Անցնող շաբաթը Ժակի հետ - Mediamax.am

exclusive
1855 դիտում

Անցնող շաբաթը Ժակի հետ


Ժակը
Ժակը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է հաղորդավար Ժակը:

Վերաբացվեց Բաղրամյան պողոտան

Բաղրամյանում տեղի ունեցած իրադարձություններն՝ ապատիայի մեջ գտնվող հասարակության արթնացումն էին: Անկախ նրանից, որ տարբեր մարդիկ իրենց համար դիվիդենտներ ստացան ու անկախ նրանից, թե ինչ նպատակներով ծառայեցին դրանք, սա դրական երեւույթ էր մեր իրականության մեջ:  Ոչ միայն բառիս բուն իմաստով երիտասարդ, այլ նաեւ հասուն երիտասարդությունը համախմբվեց: Թվում էր, թե մեզ ստիպել են գլուխը կախել, համակերպվել ու գոյատեւել: Հերթական ծայրահեղ մարտահրավերի դեպքում մտածում ես՝ այ հիմա կարթնանան, ու հենց սա արթնացում էր:

Թերևս, երիտասարդներին պետք էր ուղղորդել պահանջների հստակ ձեւակերպման, քայլերի հերթականության առումով, բայց ղեկավարությունը հասկացավ, որ այստեղ ապրող ժողովուրդը ձայն ունի:

Փաստ է, որ ամեն ինչ չէ, որ կարելի է հարթ կերպով անցկացնել ու հրամցնել մարդկանց: Ողջունելի է, որ ունեցանք բազմաթիվ գեղեցիկ համախմբման պահեր, հատկապես՝ հավաքի առաջին օրերին: Ողջունելի է, որ այս ամենը ստիպեց մեր ղեկավարությանը վերանայել որոշումները, միեւնույն ժամանակ սա յուրահատուկ հաղորդագրություն էր դրսի շատ ուժերի համար: Ամեն մեկն արդեն իր ձեւով բացեց հաղորդագրությունը:

Ներկայացվել է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումն արգելող օրինագիծ

Մեր երկրում քիչ չեն այն օրենքները, որ մնում են թղթի վրա: Իհարկե, ողջունելի է, որ նման օրենք է ընդունվելու, բայց առավել կարեւորն է, որ մարդկանց գիտակցության մեջ փոփոխություն տեղի ունենա, որովհետեւ օրենքներ խախտելու կամ շրջանցելու ճանապարհներ միշտ էլ գտնվում են:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումը խնդիր է աշխարհի շատ երկրներում: Մեր հոգեկերտվածքը հաշվի առնելով՝ տղա երեխան ընտանիքում առանձնահատուկ նշանակություն ունի որպես տոհմի շարունակող, բայց ոչ պակաս կարեւոր է հայուհու կերպարը: Հայ կնոջ դերը միշտ էլ էական է եղել ընտանիքում, հենց դրա համար էլ այս օրենքի ընդունումն իսկապես շատ կարեւոր է:

Ես դուստր ունեմ ու նկատելիորեն վարակել եմ շրջապատիս, որ հասկանան, թե ինչ հրաշք է աղջիկ երեխա ունենալը:

Վարչապետը կոչ է արել քաղաքաշինության նախարարին ուշադրություն դարձնել բազմաբնակարան շենքերի վթարային վիճակին

Ղեկավար անձանց՝ միմյանց ուղված պաշտոնական կոչերն ինձ մոտ երբեմն ժպիտ են առաջացնում: Գնահատում եմ ոչ թե խոսքը, այլ աշխատանքը: Հուսանք, որ մեր վարչապետի խոսքը արդյունք կունենա: Հույս ունեմ, որ այսուհետ համապատասխան մարմիններն ավելի հետեւողական կլինեն:

Վրաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը վտանգավոր է Վրաստանի համար

Կարծում եմ, այսօր Հայաստանն ամենադրական հարաբերություններն ունի Վրաստանի հետ: Կարծում եմ, Հայաստանի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ ուղղված չէ Վրաստանի դեմ: Հուսանք, այս հայտարարությունը որեւէ շարունակություն չի ունենա, եթե, իհարկե, որոշ ուժերին շահավետ չէ, որ այս միտքն ու գաղափարը լսելի դառնան:

Սկսվել է «Ավրորա» մրցանակի հավակնորդների առաջադրումը

Ուրախ եմ, որ առիթ ունեմ արտահայտվելու Ռուբեն Վարդանյանի մասին: Հազվադեպ է պատահում, երբ մեծ ֆինանսական հաջողության հասած գործարարի, մենեջերի ու ղեկավարի որակներով օժտված մարդիկ փայլում են նաեւ իրենց մարդկային, հայրենասիրական ու կառուցողական մտքերով:

Ռուբեն Վարդանյանի հետ երբեւէ առնչություն չեմ ունեցել, բայց իր կողմից արված բոլոր քայլերը ոգեշնչում են: Երբեմն մտածում ես, որ եթե նման որակներով օժտված մարդիկ ավելի շատ լինեն, շատ հարցեր կկարողանանք լուծել:

Այս մրցանակաբաշխությունը, հայտնի ու ազդեցիկ մարդկանց ներգրավումն ու մասնակցությունը, նրանց խոսքը աշխարհին լսելի դարձնելը արդյունավետ ու ճիշտ հաշվարկված քայլեր են: Հուսամ, որ Ռուբեն Վարդանյանը նույն եռանդով կշարունակի իր գործունեությունն ու որեւէ ուժ նրա մոտ հիասթափություն չի առաջացնի:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարեց Մարիամ Լորեցյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին