Անցնող շաբաթը Արսեն Ավոյանի հետ - Mediamax.am

exclusive
2055 դիտում

Անցնող շաբաթը Արսեն Ավոյանի հետ


Արսեն Ավոյանը
Արսեն Ավոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է Triada Studio-ի խաղային դիզայներ, Apple Design Awards-ի մրցանակակիր Արսեն Ավոյանը:

Մահացել է Քըրք Քըրքորյանը

Քըրքորյանին միշտ վերացական եմ պատկերացրել, նույնիսկ նրա դիմագծերը չեմ մտաբերում, բայց ականջիս անդադար լսվող անուն է ու այնքան կարեւոր կերպար, կարծես մի լուսավոր երեւույթ լիներ, որ հիմա մարեց:

Ցանկացած մեծ անձի մահը ցավով եմ տանում: Կարծում եմ, որ կյանքում հավասարակշռություն կա ու ինչ էլ պատահի, որոշ հանգամանքներ ու գաղափարներ ի վերջո հավասարության են գալիս: Ուզում եմ հավատալ, որ նորից կհայտնվեն մարդիկ, հայրենասերներ, ովքեր կշարունակեն օգնել մեր երկրին: Մի խոսքով, նոր լուսավոր երեւույթին եմ սպասում:

Ամեն մեկս մեր ոլորտում փորձում ենք մեր երկրի համար ինչ-որ դրական բան անել: Եթե ամեն մարդ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, այդպես մտածի ու գործի՝ մեր կյանքի որակը միանշանակ կբարելավվի:

Թբիլիսիում ավերիչ  ջրհեղեղ տեղի ունեցավ

Երբ առաջին լուսանկարը տեսա, ինձ թվաց, թե մոնտաժ է: Կարծես «Ջումանջի» ֆիլմից կադրեր լինեին, չէի կարողանում գիտակցել, ինչ է կատարվում, ինչպես կարող են քաղաքի փողոցում վայրի կենդանիներ շրջել: Երբ գիտակցեցի, որ սա ֆիլմ չէ, սարսափեցի:

Ինձ շատ տխրեցրեց այն փաստը, որ որոշ կենդանիներին ստիպված են եղել սպանել: Ուրախ եմ, որ մեր կենդանաբանական այգու մասնագետները մեկնեցին մեր հարեւաններին օգնելու:

Շատ եմ սիրում կենդանիներ: Նրանք մեր կյանքի, երկիր մոլորակի ամենամաքուր էակներն են: Այդ պատճառով Թբիլիսիի դեպքերը շատ ծանր տարա:

Հայ դպրոցականները չեն մասնակցի Բաքվի օլիմպիադային` ելնելով անվտանգության նկատառումներից

Անկախ ազգային պատկանելիությունից կամ մաշկի գույնից, ես մարդասեր եմ: Բայց ադրբեջանցիների հետ կապված մեջս ինչ-որ զգացողություններ կան, որ չեմ կարողանում հաղթահարել: Նրանց մոտ անհասկանալի ֆանատիզմ եմ տեսնում, իսկ ֆանատիկներից միշտ վախենում եմ, անկախ նրանից՝ մոլի հավատացյալներ են, թե ուժեղ ազգասերներ: Կա չափ, որն անցնելու դեպքում արդեն վտանգավոր է դառնում:

Ինքս էլ մտավախություններ ունեմ՝ արդյո՞ք արժի այնտեղ ուղարկել երեխաներին: Ընդունելի է, եթե հասուն մարդիկ՝ մարզիկները կամ երաժիշտները, մեկնում են Բաքու: Կարծում եմ, երեխաների ապահովության համար լավ է, որ նրանք չեն մասնակցի այդ օլիմպիադային:

Երեւանում շարունակվում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքները

Ցանկացած ոլորտի թանկացումներին շատ վատ եմ վերաբերվում: Հաշվի առնելով մեր երկրում տրվող աշխատավարձներն ու ընդհանուր ծանր սոցիալական վիճակը, նման տեսակի թանկացումն իսկապես անտեղի է:

Շատ ցավալի է ու միեւնույն ժամանակ աբսուրդային՝ մենք ապրում ենք մի երկրում, որն ատոմակայան ունի: Այն ազդում է մեր էկոլոգիայի վրա ու այդ ճառագայթումները վնասակար է մեզ համար, բայց գոնե դրա հետ մեկտեղ մեզ մոտ էլեկտրաէներգիան պետք է անհամեմատ էժան լիներ:

Գյումրիում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի զինծառայողի դին

Ցավով պետք է նշեմ, որ նման դեպքեր միշտ էլ եղել են: Ինքս էլ ծառայել եմ բանակում՝ Հայաստանում, նաեւ Արցախում: Կարծում եմ, որ սոցցանցերի զարգացումը նպաստել է նման նորությունների սուր ընկալմանը:

Մի կողմից, շատ լավ է, որ երբ ինչ-որ բան է տեղի ունենում, լրագրողները միանգամից անդրադառնում են դրան ու գուցե ինչ-որ քայլեր են ձեռնարկվում հետագայում ավելի զգույշ լինելու համար: Մյուս կողմից, այսքան շատ քանակությամբ բացասական նորությունները մարդու մոտ կարող են ընկճախտ առաջացնել: Որոշ ժամանակ հետո մարդիկ զրկվում են առողջ դատելու ունակությունից:
 
Եվրամիությունը Հայաստանի հետ դեռեւս չի սկսի վիզային ռեժիմի վերացման բանակցությունները

Մի քանի օր առաջ անձամբ բախվեցի վիզաների խնդրին: Մեր խաղը՝ Shadowmatic-ը, նոմինացված էր Apple Design Awards հեղինակավոր մրցանակաբաշխությանը: Ամբողջ թիմով պիտի ԱՄՆ մեկնեինք: Չգիտեմ՝ չար կատակ էր, թե ինչ, բայց ինձ մերժեցին ու վիզա չտրամադրեցին: Կոնկրետ Apple ընկերությունից անվանական հրավեր չէինք ստացել, կարծում եմ, դա էր մերժման պատճառը: Բայց պարզ էր, թե ինչում եմ մեկնում ԱՄՆ: Այս ամենի միջով անցնելուց հետո կարող եմ միայն երազել, որ մի օր մեր երկիրը այլեւս վիզային ռեժիմների խնդիր չի ունենա: Վիզայի խնդիրը խանգարում է տարբեր ոլորտների մասնագետներին, որ մեկնեն արտերկիր, զարգանան, վերապատրաստվեն: Եթե մարդը հանցագործ չէ, մեկնելու հնարավորություն ու ցանկություն ունի, ապա ինչու՞ խանգարել նրան:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարը` Մարիամ Լորեցյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին