Անցնող շաբաթը Նուռի հետ - Mediamax.am

exclusive
2087 դիտում

Անցնող շաբաթը Նուռի հետ


Նուռը
Նուռը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է ոսկերիչ-դիզայներ, քանդակագործ Նուռը:

Արցախում կայացան խորհրդարանի ընտրությունները

Ընտրություններ պիտի լինեն ցանկացած միջավայրում, ցանկացած անձ պետք է ընտրության հնարավորություն ունենա: Անգամ ընտանիքում պետք է ժամանակ առ ժամանակ ընտրություններ տեղի ունենան, որպեսզի հաստատվեն ընտանիքի անդամների պարտականությունները եւ այլն:

Հենց այս նույն ազատ ընտրության հնարավորությունն եմ գնահատում Արցախում, ավելին, քան որեւէ քաղաքական դիրքորոշման համար արված ընտրությունը:

Շատ անգամ եղել եմ Արցախում ու կարծում եմ, որ հիմա այնտեղ ապրող ժողովուրդն իրեն ավելի վստահ է զգում, քանի-որ ընտրելու հնարավորություն ունի, դարձել է անկախ մի սոցիում, որ ապրելու հստակ օրենքներ ունի:

Կուզենայի որ նրանցից շատ բան սովորեինք, օրինակ` առանձնահատուկ վերաբերմունք հարազատ հողի, բնության նկատմամբ: Երբ Արցախի տարածքում մեքենայովս շրջում էի, աղբ, կուտակված կեղտ որեւէ տեղ չտեսա: Այդ մաքրության պատճառն այն է, որ պարզապես չեն էլ կեղտոտում: Իսկ Հայաստանի իրականությունը, ցավոք, այսօր այդպիսին չէ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ կառավարությունը պատրաստ է պատշաճ ձեւով ընդունել Հալեպից Հայաստան տեղափոխվող հայ երեխաներին

Մի քիչ գլոբալ եմ ուզում մոտենալ հարցին: Մեր ազգային առանձնահատկություններից մեկն այն է, որ տարանջատում ենք մեր տեսակները` սիրիահայ, ամերիկահայ, ֆրանսահայ, ղարաբաղցի, ստեփանավանցի: Նույնիսկ քաղաքում մարդկանց առանձնացնում ենք կոմիտասցիների, երրորդ մասցիների, բանգլադեշցիների եւ այլն:

Մեր ազգի քանակության եւ հողի սակավության դեպքում պարզապես անթույլատրելի է նման տարանջատումներ անել: Այլեւս պետք չէ առանձնացնել հայերին, այս մտածելակերպը պետք է հանել մարդկանց մտքից: Մանկապարտեզներում, դպրոցներում նոր սերունդներին պետք է սովորեցնել, որ անկախ ծննդյան, կամ բնակության վայրից, մենք բոլորս հայ ենք ու պիտի դիտարկենք ինքներս մեզ որպես մի ազգ:

Յուրաքանչյուրս մեկ ընտանիքի նման պիտի օգնենք ցանկացած վայրից Երեւան եկած հայերին, չէ որ նրանք էլ «մերոնք էն»: Պետք է ամեն  կերպ աջակցենք նրանց: Շատ եմ ցավում, որ Սիրիայում պատերազմ եղավ ու մարդիկ ստիպված էին թողնել ամեն ինչ ու հեռանալ: Նույնիսկ թշնամուն նման դաժան իրականություն չեմ ցանկանա: Պիտի բոլորս էլ օգնենք նրանց, խոնարհվենք նրանց առջեւ, որովհետեւ նրանք հայ են ու տուն են վերադարձել: Նրանք հյուրեր չեն ու հավասար իրավունքներ պիտի ունենան:

100 LIVES («100 Կյանք») նախագիծը գումար է փոխանցել Նեպալի երկրաշարժից տուժած երեխաներին օգնելու նպատակով

Երբ մեզ մոտ տեղի ունեցավ երկրաշարժը, ամբողջ աշխարհը մեզ օգնության ձեռք մեկնեց: Հիմա մենք պարտավոր ենք օգնել նման իրավիճակում հայտնված մարդկանց:

 Շատ լավ հասկանում եմ, որ մենք էլ շատ խնդիրներ ունենք ու Գյումրիում դեռ «դոմիկներում» ապրող մարդիկ կան, բայց այսօր նրանց վիճակն այնքան ծանր չէ, որքան Նեպալի ժողովրդինը: Այս տեսանկյունից հարցին նայելով, ուրախ եմ, որ մեր երկիրն  այնքան կայացած է, որ կարողանում է օգնել ուրիշներին:

Մայիսի 9-ի մասին

Գուցե տարօրինակ հնչի, բայց մայիսի 9-նն ու նոյեմբերի 7-ը` Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության օրը, առանձնահատուկ ամսաթվեր են ինձ համար: Նախ` մայիսի 9-ը միշտ տոն է եղել ինձ համար, դպրոցից գնում էինք շքերթը դիտելու: Նույնն էլ նոյեմբերի 7-ին էր, հրավառություններ էին լինում:

Բայց մի օր ինձ համար ամեն ինչ փոխվեց: Մայիսի 9-ին ծանոթացա ապագա կնոջս հետ, հետեւաբար, ամեն տարի նշում ենք մեր հանդիպման առաջին օրը, իսկ նոյեմբերի 7-ը կնոջս ծննդյան օրն է: Բացի այդ, մեր նշանադրության արարողությունն էլ այդ օրը եղավ:

Օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ, որ ֆաշիզմը մեր իրականության ամենադաժան երեւույթներից է, հետեւաբար ֆաշիզմը վերացնելու օրը, կարծում եմ, ամբողջ մարդկության համար կարեւոր օր է: Միայն կուզեի, որ մի օր նշեինք նաեւ Օսմանյան կայսրության վերացման օրը:

Մեծ Բրիտանիայի Արքայազն Ուիլյամը եւ Քեյթը երկրորդ անգամ ծնողներ են դարձել՝ ծնվել է թագաժառանգ արքայադուստրը

Արքայազն Չարլզին չեմ սիրում, ոչ թե այն պատճառով, որ ապրիլի 24-ին Թուրքիա մեկնեց, այլ պարզապես երբեք էլ նրան չեմ համակրել: Միշտ ասել եմ` ափսոս, որ արքայադուստր Դիանան իր կինն է եղել, տեսնես ի՞նչ էր գտել նրա մեջ: Նրա երեխաները, հետեւաբար նաեւ թոռներն, ինձ համար կիսով չափ «Չարլզ» են, կիսով չափ «Դիանա»:

Անգլիան, ընդհանրապես, ամենապահպանողական երկրներից է, որտեղ բոլորը պահպանում են իրենց ավանդույթները, որովհետեւ շատ են սիրում դրանք:

Ինքն իրենով սա շատ գեղեցիկ արտահայտություն է` արքայադուստր ծնվեց: Անգլիացիների համար սա տոն է, որովհետեւ արքայական ընտանիքը նրանց համար ազգային պատկանելիության նման մի երեւույթ է:

Ինձ ուրախացնում է այն փաստը, որ աշխարհում դեռեւս միապետություններ կան: Կարծում եմ, շատ ճիշտ կլիներ, եթե մեզ մոտ էլ միապետություն լիներ: Մեզ մոտ ընտանիքի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք կա, բոլորս մտածում ենք` ինչ անենք, որ մեր երեխաները լավ ապագա ունենան: Երբեմն այդ վերաբերմունքը նույնիսկ հիվանդագին է դառնում: Եթե թագավոր ունենայինք, ապա նա կմտածեր, որ պետք է իր երեխային լավ երկիր թողնի ու այդ կերպ մենք կզարգանայինք: Իհարկե, այն, ինչի մասին հիմա խոսում եմ, ֆանտաստիկայի ժանրից է,  բայց մեր մտածելակերպի համար միապետությունն ամենաճիշտ լուծումը կլիներ:

Անձնական բնույթի նորություն

Այս մասին առաջին անգամ եմ խոսում ու չեմ ուզում չակերտները մինչեւ վերջ բացել, միայն կասեմ, որ երկու օր առաջ մի նոր նախաձեռնության հիմքը դրվեց, որի շնորհիվ հուլիսի կեսերին քաղաքում իմ անվան հետ կապված մի շատ հետաքրքիր նոր վայր կլինի:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարը` Մարիամ Լորեցյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին