Անցնող շաբաթը Նարեկ Մարգարյանի հետ - Mediamax.am

exclusive
2052 դիտում

Անցնող շաբաթը Նարեկ Մարգարյանի հետ


Նարեկ Մարգարյանը
Նարեկ Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է հաղորդավար, հումորիստ, «Arm Comedy» շոուի համահիմնադիր Նարեկ Մարգարյանը:

Ցուցադրվել է Superman: Dawn of Justice ֆիլմի թրեյլերը

Կարծում եմ, սա այս շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունն է, որը շատ լուրջ ազդեցություն կունենա բոլորիս ճակատագրերի վրա: Թրեյլերը ցուցադրվեց ու պարզապես ապշեցրեց, բոլորը  սպասում էին թե դա «վերջն» է, բայց թրեյլերից հասկացանք, թե ինչ աստիճանի «վերջ» է: Գիտենք, որ Բեն Աֆլեքը մարմնավորելու է Բեթմենին, Հենրի Քավիլը` Սուպերմենին ու Գալ Գադոն` Wonder Woman-ը: Ու հիմա բոլորս անհամբեր սպասում ենք, որ տենենք` այդ ինչ հետաքրքիր ուժային եռանկյունի է ստեղծվելու ֆիլմում: Երբեք այդքան չեմ սպասել մարտ ամսվան, ինչպես հիմա եմ սպասում:

Այն թրեյլերը գոնե իմ «պատի» կարեւոր նորությունն էր: Հիմա բոլորի ֆեյսբուքն այնքան անհատական է դարձել, օրինակ` իմ ֆեյսբուքի պատը բաղկացած է Սամվել Մարտիրոսյանից եւ մի քանի նմանատիպ թրեյլերներից: Ինչքան շատ ես «լայքում» մեկին, այնքան քիչ ես տեսնում մյուսների գրածները: Դրա համար ֆեյսբուքիս պատը կարծես իմ ու Սամվելի չաթը լինի: Երբեմն կողքից հայտնվում են կնոջս, կամ Սերգեյի գրառումները, բայց հիմնականում` ես ու Սամվելն ենք:

7 ոստիկաններ ստացել են «խիստ նկատողություն»

Դե ինչ, պատժեցին ուժ կիրառած ոստիկաններին, բայց մարդկանց դուր չեկավ, թե ինչպես պատժեցին ` մեկ ծառայողի պաշտոնն իջեցվեց մեկ աստիճանով, մեկ ծառայողին ջղային նկատողություն արեցին եւ ասում են նաեւ երկու անգամ թարս հայացքների արժանացրին: Արդյունքում հետաքրքիր երթ տեղի ունեցավ, երբ մարդիկ շարժվեցին դեպի դատախազություն եւ մենք առաջին անգամ ոստիկանության նոր մարտավարության ականատեսն եղանք: Ամենասկզբում Վալերի Օսիպյանը սուրճ առաջարկեց ցուցարարներին, որպեսզի նրանք ցրվեն: Տեսնելով, որ սուրճով քիչ մարդ հրապուրվեց, նա աղջիկներին պաղպաղակ առաջարկեց: Չգիտեմ, ես գուցե չդիմադրեի եւ համաձայնվեի պաղպաղակի տարբերակին, բայց նա այն առաջարկում էր միայն աղջիկներին: Դրա համար էլ մենք մեր հաղորդման շրջանակներում կոչ արեցինք վերացնել գենդերային խտրականությունն ու պաղպաղակ առաջարկել բոլոր ցուցարարներին՝ անկախ նրանց սեռական պատկանելիությունից:

Ի դեպ, ընթացքում ցուցարարներն առաջարկում էին ջրել  իրենց, ոստիկաններն էլ հրաժարվում էին: Մի խոսքով, այս տաս օրը դեպի լավը փոխեցին թե ցուցարարներին, թե ոստիկաններին: Արդյունքում շատ լավ է, որ իսկապես լուրջ, բոլորիս հուզող խնդիրները բարձրաձայնվում են:

Ըստ Սահմանադրության նախագծի, ՀՀ նախագահն ընտրվելու է 7 տարի պաշտոնավարման ժամկետով՝ ընտրիչների ժողովի կողմից:

Նոր-նոր սկսում եմ ծանոթանալ Սահմանադրության առաջարկված տարբերակին: Անկյունաքարը բոլորիս հայտնի է` Ազգային Ժողովը դառնում է ավելի մեծ դեր ունեցող մարմին, իսկ նախագահն` ավելի խորհրդանշական: Ընդ որում, նախագահին ընտրում են ընտրիչները: Հիմա դժվարին կացության առջեւ ենք կանգնում` արդյո՞ք կարելի է վստահել այն մարմնին, որի անդամների մի մասը բացակայում է աշխատանքից, մյուս մասը` չի զբաղվում իր աշխատանքով, մի մասն էլ շարունակում է մնալ մականունավոր, ինչը կարծես թե փորձում էին վերացնել, բայց լիովին չստացվեց:

Բավականին լավ օրենքներ ունենք, համապատասխանում են միջազգային չափանիշներին, բայց դրանք անդադար փոփոխվում են, իսկ մեր կյանքը մնում է անփոփոխ, որովհետեւ եղած օրենքն էլ լավ չի կիրառվում: Օրինակ` մեր Ընտրական օրենսգիրքը միշտ եղել է եվրոպացիների ամենասիրելին հետխորհրդային տարածքում: Աշխատել եմ այդ ոլորտում ու հիշում եմ, երբ փորձագետներ էին գալիս, պարզապես հիանում էին մեր օրենսգրքով:

Կարծում եմ, «ընտրիչ» բառը պետք է փոխել, լեզվաբանների խումբը պիտի ավելի քիչ ծիծաղ առաջացնող բառ առաջարկի:

Հովհաննես Մանուկյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից

Ափսոսում եմ, որ այս ձայնը հոդվածով չեք կարող փոխանցել` «իիիի՞նչ եղավ, ի՞նչ կատարվեց»: Նախկին նախարարի ֆեյսբուքյան էջից հասկացա, որ նա Հունաստանում է: Այստեղ թափանցիկության հարց է, կուզենայի, որ ինձ բացատրեին, թե ինչո՞ւ նրան ազատեցին պաշտոնից:

Հուլիսի 14-ին մարդիկ առաջին անգամ տեսան Պլուտոն մոլորակի լուսանկարը

Առաջին անգամ տեսանք Պլուտոնը: Պլուտոնի տեսքը հենց այդպես էի պատկերացնում, ճիշտ իմ ցանկացած Պլուտոնն էր: Հիմա էլ ավելի արդարացված եմ համարում, որ այն հանեցին մոլորակների ցանկից: Հետաքրքիր բաներ իմացա Պլուտոնի մասին: Այս նորությունը կարեւոր էր այնքանով, որ առաջին անգամ տեսանք մի բան, որ երբեւէ չէինք տեսել:

Անձնական բնույթի նորություն

Ավարտեցինք մեր ֆիլմի սցենարի երկրորդ սեւագիր տարբերակը, այն ամենամոտն է վերջնականին: Էլ չեմ դիմանում, թե երբ կնկարահանվի ֆիլմն ու մարդիկ կդիտեն այն: Ֆիլմը կատակերգություն է մի թեմայով, որի հիման վրա Հայաստանում դեռևս ֆիլմ չի նկարահանվել:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարեց Մարիամ Լորեցյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին