չեմպիոնների լիգայի» խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում:

Եթե Դորտմունդի «Բորուսիան» գերմանական «Բունդեսլիգայի» վերջին 2 մրցաշրջանների չեմպիոնն է, ապա «Շախտյորն» այսօր ուկրաինական ֆուտբոլի առաջամարտիկն է, երկրի բոլոր ֆուտբոլասերների հույսը եվրոպական խոշոր այս մրցասպարեզում: Այնպես որ մեզ հիանալի հանդիպում է սպասվում. հարմար տեղավորվե՛ք ու դիտե՛ք չեմպիոնական ֆուտբոլ երկու չեմպիոնների մատուցմամբ:

«Չեմպիոնների լիգայի» օրհներգի և խաղի բացման պաշտոնական արարողությունից հետո երկու թիմերի խաղացողների մոտ մի փոքր հուզմունք է նկատվում. գո՞ւցե մարզադաշտն է գլխավոր «մեղավորը»: Այն սարսափեցնում է Դոնեցկի «Շախտյորի» բոլոր մրցակիցներին: Դորտմունդցիները, ովքեր իրենց տնային հանդիպումներն անցկացնում են շուրջ 80 հազար երկրպագուների համար նախատեսված «Վեսթֆալենշտադիոն» մարզադաշտում, կարծես չէին սպասում, որ Դոնեցկի գլխավոր մարզադաշտն այսպես կընդունի իրենց:
Ինչևէ, հանդիպումն արդեն սկսված է: Թե՛ «Բորուսիան», թե՛ «Շախտյորը» մրցասպարեզ են դուրս եկել իրենց մարտական կազմերով, թեև մի փոքր զարմանալի է, որ այսօր իր թիմի հիմնական կազմում չի խաղում բրազիլացի կիսապաշտպան Թայսոնը, ում «Շախտյորը» գնել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` կանխազգալով, որ թիմի բրազիլացի առաջատար Վիլիանը կարող է հեռանալ այս ձմռանը: Այնուամենայնիվ, «հանքափորների» փորձառու գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեզնից ավելի լավ գիտի իր գործը և իր սաների ներկա մարզավիճակն ու կարողությունները:

Արդեն զգացվում է, որ դորտմունդցիներն այս պահին շատ ավելի լավ մարզավիճակում են, քան մեր «հանքափոր» բարեկամները. ի տարբերություն Ուկրաինայի բարձրագույն խմբի դեռևս չվերսկսված առաջնության` գերմանական «Բունդեսլիգայում» վաղուց արդեն եռում է պայքարը: Սա «Շախտյորի» առաջին պաշտոնական խաղն է 2013 թ-ին, այնպես որ թիմի խաղացողները զուր չէին հուզվում:

Հանդիպման առաջին 15 րոպեներն աննկատ են անցնում. երկու թիմերն էլ չեն գործում արագ գոլ խփելու մարտավարությամբ: Խաղային ու տարածքային առավելությունը «Բորուսիայի» խաղացողների կողմն է. Ռոյս-Գյոտցե-Բլաշչիկովսկի-Լևանդովսկի քառյակն անդադար ճնշում է գործադրում «Շախտյորի» հենակետային կիսապաշտպանների և պաշտպանների վրա` փորձելով հարմար ճեղքեր գտնել ու գոլային գրոհներ կազմակերպել: Ռացի, Կուչերի, Սռնայի, Ռակիցկու, Ֆեռնանդինյոյի և Հյուբշմանի անձնվեր խաղի արդյունքում Պյատովի դարպասին դեռևս ոչ մի լուրջ հարված չի հասցվել. «հանքափորները» կարողանում են արագ չեզոքացնել մրցակցի գրոհները, սակայն սեփական գրոհները կազմակերպել դեռ չի ստացվում. ստվերում են հայտնվել թիմի հարձակման առաջատարները` Ադրիանոն, Ալեքս Տեյշեյրան, Դուգլաս Կոստան ու Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխն այսօր դեռևս իր նման չէ. դժվար է տեղաշարժվում խաղադաշտում ու կանխատեսելի է դարձել պաշտպաններ Հյումելսի, Սուբոտիչի, Պիշչեկի ու Շմելցերի համար, իսկ ահա հենակետային գոտում նրա նկատմամբ բավականին կոշտ են խաղում Կելն ու Գյուդոգանը:

Ավարտվում է առաջին խաղակեսը` 0-0. «Դոնբաս-Արենա» մարզադաշտը լուռ է: Սպասելիքները դեռևս չեն արդարացվում.... Շարունակելի....




Մեր ընտրանին