Անցնող շաբաթը Գրիգոր Աղախանյանի հետ - Mediamax.am

exclusive
1822 դիտում

Անցնող շաբաթը Գրիգոր Աղախանյանի հետ


Գրիգոր Աղախանյանը
Գրիգոր Աղախանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր Գրիգոր Աղախանյանը:

Հունիսի 1-ին նշվեց երեխաների պաշտպանության օրը

Իհարկե, ինձ համար հունիսի 1-ը տոն է: Այս տարի փոքրիկիս հետ այդ օրը զբոսնեցինք Կասկադում: Շատ հաճելի էր, որովհետեւ շատ մարդ կար ու բոլորի մոտ տոնական տրամադրություն էր: Մի քանի տարի առաջ այդպես չէր:

Կկրկնվեմ, եթե ասեմ, որ երեխաների հանդեպ պիտի ամեն օր էլ ուշադիր լինենք: Բայց հայերին, կարծում եմ, դա չի վերաբերվում. մենք հնարավոր ու անհնար ամեն ինչ անում ենք մեր երեխաների համար ու երբեմն նույնիսկ չափից ավելի ուշադիր ենք:

Լավ է, որ հունիսի 1-ը առիթ է հանդիսանում տարբեր բարեգործական ակցիաներ, միջոցառումներ կազմակերպելու համար: Մի քանի տարի առաջ այդ օրը Հայկոյի հետ մեկնեցինք Գյումրի, վատ պայմաններում ապրող մի քանի ընտանիքների երեխաներին նվերներ էինք տարել:

Հունիսի 8-ից Երեւանում կգործարկվեն եւս երեք արագաչափ սարքեր

Ես օրենքի կողմնակից եմ: Երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում՝ կարող եմ ասել,  որ այնտեղ բոլորն այնքան հավեսով են մեքենա վարում` ճանապարհենը լավն են, բոլորն իրար զիջում են, ամեն ինչ կանոնակարգված է: Հայաստանում բոլորս գիտենք, թե ինչպես են վարում, դրա համար ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որոնք դեմ են արագաչափերին:

Բայց պետք է կարգավորվեն նաեւ այլ, ոչ պակաս կարեւոր հարցերը` ավտոմեքենաների տեխզննումը կարգավորումը, միմյանց զիջելու մշակույթը, ուշ ժամերին հնչող բարձր ազդանշանները (սիգնալները) կամ երաժշտությունը, որի պատճառով երեխան կարող է գիշերը արթնանալ:

Եթե խիստ եք, արագաչափեր եք տեղադրում, ուրեմն խստացրեք ու կանոնակարգեք այն ամենը, ինչն իսկապես խնդիր է առաջացնում, հետեւողական եղեք երթեւեկության հետ կապված բոլոր հարցերում:

Միխայիլ Սահակաշվիլին նշանակվել է Օդեսայի տարածաշրջանային պետական վարչակարգի ղեկավար

Մի քանի տարի առաջ քաղաքական հարցերից շատ հեռու էի, հիմա արդեն հետեւում եմ նորություններին ու տեղյակ եմ` ինչ է կատարվում աշխարհում:

Այս նորությանը երկակի վերաբերմունք ունեմ: Մոտ մի ամիս առաջ Վրաստանից հյուրեր ունեինք: Նրանք ազգությամբ հայ են, բայց ողջ կյանքն այնտեղ են ապրում: Զրուցում էինք ու շատ հետաքրքիր մի բան բացահայտեցի ինձ համար. բոլորից միշտ լսել եմ, որ Սահակաշվիլին վատն է, բացասական կերպար է, հետախուզման մեջ է եւ այլն, իսկ մեր հյուրերը նշեցին, որ եթե նորից Սահակաշվիլիին ընտրելու հնարավորություն լիներ, իրենց ձայնը հենց իր օգտին էին տալու:

Վրաստանում շատ բան դեպի լավը փոխվեց, միեւնույն ժամանակ հենց նրա օրոք պատերազմ սկսվեց: Այնպես որ, նա միանշանակ անձնավորություն չէ ու միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի նրա դերը Օդեսայում:

Նոյեմբերին Վազգեն Սարգսյան 3 հասցեում շահագործման կհանձնվի կառավարության նոր մասնաշենքը

Ինձ համար կարեւոր է, որ հրապարակում գտնվող շենքերի ճարտարապետությունը որեւէ փոփոխության չենթարկվի: Քաղաքում այս տարիների ընթացքում այնքան բան է քանդվել, որ շատ բան արդեն չենք էլ հիշում:

Դա այնքան անցանկալի ու տհաճ է: Իհարկե, փորձում եմ ժամանակին ընդառաջ քայլել, նորակառույց շինություններից մի քանիսը հավանում եմ, բայց քանդված շատ կառույցներում իմ մանկությունն էր: Հասկանում եմ, որ իմ այս մոտեցումը օբյեկտիվ չէ ու կյանքում ամեն ինչ փոփոխվում է: Բայց բոլոր երկրներում կան ճարտարապետական կարեւոր նշանակություն ունեցող շինություններ, որոնք պիտի պահպանվեն:

Հանրապետության հրապարակը հենց այդ կարեւորությունը ունեցող վայրերից է: Եթե որոշում կայացվի այնտեղ ճարտարապետական առումով որեւէ փոփոխություն կատարել, վստահ եմ, շատերս կընդդիմանանք դրան:

Սոտբիսն աճուրդից հանել է Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» նկարը, որը գողացված է համարվում

Լավ կլիներ, եթե հայ մեծահարուստները հետեւեին, թե ինչ է կատարվում աշխարհում եւ  կարողանային գնել նման նկարները` Հայաստանում գործող թանգարանների, պատկերասրահների համար: Կուզենայի, որ այս երեւույթը լիներ ոչ միայն նկարների դեպքում: Գիտեմ նման դեպք, երբ մեծահարուստներից մեկը գնել է այլ քաղաքում գտնվող ազգությամբ հայ գրողներից մեկի բնակարանը` ապագայում այն թանգարանի վերածելու նպատակով: Կարծում եմ, սա լավ օրինակ կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր համապատասխան հնարավորությունները ունեն:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարը` Մարիամ Լորեցյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին