Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս II - Mediamax.am

exclusive
6258 դիտում

Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս II


Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս II
Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս II
Լիանա Սահակյանը:
Լիանա Սահակյանը:

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս II
Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս II

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:

Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս II
Լիանա Սահակյան. Ռապսոդիա վարդագույնով` մաս II

Լուսանկարը` Լ. Սահակյանի արխիվից:


Շարունակում ենք ներկայացնել Լիանա Սահակյանի «Ռապսոդիա վարդագույնով» գիրքը` նվիրված 60-ական թվականների Երեւանին:

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

4

1958-59 թվականները նշանավորվեցին երկու իրադարձություններով, որոնք նույնպես մեծ ազդեցություն ունեցան մեր երիտասարդության վրա:  Առաջինը՝ Պ.Ի. Չայկովսկու անվան առաջին միջազգային մրցույթն էր, երկրորդը՝ Մոսկվայում կայացած երրորդ Միջազգային կինոփառատոնը: Սովետական ժամանակաշրջանի անվիճելի արժանիքներից մեկն, անկասկած, դասական երաժշտության քարոզչությունն էր: Օրվա ընթացքում ռադիոյով դասական երաժշտություն էին հաղորդում, ընդ որում լինում էին նաեւ ուղիղ հեռարձակումներ համերգային դահլիճներից եւ անմիջապես մրցույթից: Նույնիսկ  հասարակ ընտանիքներում, որտեղ ռադիոն աշխատում էր օր ու գիշեր, դասական երաժշտությունը հնչում էր ժողովրդականի հետ մեկտեղ: Բոլորն, առանց բացառության, ծանոթ էին Չայկովսկու դաշնամուրային 1-ին կոնցերտին: Եվ այն, որ Չայկովսկու մրցույթում առաջին տեղը գրավեց ամերիկյան դաշնակահար Վեն Կլայբերնը (կամ ինչպես նրան սովետական ունկնդիրները կնքեցին, Վան Կլիբերնը) եւս հատկանշական էր: Ի դեպ,  նա հյուրախաղերով ժամանեց նաեւ Երեւան: Նրա անկրկնելի հմայքը եւ լուսավոր ժպիտը գրավեցին Սովետական Միության բոլոր բնակիչներին՝ ցրելով սովորական մարդկանց պատկերացումը չարամիտ իմպերիալիստների վերաբերյալ: Ամերիկան սկսեց նշմարվել ու դեպի իրեն ձգել՝  հատկապես 60-ականների սկզբից:


Լիանա Սահակյանը:

Մոսկովյան կինոփառատոնի շնորհիվ մեր էկրանների վրա հայտնված բարձրորակ արտասահմանյան ֆիլմերը նույնպես  ընդարձակեցին մտահորիզոնը: Կինոփառատոնի վերաբերյալ ժլատ տեղեկությունները մարդիկ քաղում էին «Советский экран»  ամսագրից, որի էջերից մեզ էին նայում անսովոր, ցեղական գեղեցկուհիները՝ Ջինա Լոլոբրիջիդան, Էլիզաբեթ Թեյլորը, ինչպես նաեւ արդեն մեզ հայտնի Ժերար Ֆիլիպն ու Իվ Մոնտանը՝ Սիմոնա Սինյորեյի հետ: Մոնտան-երգչի շնորհիվ մեր ունկնդիրը ծանոթացավ նաեւ «շանսոն» երաժշտական ժանրին:
  
Այդ ժամանակ էկրանների վրա ցուցադրեցին «Պատերազմ ու խաղաղություն» ամերիկյան ֆիլմը, որի գլխավոր դերակատարներն էին Օդրի Հեփբերնը ու Մել Ֆերրերը: Ինձ համար նրանք ընդմիշտ մնացին որպես անզուգական Նատաշա Ռոստովա ու Անդրեյ Բալկոնսկի: Օդրիի ոչ շաբլոնային արտաքինը, նրա անկրկնելի հմայքն անտարբեր չէին թողնում ինչպես կանանց, այդպես էլ տղամարդկանց:  Արեւմտյան կինոն վստահորեն ամրապնդվում էր եւ ներթափանցում մեր գիտակցության մեջ:

Մինչ այդ, 50-ական թվականների սկզբից, ավելի շատ տեղ էր տրվում հնդկական ֆիլմերին: Հնդկական կրքերը մոտ էին հայկական խառնվածքին: Բոլորը շվշվացնում էին ու երգում «Թափառաշրջիկը», «Պարոն 420» ֆիլմերի մեղեդիները, իսկ Ռաջ Կապուրն ու Ռիտան դարձել էին սովետական ժողովրդի կուռքերը: Նրանց փոխարինելու եկան նոր կուռքեր՝ Ժան Մարեն ու Ժան Գաբենը, Սիլվանա Պամպանինին ու Մարինա Վլադին... Վաճառասեղանի «տակից»  վաճառվում էին արտասահմանյան կինոաստղերի լուսանկարներն ու աղջիկները եռանդով հավաքում էին դրանք՝ անհագորեն զննելով յուրաքանչյուրը, յուրահատուկ ուշադրություն դարձնելով սանրվածքի եւ հագուստի վրա, քանի որ մոդան այն ժամանակ էկրաններից էր թելադրվում:

Ժողովրդականություն էին վայելում ոչ միայն արեւմտյան կինոնկարները՝ սկսեցին հայտնվել նաեւ այն տարիների կինեմատոգրաֆիայի բոլոր կանոններին համաձայն նկարահանված սովետական կինոնկարներ: Այսպես, իրադարձություն դարձավ երիտասարդ Րյազանովի «Карнавальная ночь» ֆիլմը, որի գլխավոր դերակատարուհին էր երիտասարդ Լյուդմիլա Գուրչենկոն: Նրա արդուզարդի բոլոր մանրուքները հայտնվեցին մեր կանանց եւ աղջիկների ուշադրության կենտրոնում: 

Հենց այդ ժամանակ բուռն ժողովրդականության առարկա դարձավ սինթետիկ թելերից պատրաստված հագուստը՝  կապրոնե գուլպաները, նեյլոնե շրջազգեստներն ու թիկնոցները...


Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից:

Այսօր մեզ անհեթեթ է թվում՝ ինչպե՞ս կարելի էր կոպեկներ արժեցող բամբակե կտորեղենին՝ չթին, շտապելին, սատինին գերադասել սինթետիկան, որն այն ժամանակ թանկ էր եւ, բացի դրանից, ալերգիա էր առաջացնում: Մեր մայրերի հիասքանչ՝ ճենաշղարշից, (крепдешин), ժորժետ շղարշից, (креп-жоржет), փայլապաստառից, (муар), թավշից, (панбархат) զգեստներին փոխարինելու եկան նեյլոնե եթերային, շքեղ զգեստները: Մոդայիկ էին համարվում նաեւ ճերմակ, փափկամազ բերետները՝ շարֆ-փողկապներով:

5

Այդ ժամանակ արդեն բոլոր դպրոցները խառն էին՝ տղաներն ու աղջիկները միասին էին սովորում, մի փաստ, որը նույնպես նպաստեց ավելի առողջ ու նախապաշարմունքներից զուրկ հարաբերություններին: Պատմականորեն այնպես էր ստացվել, որ մեծ մասամբ մտավորականներն իրենց զավակներին ուղարկում էին ռուսական դպրոցներ, քանի որ հասկանում էին, որ ռուսերեն լեզվի լավ իմացությունը հետագայում դռներ կբացի, օրինակ՝ Ռուսաստանում ուսումը շարունակելու ցանկացողների համար: Բացի դրանից, բոլոր բնագավառներում ժամանակակից տեղեկատվությունը առաջին հերթին ռուսերեն էր ու լիարժեք կրթության համար ռուսերեն լեզուն  ուղղակի անհրաժեշտ էր:

Այսօր ինձ համար դժվար է դատել` ճի՞շտ է արդյոք լինելով հայ, ռուսերեն մտածել...

Հօգուտ ռուսական կրթության խոսում էր նաեւ այն, որ ռուսախոս հայերն ավելի լայն աշխարհայացք ունեին: Գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը, չնայած իր բոլոր արժանիքներին ու տաղանդներին, չի կարող ճկուն համարվել՝  յուրաքանչյուրն ինքն իրեն համարում է պարագլուխ եւ չի ընդունում որեւէ քննադատություն: Այս առումով հպարտությունը ժողովրդի մոտ ամեն սանդղակից վեր է, ինչն էլ  խոչընդոտում է հոգեկան ու մտավոր աճին եւ փոխառնելու ունակությանը: Եվ որքանով անհատը պրիմիտիվ է, այդքան ավելի է ուժեղ է նրա մեջ արտահայտվում այդ հետամնացությունը: Դրա պատճառով էլ գոյություն ուներ գաղտնի ու ակնառու հակամարտություն՝ ռուսախոսների ու հայախոսների միջեւ: Մարդու արտաքինին նայելով կարելի էր հասկանալ, ինչ կրթություն նա ունի՝ ռուսական, թե հայկական: Տարօրինակ է, բայց դա իր կնիքն էր թողնում դեմքերի վրա: Այդ լռելյայն պատերազմը երկու ճամբարների միջեւ հազվագյուտ էր վերափոխվում բաց հակամարտության- գոյություն ուներ ինչ-որ չգրված ենթակարգություն:

Ուշագրավ է, որ հասարակ մարդկանց մեջ էլ կային ընտանիքներ, որոնք իրենց երեխաներին, ուղարկում էին ռուսական դպրոցներ: Եվ այդ երեխաները, որոշ ժամանակ անց նույնպես կերպարանափոխվում էին՝ ձեռք բերելով լայն տեսահորիզոն:

Խնդիր էր նաեւ այն, որ ռուսերեն լեզվի դասավանդումը հայկական դպրոցներում ցածր մակարդակի վրա էր: Բացառություն էր կազմում միայն Կրուպսկայի անվան դպրոցը, որն այդ հարցում տարբերվում էր Երեւանի այլ հայկական դպրոցներից: Այդ  դպրոց էին հաճախում հայրենասեր, ազգայնասիրությամբ լցված մտավորականների երեխաները՝ մարտահրավեր նետելով եւ մեղադրելով մտավորականների մեծ մասին հայրենասիրության բացակայության մեջ: Այդ առիթով հարկ է նշել, որ այդ դպրոցի աշակերտների մեծամասնությունը  բավական լավ ու ազատ տիրապետում էր ռուսերեն լեզվին:

Քաղաքը պայմանականորեն բաժանված էր այդ հակամարտ ուժերի միջեւ. կենտրոնում բնակվում էր աշխատավոր մտավորականությունը, իսկ մնացած շրջանները խառն էին՝ հայախոսների առավելությամբ: Եվ զարմանալի չէ, որ նրանք, ովքեր ռուսական կրթություն էին ստացել, ավելի արագ ներքաշվեցին ժամանակակից կյանքի մեջ: Բոլոր ընտանիքներում բաժանորդագրվում էին այն ժամանակ ժողովրդականություն վայելող «Юность», «Вокруг света», «Советский экран», իսկ ամենագլխավորը՝ «Иностранная литература» ամսագրերին: Այս ամսագրում հրատարակվում էին արեւմտյան ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: Այսօր անհավանական է թվում, թե ինչպես մեկուսացման, գրաքննության ու գաղափարախոսության պայմաններում, կաթիլ առ կաթիլ, ազատ աշխարհից տեղեկություններ էին ներթափանցում եւ վերափոխում երիտասարդությանը՝ ներազդելով նրա աշխարհայացքի, ներքին ազատության, ինչպես նաեւ բոլոր բնագավառներում (գիտությունից մինչեւ արվեստ) զարգացած լինելու ձգտման վրա: 

Երեւանում ամենահեղինակավորը համարվում էին Պուշկինի ու Չեխովի անվան դպրոցները: Այսօր դժվար է նշել, որն էր այդ հեղինակության պատճառը... (Գուցե մանկավարժական կազմը, սակայն ծայրամասային դպրոցներում էլ ուսուցիչները մեծամասամբ որակավոր մանկավարժներ էին): Այդ դպրոցները հաճախում էին մտավորական եւ զարգացած ընտանիքներից դուրս եկած երեխաները: Այդ տարիներին ուսուցչի կարգավիճակը, նրա անշահախնդիր խանդավառությունը եւ պրոֆեսիոնալիզմը ամենաբարձր մակարդակի վրա էին: Դպրոցը դեռեւս անբասիր էր եւ ազատ՝ կաշառակերությունից ու լկտիությունից: Ուսուցչին ընդունված չէր նույնիսկ  ծաղիկ նվիրել, այլ նվերների մասին խոսք անգամ լինել չէր կարող: 

Ցածր դասարաններում, ուսուցիչն աշակերտների համար կարծես ինչ-որ երկնային էակ լիներ: Իսկ բարձր դասարաններում պահպանվում էր հստակ ենթակարգությունը. շատ ուսուցիչների սիրում էին, մյուսներից՝ վախենում, հազվագյուտ՝ ատում, սակայն հարգանքը՝ անկախ մեր չարաճճիությունից, ինքնին բնական էր դիտվում: Որպեսզի երեխաներն իրենց հավասարազոր ու նույնարժեք զգան, (մանավանդ` ցածր դասարաններում), դասասեղանի շուրջ նստեցնում էին մեկ տղա եւ մեկ աղջիկ: Ընդունված էր այցելության գնալ հիվանդ դասընկերոջը, օգնել տնային աշխատանքը կատարելու հարցում եւ այլն:

Եթե հաշվի չառնենք պիոներական կազմակերպության գաղափարային ենթատեքստը, ապա այն ուղղված էր բարոյական արժեքների զարգացմանը. լավ սովորող աշակերտն օգնում էր վատ սովորողին, բարեկամությունն ու ընկերությունը դիտարկվում էին որպես ամենամեծ արժեք: Ճիշտ է, որոշակի  բացերով, սակայն շատ հստակ մեզ համար առաջնային էին բարոյական նորմերի հիմքերը: Բոլորս հավասար էինք եւ մեզանից ոչ մեկին չէր հետաքրքրում, թե որտեղ է աշխատում այս կամ այն համադասարանցու հայրը: Ոչ ոք գլուխ չէր գովում, թե բարձրաստիճան մարդու զավակ է եւ պատկերացում չուներ ծնողի աշխատավարձի չափի մասին: Յուրաքանչյուրն ապրում էր քիչ թե շատ ֆինանսապես կայուն իրավիճակում, եւ զարմանալի չէր, որ  բոլորս ավելի շատ ձգտում էինք դեպի հոգևոր արժեքներ:


Լուսանկարը`Լ. Սահակյանի արխիվից:

Այս կամ այն աստիճանի ռոմանտիկներ էինք եւ պրագմատիզմից շատ հեռու էինք: Հարաբերություններն աղջիկների ու տղաների միջեւ եւս մոտ էին կատարյալին: Աղջիկների ներկայությամբ տղաները երբեք իրենց չէին թույլ տա հայհոյանք օգտագործել կամ անպարկեշտ անեկդոտներ պատմել: Հիշում եմ, 10-րդ դասարանում մեր համադասարանցի Բալակիրեւ Յուրան ընդմիջմանը այսպես կոչված «բլատնոյ» երգ էր երգում դատախազի աղջկա մասին: Մի պահ նա ինձ եւ ընկերուհուս դիմեց` պահանջելով փակել ականջները: Ինչպես հետո պարզվեց, մենք չպետք է լսեինք հետեւյալ տողերը, - « Ոչինչ նա չի ցանկանում, ոչինչ նա չի տենչում, բացի գեղեցկուհու մարմնից, բացի մի թաս գինուց»: Սուրբ անմեղությու՛ն: Գտի՛ր այսօր նման մաքուր պատանիներ եւ, ինչու ոչ, նաեւ աղջիկներ: 

Յուրաքանչյուր դպրոցն ուներ սեփական՝ սերնդից սերունդ փոխանցվող ավանդույթները: Դպրոցներում գործում էին սպորտային, թատերական, երաժշտական խմբակներ եւ երեխաները հաճույքով հաճախում էին դրանք: Դպրոցներում կազմակերպվում էին ցերեկային հանդեսներ ու երեկոներ, ներկայացումներ ու համերգներ, հանդիպումներ նախկին շրջանավարտների հետ:

Մեր ծնողների համար առաջնայինը երեխաների կրթությունն էր: Նախանշված էր, որ դպրոցի ավարտից հետո պետք է ընդունվել ինստիտուտ: Բարձրագույն կրթությունը յուրօրինակ որակի նշան էր: Ծնողների ու երեխաների միջեւ հարաբերությունները  մեծամասամբ կառուցված էին վստահության վրա եւ մեզ վերապահվում էր որոշակի ազատություն: Եթե պարապել, դասերդ ավարտել ես, կարող ես տնօրինել քո ազատ ժամանակը: Կարեւորը, որ ծնողները իմանային` ում հետ ես եւ երբ ես վերադառնալու:

Այդ բարեպաշտ ժամանակներում բոլորովին էլ վտանգավոր չէր, երեկոյան ժամը 10-ից հետո տուն վերադառնալը: Դա եւս մեր սքանչելի քաղաքի առանձնահատկությունն էր: Եթե գտնվում ես քո շրջանում, վախենալու ոչինչ չունես: Ընդհանրապես, մեր ծնողների կողմից մեզ ընձեռած ազատության շնորհիվ մենք ձեւավորվեցինք որպես անկախ եւ կյանքից բավարարված անհատներ: Դրան գումարած նյութական որոշակի ապահովությունը եւ հաջորդ օրվա մեջ վստահությունը դարձրեց մեզ լիարժեք երիտասարդներ՝առանց որեւէ լուրջ բարդույթների: Այս ազատությունը, իհարկե, իր խելամիտ սահմաններն ուներ եւ քչերն էին դառնում անսանձ ու գռեհիկ: Ընդհակառակը, մենք բոլորս իդեալիստներ էինք, մեծ ներքին ուժով եւ այդ ուժը ապագա ծրագրերում կիրառելու ցանկությամբ: 

Դպրոցի որակի չափանիշներից էր բուհ ընդունված շրջանավարտների քանակը: Գուցե նաեւ դրա համար Պուշկինի ու Չեխովի դպրոցները այդպես բարձր էին գնահատվում, քանի որ այդ դպրոցների աշակերտների ճնշող մեծամասնությունը ընդունվում էին ինստիտուտներ: Հետագայում նրանցից շատերը հայտնի մասնագետներ էին դառնում ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ նրա սահմաններից դուրս:

Իմ բոլոր հասակակիցները իրենց անհոգ պատանեկության համար այս կամ այն չափով շնորհապարտ են ծնողներին՝  կայուն վիճակի, ճնշում չգործադրելու, զարգացման եւ հոգեւոր աճին նպաստող բոլոր պայմանները ստեղծելու համար:   Մենք, երիտասարդներս, ազատ ընտրության ունեինք եւ սեփական ուղին գտնելու հնարավորություն: Բարեբախտաբար, մեր երեւանյան բուհերը՝ Պետական Համալսարանը, Բժշկական եւ Պոլիտեխնիկ ինստիտուտները ոչինչով չէին զիջում մոսկովյան բուհերին…

Մեր հայրերը՝ թե՛ մասնագիտության մեջ , թե՛ անձնական կյանքում կայացած, մեզ համար հանդիսացան ամենաօրինակելի մարդիկ: Հիրավի, նրանք մեր քաղաքի հայր-հիմնադիրներն էին, մեր ազգի կորիզը: Իմ ամբողջ սերնդի անունից խոնարհվում եմ նրանց լուսավոր հոգիների առջեւ:

Շարունակելի:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին