Անցնող շաբաթը Արսեն Կարապետյանի հետ - Mediamax.am

exclusive
1860 դիտում

Անցնող շաբաթը Արսեն Կարապետյանի հետ


Արսեն Կարապետյանը
Արսեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

Ռիգայում ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ հարաբերությունների նոր իրավական հիմք ձեւավորելու համար

Ես այն «ճամբարից» էի, որը դեմ էր Մաքսային Միությանը կամ Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցելուն, համենայն դեպս՝ նման ճանապարհով: Ռիգայի գագաթաժողովին քիչ եմ հետեւել, քանի որ թերահավատորեն եմ տրամադրված: Իհարկե, կարծում եմ, որ մենք պետք է լուրջ հարաբերություններ ունենանք Եվրոպայի հետ: Բայց տեսնում եմ, որ Հայաստանի իշխանություններին ինքնուրույն «խաղալու» տեղ չեն թողել:

Ինձ թվում է, Եվրոպան շատ մեծ մեղք ունի նրանում, ինչ կատարվեց Հայաստանի հետ: Նրանց կողմից որեւէ երաշխիք  չստացանք, որ լուրջ ու կտրուկ քայլերի դեպքում կաջակցեն մեզ` Հայաստանին: Մի կողմից կար հստակ ճնշում, մյուս կողմից` խոստումներ: Ու այդ դեպքում ընտրությունը կանխորոշված էր:

Կարծում եմ, միշտ պետք է ձգտել ավելի մեծ ու դժվարին խնդիրներ լուծել: Դեպի Եվրոպա գնալու դեպքում ավելի բարդ խնդիրներ պիտի լուծեինք, օրինակ` տարբեր շուկաներ դուրս գալու համար: Բայց այդ դեպքում չափանիշներ կունենային, որոնց պետք է համապատասխանենք: Այսօր նման չափանիշներ չունենք, պարզ չեն խաղի կանոնները: Անգամ եթե Եվրոպան մեզ հեշտությամբ չընդուներ, գոնե կունենայինք մի թիրախ, դեպի որը ձգտում ենք:

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը կարծում է, որ ԵՄ-ն կարող է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար:

Ինձ համար մարդու ազատ տեղաշարժի գաղափարն ամենակարեւորներից է: Չեմ կարծում, որ եթե վիզային ռեժիմը Հայաստանի համար հեշտացվի կամ վերացվի, բոլորը միանգամից «կփախնեն-կգնան»: Փախնողը ցանկացած պայմաններում էլ ճանապարհ կգտնի:

Եթե վերացվի վիզային ռեժիմը, կյանքը բավականին կհեշտանա: Մեզ էլ հաճախ պետք է լինում արտերկրում մասնակցել ցուցահանդեսների, սեմինարների ու ստիպված ենք անցնել այդ անիմաստ խնդիրների միջով: Ինչքան բաց լինենք աշխարհի հետ, այնքան ավելի լավ մեզ համար: Ծիծաղելի է, որ Թուրքիա գնալն այսօր ավելի հեշտ է, քան ցանկացած եվրոպական երկիր:

Մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորված կամ վնասվածք ստացած հայ զինծառայողներն արտերկրում բուժման հնարավորություն կստանան

Երկակի վերաբերմունք ունեմ: Մի կողմից, իհարկե, մեր զինծառայողների համար պետք է անել հնարավոր ամեն ինչ: Մյուս կողմից, կուզենայի, որ ունենայինք բոլոր հնարավորությունները`մեր երկրում անհրաժեշտ բուժօգնությունը կազմակերպելու համար: Եթե պետական մակարդակով որոշում է կայացվում, որ  զինծառայողները կարող են բուժում ստանալ արտասահմանում, նշականում է, որ վստահություն չկա սեփական համակարգի վերաբերյալ:

Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոնվենցիայի կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով

Մեր ժառանգությունը պահելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարիքը չունենք: Մենք ունենք հասարակության վերաբերմունքի կարիք, որն այսօր զրոյական աստիճանի վրա է: Բացի մի խումբ երիտասարդներից, բոլորն անտարբեր են, որեւէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում այդ ժառանգության հետ: «Ժառանգություն» ասելով՝ նկատի չունեմ միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են պետության պահպանման ցուցակում: Մայթերը, ցայտաղբյուրները, ծառերը` այդ ամենը մեր ժառանգությունն է: Եթե հասարակության կողմից չկա սրտացավ վերաբերմունք, ոչ մի ՅՈՒՆԵՍԿՕ մեզ չի օգնի:

Վերջերս Գերման Ավագյանի լուսանկարներում տեսանք, թե ինչպես են փչացրել ու գողացել Սեւանի ճանապարհին գտնվող կնոջ արձանը: Շատ հետաքրքիր էր մշակույթի նախարարության պատասխանը: Փոխանակ ասեին, որ շատ վատ բան է տեղի ունեցել ու չեն կարողացել հետեւել, նրանք ասացին, որ որեւէ պատասխանատվություն չեն կրում, քանի որ արձանը ներառված չէր հուշարձանների պահպանության ցուցակում:

Կարծում եմ, պետք է հասարակությանը երեխու նման դաստիարակել, մարդկանց ուղեղների հետ երկարատեւ աշխատանք տանել:

Դանիայի հարավում գտնվել է Հանս Քրիսթիան Անդերսենի երբեւէ չհրատարակված ձեռագիրը

Սա շատ լավ ու կարեւոր նորություն է: Կարծում եմ, մենք էլ գտնելու շատ կորած բաներ ունենք: Ի դեպ, շատ բաներ կան, որ կորած չեն, բայց «փակված» են արխիվներում, թանգարաններում: Եթե սկսենք ուսումնասիրել դրանք, շատ ու շատ կարեւոր գանձեր կբացահայտենք մեզ համար:

Արխիվը չպիտի լինի մի մեծ ճամպրուկ, որը փակում ու դնում են պատշգամբում: Այն կենդանի օրգանիզմ է, որ պիտի ուսումնասիրվի`շնչի ու ապրի: Վերջերս ընկերներիցս մեկն ինձ պատմեց, որ ունի Ալեքսանդր Թամանյանի անտիպ նամակագրությունը, որ երբեւէ որեւէ տեղ չի հրապարակվել: Պատկերացնում եք, եթե այն ուսումնասիրվի ու մեկնաբանվի, ինչ հետաքրքիր բաներ կբացահայտվեն:

Հայաստանը անցավ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլ

Ճիշտն ասաց` այս մրցույթին լուրջ չեմ վերաբերվում: Կարծում եմ, այդ մրցույթին պետք է ուղարկել պատահական մարդկանց, որոնց համար այն, գուցե, ինքնադրսեւորվելու միակ հնարավորությունը կլինի: Նրանց հաճելի կլինի, մենք էլ կուրախանանք:

Կարծում եմ, մենք հաճախ խառնում ենք ուրախությունն ու պաթոսը, չենք հասկանում, թե որտեղ ինչն է ավելի կարեւոր: Ընկերներիցս մեկը արտասահմանից եկել էր, ընկերներով ռեստորան էինք գնացել. բնականաբար, ուտում ու խմում էինք, որովհետեւ հենց դա են անում ռեստորանում: Հետո ասացին, որ ծրագիր կա, դերասանուհի ներս մտավ ու սկսեց Սեւակ ու Շիրազ ասմունքել: Մենք էլ գինովցած լինելով՝ ուշադիր չէինք լսում նրան: Դերասանուհին վրդովվեց, թե որքան հեռու է երիտասարդությունն արվեստից: Բայց հարցն այն է, որ ուտել ու խմելու համար նախատեսված վայրում պետք չէ բարձր արվեստ լսել:

Ֆինլանդիան ներկայացրած խմբի անդամները Դաունի սինդրոմ ունեն, ու ես հաղթանակը հենց նրանց կտայի եւ ոչ թե նրա համար, որ «մեղք» են: Մեզ մոտ նրանք հիվանդանոցում կամ տանը փակված կլինեին ու նրանց ոչ ոք չէր տեսնի: Իսկ այնտեղ այդ մարդիկ նորմալ կյանքով են ապրում: Արտասահմանում զարմանում էի, թե հաշմանդամություն ունեցող որքան մարդիկ կան: Հետո հասկացա, որ ոչ թե շատ են, այլ պարզապես տանից դուրս են գալիս:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարը` Մարիամ Լորեցյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին