Անցնող շաբաթը Ռոլանդ Գասպարյանի հետ - Mediamax.am

exclusive
2741 դիտում

Անցնող շաբաթը Ռոլանդ Գասպարյանի հետ


Ռոլանդ Գասպարյանը
Ռոլանդ Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է երգիչ, Reincarnation խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը:

Հայկական Triada Studio-ն արժանացել է Apple ընկերության Apple Design Award մրցանակին՝ Shadowmatic համակարգչային խաղի համար

Սա ամբողջ շաբաթվա լավագույն ու ամենակարեւոր նորությունն էր: Ինքս խաղում եմ այս խաղն ու ի սրտե շնորհավորում եմ տղաներին: Այս հաղթանակը յուրաքանչյուրինս է, իսկապես, սա անձնական հաղթանակ եմ համարում:

Ցավոք, աշխարհում երկու բանով ենք հայտնի՝ լացով կամ էլ «քցողությամբ»:

Հիմնականում հաղթանակներ տարբեր բնագավառներում ունենում ենք Սփյուռքի հայերից: Ամերիկայում բնակվող հայը, ցավոք, ավելի բարձր պահում է Ամերիկայի անունը, քան մենք մերը: Իսկ Triada Studio-ի տղաները հենց Հայաստանի անունն են բարձր պահում:

Ի դեպ, կտրականապես դեմ եմ Ֆեյսբուքում հայտնվող նորություններին, ստատուսներին եւ այլն: Այդ ամենը միայն բացասական էմոցիաներ է փոխանցում, դրա պատճառով փակել եմ էջս, երբեմն օգտվում եմ Ռեինկարնացիա-ի պաշտոնական էջից:

Բարեբախտաբար, տղաների հաղթանակի մասին Ֆեյսբուքից չեմ տեղեկացել: Կինս ու ընկերներս ինձ միշտ իրազեկ են պահում:

Հունիսի 9-ը ընկերության միջազգային օրն էր

Կարծում եմ, պիտի այնպես ապրենք, որ ամեն օրն էլ տոն լինի: Բնականաբար, իմ կյանքում էլ կան դժվարություններ, տխուր օրեր, բայց ի՞նչ է նշանակում տոն՝ լավ հիշողություններ կուտակելու առիթ: Ուզում եմ, որ բոլորը կարողանան այդպես ապրել, նույնիսկ նրանք, որ իրենց կյանքում դեռ լույսը չեն գտել: Օրինակ` այսօր ինձ համար տոն է, որովհետեւ եկել եմ ձեզ մոտ հարցազրույց տալու, դուք էլ իմ ընկերներն եք, ու այս պահին երջանիկ եմ:

Կաննում կայացել է «Միդեմ» երաժշտական փառատոնը, որին Հայաստանն այս տարի մասնակցում էր պատվավոր հյուրի կարգավիճակով

Ընկերներս են շատ լավ ելույթ ունեցել այնտեղ, ու շատ ուրախ եմ նրանց համար: Բայց մի տխուր բան է եղել՝ «օբյեկտի» երաժիշտներ էլ են ելույթ ունեցել փառատոնին: Դա չեմ հասկանում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է հայ մարզիկներին, ովքեր կմասնակցեն Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին

Կարծում եմ, շատ ճիշտ է, որ մեր մարզիկները մասնակցում են Բաքվում կայանալիք խաղերին: Մի «ազգացավ» մրցույթ ունենք, չէ՞՝ «Եվրատեսիլ»-ը: Կարծում եմ, Հայաստանը պետք է միայն մեկ անգամ մասնակցեր այդ մրցույթին՝ մեկներ Բաքու եւ վերջ: Այդ դեպքում կարեւոր չէր լինի՝ հաղթեցինք, թե ոչ:

Հաղթանակ եմ մաղթում մեր տղերքին, միշտ տենց «դուխով» եղեք: Երբ նման նորություններ եմ լսում, իմ՝ Հայաստանում ապրելու ու մեռնելու միտքը ավելի է ամրապնդվում:

Բավարիայում կայացել է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը

Երկար պատմություն է, ու հիմա չակերտները չեմ էլ ուզում բացել, բայց առհասարակ քաղաքականությունը՝ հասարակ բիզնես է: Սցենարով ճշգրիտ պլանավորված հերթական մի գագաթնաժողով է, որ հավաքվում են ու ասում են այն, ինչ նախապես արդեն գծված է ամբողջ աշխարհի համար: Այս ամենը կարեւոր է միայն նրանց համար, ովքեր դրանով են ապրում:

Օրինակ՝ Հայաստանում շատ են մարդիկ, ում համար քաղաքականությամբ ապրելն ու դրա մեջ լինելը իմիջ է դարձել: Եկեք մի օր նշանակենք, թող այդ մարդիկ հավաքվեն իրար գլուխ, քննարկեն, մեկնաբանեն, ինքնահաստատվեն ու հետո հանգիստ ապրեն: Դա էլ կարող է տոն դառնալ: Այդ գագաթնաժողովն էլ նման հանդիպում է, չէ՞:

Ոստիկանները ուզում են պատասխանատվության կանչել «SOS» հաղորդման հեղինակներին

Ինձ համար երկու ձեւի մարդ կա՝ մեկի ճակատին բան կա գրված, մյուսը՝ ամբողջ կյանքում պիտի խոտ լինի: Ում ճակատին բան կա գրված, գալիս են, իրականացնում են իրենց առաքելությունն ու գնում: Բայց այս ամենի մեջ կարեւորն այն է, որ մի բան անելուց ճիշտ ու առողջ եւ իրական արժեքների համար արվի, ոչ թե որպես կերպարի մի մաս, մի օր երեւալու առիթ: «Փոխող» մարդն ինձ համար արժեք է:

Երեւույթի մասին եմ խոսում՝ այդքան էլ չեմ հետեւել տղաների գործունեությանն ու նրանց մասին չեմ կարող որեւէ բան ասել ու չգիտեմ, նրանք «փոխող» են, թե ոչ:

Անձնական բնույթի նորություն

Մի քանի ամիս աշխատում ենք մի գաղափարի վրա ու շատ շուտով մեր քաղաքում մի վայր կլինի, որտեղ բոլորս միասին կհավաքվենք, լավ ու մաքուր երաժշտություն կլսենք: Այնպես է ստացվել, որ վերջերս արտերկրում ավելի շատ ենք համերգներ ունենում, քան այստեղ: Հենց այդ հարցը մեզ շատ տանջեց ու որոշեցինք լուծել այն:

Ուրբաթ օրն էլ ծնունդս էր: Անկախ նրանից, թե ինչպես եմ նշում ծնունդս, դա ինձ համար տոն է: Ինձ համար ամեն օրն էլ, հենց աչքերս բացում եմ, ծնունդս է:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարը` Մարիամ Լորեցյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին