Անցնող շաբաթը Արքմենիկ Նիկողոսյանի հետ - Mediamax.am

exclusive
1947 դիտում

Անցնող շաբաթը Արքմենիկ Նիկողոսյանի հետ


Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Երեւանում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաք ու երթ

Դժվար է ասել, էլեկտրաէներգիայի թանկացումն ում վրա ինչպես կանդրադառնա: Եթե Հայաստանի բնակչությունը դիտարկենք սոցիալական բաժանումներով, ապա, կարծում եմ, այսօր կա մի զգալի զանգված, որի համար թանկացումները էական չեն: Դա նրանց ընթացիկ ծախսերի սովորական մասն է, ճիշտ այնպես, ինչպես մենք հաց ենք գնում կամ ջուր ենք խմում: Սպասվող թանկացումը ուղղված է մեր հասարակության անապահով շերտի դեմ ու պիտի գնահատվի ամենաբացասական իմաստով: Սա պարզապես հերթական վիրավորանքն է մեր ժողովրդի հասցեին:

Այսքան տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չդրսեւորե՞լ իշխանավորի կեցվածք ու ժողովրդին օգտակա՞ր չլինել: Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այս իշխանությունները մեր ժողովրդի համար դրական որեւէ անելիք չունեն: Սա հերթական բեմադրված ներկայացումն է, որին արդեն այնքան ենք ականատես եղել, որ գուշակում ենք բոլոր սցենարները: Մարդիկ կային, որ կանխատեսում էին՝ սկզբում ավելի բարձր թանկացում կառաջարկվի, հետո կլինեն բողոքներ, որոնց արդյունքում թանկացումը կնվազի ու ի վերջո կընդունվի մի տարբերակ, որից, կարծես, բոլորը գոհ կլինեն:

Կարծում եմ, այս անգամ խնդիրը հենց մեր մեջ է, որ կարողանանք այս ամենին ավելի կոշտ ձեւով դիմադրենք:

Գյումրիում տեղի է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հանդիսավոր բացումը

Սա շատ կարեւոր իրադարձություն է, որովհետեւ Երեւանում գտնվող «Թումո» կենտրոնն արդեն կարողացել է կեցության նոր մշակույթ ձեւավորել մեր իրականության մեջ: «Թումո»-ի նման հաստատություններում են ձեւավորվում այնպիսի քաղաքացիներ, որոնք, անդրադառնալով նախորդ թեմային, թույլ չեն խաղալ մեր պատվի ու արժանապատվության հետ:

Որքան շատ «Թումո»-ներ լինեն Հայաստանի տարբեր շրջաններում, այնքան կմեծանան մոտ ապագայում ավելի լավ ու կրթված երիտասարդություն ունենալու հույսերը:

Տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2104թ. մրցանակների հանձնման արարողությունը: Գրականության բնագավառում մրցանակ չի շնորհվել:

Արդեն երկրորդ դեպքն է, որ գրականության բնագավառում մրցանակ չի շնորհվում: Առաջին անգամ հանձնաժողովի անդամ էի: Այն ժամանակ խնդիրն այլ էր, որովհետեւ ըստ իս, արժանի հեղինակ ունեինք, բայց հանձնաժողովի որոշ հնաճաշակ կամ կոմպլեքսավորված անդամների պատճառով մրցանակ չշնորհվեց, որովհետեւ հեղինակը որոշ, այսպես կոչված, արգելված թեմաներ էր արծարծել:

Տարիներ առաջ ինքս հարց բարձրացրեցի, որ պետք է ավելացնել տարիքային ցենզը ու 25-ի փոխարեն դիտարկել մինչեւ 28 տարեկան երիտասարդների աշխատանքները:  Դրա շնորհիվ մի քանի տարի շարունակ կարողացանք ապահովել իսկապես արժանի թեկնածուներ: Գրականության մեջ այսօր երիտասարդ հանճարների ժամանակն անցել է. Մեծարենց, Դուրյան չենք կարող ունենալ:

Այս տարի հանձնաժողովում չէի, բայց տեղյակ եմ, որ ընդամենը մեկ հայտ էր ներկայացվել: Կարծում եմ, մարդիկ, ովքեր զբաղվում են այս մրցանակաբաշխության կանոնակարգի մշակմամբ, երիտասարդ բառին համահունչ կդիտարկեն մինչեւ 30 տարեկան անձանց աշխատանքները, որովհետեւ հենց այս շրջանում է սկսում դրսեւորվել երիտասարդ գրողի տաղանդի այն մասը, որն արժանի է նշանավորման:

Հայաստանի հանրակրթական դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»

Երբ ավարտում էի դպրոցը 1997 թվականին, դա մի համեստ արարողություն էր: Չգիտեմ, կամ փող չկար, կամ՝ տրամադրություն: Բայց մենք ուրախ ու երջանիկ էինք: Մեր համեստ «վերջին զանգերի», սոված քեֆերի, չեղած հագուստի պայմաններում ավելի գիտելիքահեն սերունդն էինք, քան այսօրվա «թիթիզ» տղաներն ու աղջիկները: Երբեմն այնպիսի տպավորություն է, թե այդ 10-12 տարիների ողջ իմաստը հագուստներ հագնելն ու «կապիկություններ» անելն է: Շատ քչերն են ընկալում դպրոցական կրթությունը որպես կուտակած գիտելիքը որեւէ այլ հաստատությունում ներդնելու գործընթաց:

Մայիսի 28-ը՝ Առաջին հանրապետության տոնը

Ամեն տարի այս օրն ինձ համար պատմությունը կրկին վերաարժեւորելու, այդ երկու տարվա ընթացքը կրկին անցնելու եւ ցավագին ապրումներ ունենալու օր է: Ամեն տարի ցավ եմ ապրում այն անշրջահայաց գործողությունների ու գարշելի հանգամանքների համար, որոնք ի վերջո հանգեցրեցին այդ հրաշալի ձեռքբերման կորստին:

Մի խոսքով, ավելի շատ ցավի, քան ուրախության ապրումներ եմ ունենում այս օրը:

Շվեյցարիայում ձերբակալել են ՖԻՖԱ-ի յոթ բարձրաստիճան պաշտոնյաների

Ֆուտբոլասերները սպասում էին, որ նման զարգացումներ կլինեն: ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերի անվան հետ մի շարք սկանդալային պատմություններ են կապված: Սպասված քայլ էր ու, ցավոք, կարող է մեծ ազդեցություն ունենալ աշխարհում ֆուտբոլի հեղինակության վրա:

Ցավում եմ, որ ֆուտբոլի պես ազատ, անկախ ու գեղեցիկ մարզաձեւը դառնում է քաղաքական շահարկումների առարկա: Մյուս կողմից, արդեն պահն է, որ Բլատերը, ժողովրդի լեզվով ասած, յան տա»:

Նոր հրատարակություն

Այս շաբաթ «Անտարես»-ում մի գիրք հրատարակվեց, որի մասին կուզեի խոսել: Գուրգեն Մահարու որդու` Գրիգոր Աճեմյանի, սփյուռքահայ գրականագետ Վարդան Մաթեւոսյանի եւ իմ աշխատանքի արդյունքում լույս է տեսել Մահարու երկերի լիակատար ժողովածուն: Սա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գրողի լիակատար ժողովածուն իրացնում է մասնավոր հրատարակություն, այլ ոչ թե պետպատվերի շրջանակում:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարը` Մարիամ Լորեցյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին