Անցնող շաբաթը Արա Ասլանյանի հետ - Mediamax.am

exclusive
2632 դիտում

Անցնող շաբաթը Արա Ասլանյանի հետ


Արա Ասլանյանը
Արա Ասլանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է նոր` «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է դիզայներ Արա Ասլանյանը

Հրանուշ Հակոբյանը կոչ է արել սփյուռքահայերին 1000 դոլարի հաշիվ բացել հայաստանյան բանկերում

Այս ամբողջ շաբաթ Ֆեյսբուքի «նյուզֆիդում» Հրանուշ Հակոբյանի «բոցն էր»: Շատ չեմ խորացել, թե ինչ է ասել ու ոնց, բայց բոլորը նրա ասածն էին քննարկում: Բանն այն է, որ ցանկացած պաշտոնյայի նույնիսկ անձնական կարծիքը մարդկանց կողմից ընկալվում է որպես պաշտոնական հայտարարություն: Բայց դա բնական է ու շատ լավ, որ դիտարկվում է որպես «պեչատը դրած» խոսք:

Ուղղակի մեր բախտը այնքանով չի բերել, որ մեր քաղաքական գործիչները հումորով չեն: Որոշ չափով հումոր, կարծում եմ, փորձում է անել Արմեն Աշոտյանը:

Կապ չունի առիթն ինչն է ու «քլնգոցիի» ինչ աստիճան է, կարեւորն այն է, որ մեր իրականության մեջ ինչ-որ նորություններ են լինում, որոնք քննարկվում ու արդյունքում հանրային արժեք են ստեղծում:

Երեւանում տեղի ունեցավ System of a Down-ի համերգը

Շատ կայֆ էր: Չեմ կարող չխոսել նաեւ Քանյե Ուեսթի երեւանյան ելույթի մասին: Վերջին մեկ ամսվա ընթացքում երկու հրաշալի բան կատարվեց մեր քաղաքում: Լիքը մարդ հավաքվեց մի գաղափարի շուրջ:

«Կարապի լճում չի կարող տեղի ունենալ ռեփ երգչի համերգ»` նման ակնհայտ կարծրատիպ, կարծես, չկար, բայց վստահ եմ, որ իրականում կար: Կամաց-կամաց կարծրատիպերը ջարդելով առաջ ենք գնում ու System of a Down-ը վերջնականապես եկավ ջարդելու մնացածը: Հանրապետության հրապարակում հավաքվում է մոտ 50 հազ. մարդ, «թույն սաունդ» է լսում, ու ամենապաշտոնական կետում նրանք անգլերենով սկսում են պարզապես «քֆրտել»: Ես չեմ ասում, որ վատ բառեր ասելը լավ է, բայց հաստատ լավ է ինչ-որ «ախմախ» կարծրատիպեր չունենալը:

Եթե Թանգյանն այդ ֆորմատի երգիչ է ու այդքան մարդ գնում է նրան լսելու, ուրեմն պետք չէ մակերեսային բաների հետեւից ընկնել: Այս համերգը կարծրատիպեր ջարդելու ու մարդկանց միավորելու մի մեծ ակտ էր: Ու դա շատ լավ է:

Վերջերս սկսել եմ ֆոտոպատմություններ նկարել: Մինչ բոլորը Սերժ Թանգյանին էին լուսանկարում, ես նկարում էի մարդկանց «տժժալն» ու այնքան էի ուրախանում: Չէի պատկերացնում, որ մեր քաղաքում այսքան հավես մարդիկ կան, ու բոլորը հիմա դա են ասում: Մենք ունենք շատ լավ երիտասարդություն:

«Թումո» կենտրոնում կայացավ HIVE Engineering Leadership Summit-ը

Նախ` շատ եմ սիրում «Թումո»-ն ու շատ եմ ուրախանում նրա ցանկացած ձեռքբերումով: Հրաշալի է, որ Երեւանում նման միջոցառումներ են կազմակերպվում:

Համեմատական տանեմ դիզայներների հետ` մինչ օրս մենք չունենք դիզայներների «համայնք»: Ինչո՞ւ չկա, որովհետեւ քիչ ենք, բոլորս իրար գիտենք, ամբիցիաները բարձր են, բոլորը բոլորին «քլնգում են», իսկ նոր սերունդը չունի ոլորտի հերոսներ, գուցե նրանից է, որ չկա մեկը, որը բոլորի համար «թույն» կերպար կլինի: Իսկ սամիթի շրջանակում հավաքվել էին մարդիկ, որ գլոբալ առումով հեղինակություններ են ու տվյալ ոլորտի դեմքերը: Այսինքն` միջոցառման գաղափարն ու նպատակը կրկին նույնն է` միավորել մարդկանց, այս անգամ` այլ ոլորտում:

Հենց նման միջոցառումներն են հաստատում ոլորտն ու օգնում մարդկանց արտահայտել սեփական տեսլականները` չվախենալ դրանց մասին խոսել, նույնիսկ սխալվելու դեպքում շարունակել պահպանել սեփական գաղափարը:

Microsoft-ը ներկայացրել է how-old.net ծրագիրը, որը թույլ է տալիս լուսանկարով պարզել անձնավորության տարիքը

Կարծում եմ` սա Microsoft-ի նման հսկա ընկերության տեստային ծրագրերից մեկն է: Այսօր արդեն հնարավոր է մարդու դեմքով նրա մասին տեղեկություն ստանալ: Հիմա թվում է, թե սա մի պարզ, գուցե նաեւ զվարճալի ծրագիր է, բայց եթե այն կարողանա 96 տոկոս հավանականությամբ ճիշտ պարզել մարդկանց տարիքը, ապա հետագայում այն ավելի մեծ ծրագրի կվերածվի ու կսկսի օգնել մարդկանց տարբեր ոլորտներում:

Անձնական բնույթի նորություն

Նոր նախագծի վրա եմ աշխատում: Նպատակն այն է, որ ցանկացած մարդ, առանց համապատասխան հմտություններ ունենալու, հեշտությամբ կարողանա ստեղծել սեփական կայքը: Սա կարող է նոր հարթակ լինել, որտեղ կարելի է օրինակ` ֆոտոպատմություններ տեղադրել, որոնք վիզուալ առումով շատ գեղեցիկ կնայվեն: Հիմա ուզում եմ այս գաղափարով վարակել մարդկանց: Հինգ րոպեում ցանկացած մեկը կարող է բլոգ բացել ու գեղեցիկ ֆոտոպատմություններ ներկայացնել կամ այլ փորձարկումներ անել: Մի խոսքով, գաղափարն այն է, որ մարդիկ կարող են խուսափել ինֆորմացիայի փոխանցման ավանդական մեթոդից:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարը` Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին