Անցնող շաբաթը Ռուբեն Արեւշատյանի հետ - Mediamax.am

exclusive
2400 դիտում

Անցնող շաբաթը Ռուբեն Արեւշատյանի հետ


Ռուբեն Արեւշատյանը
Ռուբեն Արեւշատյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արեւշատյանը

ՀԷՑ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով

Բնականաբար, որպես սպառողի համար, գնաճը տհաճ երեւույթ է: Սակայն անիմաստ եմ համարում քննարկել այս հարցը, որովհետեւ կարծում եմ, որ այն արդեն վաղուց գտնվում է Հայաստանի հանրության քննարկման տիրույթից դուրս: Այդ հարցը պետք էր քննարկվել մինչեւ էներգետիկ համակարգի հանձնումը այլ պետության տնօրինությանը:

Ի դեպ, որպես սակագների բարձրացման հիմնական մոտիվացիա նշվում է սակավաջրության պատճառով առաջացած պարտքերը: Իսկ մոտ երեք շաբաթ առաջ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ջրառատության պատճառով մայիս ամսին անվճար ոռոգման ջուր կտրամադրվի: Եթե խոսքը գնում է նախորդ տարիների մասին, ապա վերջին մի քանի տարիների ընթացքում Սեւանի մակարդակը պարբերաբար իջեցվում էր։ Հիմա սակավաջրությու՞ն, թե՞ ջրառատություն է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների ընդունման դեպքում գործածությունից դուրս կգան աշխատանքային գրքույկները

Ռուս մշակութաբան, ճարտարապետության պատմաբան Վլադիմիր Պապերնին իր «Մշակույթ 2» գրքում ներկայացնում է սովետական ավանգարդ հեղափոխական մշակույթի անցումը դեպի ստալինյան մշակույթ եւ փաստագրորեն պատմում  հասարակության վրա վերահսկողության հաստատման մեխանիզմների ողջ տրամաբանական զարգացումը: 1928 թվականից, երբ կամաց-կամաց սկսեց թափ հավաքել ստալինյան վերահսկողական համակարգը, տեղի ունեցան իրադարձություններ, օրենսդրական փոփոխություններ, որոշակի փաստաթղթեր մտան շրջանառության մեջ, որոնք ֆիքսում էին քաղաքացուն իր գտնվելու վայրին: Այսպես 1935 թվականին գործարկվեցին աշխատանքային գրքույկները:

Գրքույկի մեջ ֆիքսվում էին աշխատավայրի փոփոխությունները` խրախուսումները, նկատողությունները, այլ աշխատանքի անցումները եւ հեռացումները: Եթե այդ ժամանակ աշխատանքից անհարգելի պատճառով մեկ օրվա բացակայությունը պատժվում էր աշխատանքից հեռացմամբ, ապա 1941 թվականից աշխատանքից ուշանալու համար արդեն դատ էր հասնում։ Վերահսկողությունից բացի գրքույկը նաեւ այլ ֆունկցիա ուներ` այն փաստաթղթի մակարդակով ամրագրում էր քաղաքացու աշխատանքային իրավունքները: Խոսքը գնում է սովետական մշակույթում արմատացած երկակի ստանդարտի մասին` ամեն ինչ արվում է քաղաքացու բարօրության  համար, սակայն իրականում տեղի է ունենում  համակարգի կողմից անձի խիստ վերահսկում:

Անդրադառնալով այսօր տեղի ունեցող փոփոխությանը` մի կողմից որոշում է կայացվում վերացնել հին մի երեւույթ եւ օգտվել նոր` տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցներով, վերահսկելու մարդկանց աշխատանքային գործունեությունը: Մյուս կողմից, համադրելով սա մեր իրականության հետ, տեսնում ենք, որ աշխատանքային գրքույկներ պահանջելու պրակտիկան այսօր մեծ առումով բացակայում է` գործատուները հաճախ խախտում են աշխատանքային պայմանները ի սկզբանե, մարդկանց աշխատանքի ընդունելու ժամանակ:

Ստալինյան ժամանակվանից ի վեր, աշխատանքային գրքույկները, ըստ էության, որեւէ փոփոխության չէին ենթարկվել: Աշխատանքային գրքույկն անցել է սովետական, անկախացած Հայաստանի պատմության ներքո, ինչը ենթադրում է մարդկանց տարբեր ժամանակաշրջաններում աշխատանքային ստաժի հաշվառումներ։ Եվ այսօր, ինչպես միշտ, «ի նպաստ մարդու» արվող համակարգային բարեփոխումն, ամենայն հավանականությամբ, պարզապես ջնջելու է նրանց տարբեր ժամանակներում ունեցած աշխատանքային անցյալը, ինչը շատ բնորոշ  է համակարգային փոփոխությունների ժամանակ տեղի ունեցող «խմբագրումներին»։ Սա իմ զուտ մշակութաբանական տեսակետն է:

Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին

Սա իրապես շատ կարեւոր հաղթանակ էր մեզ համար: Այս «Ոսկե առյուծ» մրցանակը նույն «առյուծների» շարքում է, որ հանձնվում են ճարտարապետության, թատերական բիենալեների, Վենետիկի հայտնի կինոփառատոնի շրջանակներում: Այս մրցանակը համարժեք է «Օսկար»-ին կամ «Ոսկե Արմավենուն»: Փորձենք հիշել, Հայաստանը ե՞րբ էր նման մրցանակի արժանացել:

Հիմա ունենք հայկական տաղավար, որ արժանացել է նման ծանրակշիռ ու կարեւոր մրցանակի: Պարզապես անհրաժեշտ է, որ մեր հասարակությունը կարողանա ընկալել այս մրցանակի կարեւորությունը:

Մեր հասարակությունը, ինչպես նաեւ սփյուռքի համայնքները, ժամանակակից արվեստը հիմնականում ընկալում են որպես անհասկանալի ոլորտ՝ ունենալով ծայրաստիճան սկեպտիկ ու կասկածամիտ մոտեցում: Բայց այնպես ստացվեց, որ հենց այդ ոլորտը մրցանակ ստացավ:

Այս հաղթանակը սպասելի էր: Այս հաղթանակը ողջ աշխարհի ուշադրությունը գրավեց Հայաստանի վրա, որը ժամանակակից արվեստի դաշտում իր համեստ տեղն ուներ: Իսկ հիմա այդ տեղը դարձավ շատ ավելի տեսանելի: Եվ քանի որ ժամանակակից արվեստն այսօրվա համաշխարհային հասարակական-մշակութային, քաղաքական, տնտեսական  գործընթացներում ակտիվ դերակատարություն ունեցող կարեւոր ոլորտներից է, այդ տեսանելիությունը շատ ու շատ ավելի բազմակողմանի յուրահատկություններ է պարունակում իր մեջ։

Տաղավարի համադրողի կողմից առաջարկված էր խորը, բազմաշերտ կոնցեպտ, հրավիրված էին տարբեր սերնդի, տարբեր քաղաքական հայացքների եւ մշակութային պատկերացումների արվեստագետներ սփյուռքից: Բայց սփյուռքում ապրող ու ստեղծագործող այդ արվեստագետների զգալի մասը ուղղակիորեն կապված է Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի եւ իրավիճակի հետ:

Ցավալի փաստն այն է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտում գործող արտիստների նոր աշխատանքներն ավելի հաճախ ցուցադրվում են Հայաստանից դուրս, տեսական եւ քննադատական հետազոտությունները արվում են Հայաստանից դուրս գտնվող մշակութային, գիտական, կրթական հաստատությունների շրջանակներում։ 

Ժամանակակից արվեստի ներուժը, որի մասին մեր դաշտում բազմիցս խոսվել եւ խոսվում է, այս տարվա Վենետիկի բիենալեում լիարժեք բացահայտեց իր հնարավորությունները։ Հուսով եմ, որ Հայաստանը, որ կարողացավ գիտակցել այս տարվա ազգային տաղավարի, ինչպես նաեւ վերջին տարիների արվեստի եւ ճարտարապետության բիենալեներում հայկական տաղավարների կազմակերպման կարեւորությունը, ցուցաբերելով պետական մոտեցում, կկարողանա արժեւորել ժամանակակից արվեստի ներքին ինստիտուցիոնալ դաշտի զարգացման խթանման անհրաժեշտությունը եւ հրատապությունը։

Սոչիում հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Դա իսկապես վերջին շրջանի առանցքային հանդիպումներից էր: Մի կողմից, այս հանդիպումը շատ հուսադրող է, մյուս կողմից` վերին աստիճանի ցավալի: Արդեն երկու տարի է, ինչ տեսնում ենք, որ աշխարհը կրկին հայտնվել է երկու խիստ բեւեռացված քաղաքական համակարգերի միջեւ:

Ցավալին այն է, որ իրականում որեւէ գաղափարական, սկզբունքային հակամարտություն չկա, բայց կիրառվում է սառը պատերազմի մոդելը: Սառը պատերազմից մնացած իներցիոն պատկերացման քողի ներքո իրականում տեղի է ունենում նոր աշխարհաքաղաքական բաժանում՝ աշխարհագրական, տնտեսական տիրույթների վրա գերակայություն հաստատելու համար: Ու այս հակամարտության շնորհիվ մենք տեսանք, թե ինչպիսի ողբերգական զարգացումներ տեղի ունեցան: Ամենացավալին` հանրային գիտակցության մեջ տեղի ունեցավ քաղաքական բեւեռացման ուղղակի պրոեկտումը, հասարակությունը երկու թեւի բաժանեց՝ արթնացնելով, գեներացնելով հանրային գիտակցության մեջ ստալինիզմից մնացած «դիվային» կոնստրուկտներ, երբ նորից ի հայտ եկան «ազգի դավաճան», «արեւմուտքի գործակալ» եւ այլ եզրույթները։ Այդ գիծը անցավ երկրների, ժողովուրդների, հասարակությունների, ընտանիքների, ընկերների միջեւ։ Ուկրաինայի դեպքերի մեկնարկից հետո Ֆեյսբուքում բարեկամները, ընկերները, հարազատները հրաժարվում էին միմյանցից:

Եվ այդ ամենից հետո, երբ անց կացվեց այդ բաժնարար գիծը հասարակություններում, սերմանվեց ատելություն, անհանդուրժողականություն, վրեժխնդրություն, երբ թափվեց տասնյակ հազարավոր մարդկանց արյուն եւ 21-րդ դարի աշխարհը հանկարծ հայտնվեց 19-րդ դարի ազգայնական պատերազմների տրամաբանության մեջ՝ այդ երկու «իրարամերժ» բեւեռները հանդիպում են Սոչիում ու սկսում են եզրեր գտնել, եւ վստահ եմ` կգտնեն: Իսկ մենք դեռ երկար պետք է առնչվենք ստեղծված իրավիճակի հետ, ապրենք նոր ցնցումներ, որից հետո նոր  հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ:

Երեւանում անցկացվեց Բոլոնիայի գործընթացի մասնակից երկրների կրթության նախարարների ֆորումը

Իհարկե, սա շատ կարեւոր իրադարձություն է, մասնավորապես նրանից հետո, երբ Հայաստանը, կարծես, մեկուսացել էր եվրաինտեգրման գործընթացից:

Հույս ունեմ, որ բոլոնյան սիստեմը, որ նոր կրթական մեթոդներ է հետապնդում, իսկապես կգործի: Բոլոնյան գործընթացը վաղուց ներդրվել է Հայաստանի կրթական համակարգում, սակայն այսօր անցնելով մայր ԲՈՒՀ-ի կողքով, կրկին նկատեցի համալսարանի տարածքում փակցված գովազդային թռուցիկներ, որոնք տեղեկացնում են ռեֆերատների, թեզերի, ատենախոսությունների պատրաստման ծառայությունների մատուցման մասին: Այդ պատկերը ոչ միայն լավ արտացոլում է մեր կրթական համակարգի ներկայիս իրավիճակը, այլեւ զրոյացնում է կրթությունը որպես հասկացություն:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին